Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ԼՂՀ-ում զորավարժություններին ներկա գտնվելուց հետո պատասխանելով Հ1-ի հարցին, թե «Բավականին նկատելի է դառնում ղարաբաղյան հարցում տարածաշրջանային այլ դերակատարների ակտիվությունը, մասնավորապես, Թուրքիայի նախագահ Ա. Գյուլի հայտարարությունը, որ, կարծես թե, Դուք եք առաջինն իրեն խնդրել աջակցել կարգավորման գործընթացին: Ինչպե՞ս կմեկնաբանեք», ասել է. «Կրկնում եմ` միակ միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, Հայաստանը երբեք որեւէ երկրի չի դիմել միջնորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով: Ինչ վերաբերում է նախագահ Գյուլի հայտարարության մեկնաբանմանը, ապա նախՙ պիտի ասեմ, որ, երեւի նկատել եք, ես բնավորություն չունեմ այլ գործիչների ասածները մեկնաբանել, հատկապես որ, մեր մամուլում տպագրվում են կոնտեքստից կտրված հատվածներ:
Իրականությունը հետեւյալն է` միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որեւէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում: Այո, համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, եւ հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երեւան, հայ-թուրքական բանակցությունների շարունակությունը, շատ լավ օրինակ է դժվար խնդիրներ լուծելու: Ես վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորմանը»: