Անգլիական «Ինդիփենդենթ» թերթի Միջին Արեւելքի ճանաչված թղթակից Ռոբերտ Ֆիսքը հոկտեմբերի 2-ին Նյու Յորքի «Ջադսըն մեմորյըլ» եկեղեցու դահլիճում ներկայացնելով իր նոր գիրքը` «Մարտիկների դարաշրջանը» (The Age of the Warrior), խոսել է մարդու իրավունքների եւ համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներով:
Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, գիրքը պարունակում է 1998-2008 թվականներին «Ինդիփենդենթում» լույս տեսած իր հոդվածները, որոնք նա բաժանել է 12 թեմատիկ մասերի` պատերազմը Լիբանանում, Իրաքում, Հոլոքոսթը, Հայոց ցեղասպանությունը, պաղեստինցիների էթնիկական զտումը եւ այլն:
Անդրադառնալով 20-րդ դարի պատերազմներին, նա «արդարացված» է համարել միայն 2-րդ համաշխարհայինը, քանի որ անհրաժեշտ էր կռվել նացիզմի դեմ: «Մյուս բոլոր պատերազմները, ներառյալ Վիետնամում եւ Իրաքում մղվածները, արդարացված չեն», ասել է նա:
Պատասխանելով շնորհանդեսը համակարգողի հարցին, թե արդյոք առաջիկա ամերիկյան ընտրություններում Օբամայի կամ Մակքեյնի հաղթանակը որեւէ տարբերություն կառաջացնի՞ Միջին Արեւելքի կացության մեջ, Ֆիսքն ասել է, որ արաբների համար երբեք էլ նշանակություն չի ունեցել` հանրապետակա՞ն է ԱՄՆ-ի նախագահը, թե՞ դեմոկրատ: «Անշուշտ նրանք Օբամային կնախընտրեին, որովհետեւ իրենց պես աղքատ է եղել», ավելացրել է նա:
Ֆիսքը խիստ քննադատության է ենթարկել Միջին Արեւելքի իրադարձությունների լուսաբանումը ամերիկյան մամուլում, նշելով, որ հակառակ համալսարաններում Միջին Արեւելքի ուսումնասիրությունների վրա ծախսված խոշոր գումարներին, այդ գիտելիքների արտացոլումը նա չի տեսնում ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Նա խոր ցավով բարձրաձայնել է, որ իրաքցիներին կամ իրանցիներին որպես ազգի, որպես ժողովրդի «չենք ընդունում»: «Մեզ համար միեւնույն է, ո՞ղջ են նրանք, թե՞ մեռած», ասել է նա:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին խոսելով նա պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հ. 242 որոշումը, որը նախատեսում է տարածաշրջանին խաղաղություն` գրավյալ հողերից Իսրայելի զորքերի դուրս գալուց հետո: «Չպետք է տներ կառուցել օտար հողերի վրա», նշել է նա, ակնարկելով պաղեստինյան գրավյալ տարածքների վրա իսրայելական բնակավայրերի կառուցման մասին:
Ֆիսքի նոր գրքի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք «www.nationbooks.org» կայքը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ