«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2008-10-24 | #197, 2008-10-25 | #198, 2008-10-28


ԱՄՆ-Ի ՀԵՏ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ԻՐԱՔԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է «ՔՐԴԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ» ՄԻԱՅՆ

Դրա հիմքում պայմանագրի առնչությունն է Իրաքի մասնատման ամերիկյան ծրագրերին

  «Ազգը» հոկտեմբերի 24-ի համարում «Իրաքը ձգձգում է անվտանգության պայմանագրի ստորագրումը» վերնագրով հոդվածում նշել էր, որ ձգձգման հանգամանքը խիստ մտահոգել է Վաշինգտոնին: Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ դեկտեմբերի 31-ին լրանում է Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը, իսկ անվտանգության պայմանագիրը նախատեսում է ժամկետի մինչեւ 2011-ի դեկտեմբերի 31-ի երկարաձգումը, դրանով ԱՄՆ-ը ձեռք է բերում երկրում ռազմաբազաներ տեղաբաշխելու, ինչպես նաեւ երկրի տարածքը հարձակման նպատակով օգտագործելու հնարավորություններ:

Այլ կերպ, իրաքա-ամերիկյան անվտանգության պայմանագրի ստորագրման դեպքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Իրաքում, անկախ զորքերի տեղակայման ժամկետից, դառնում է հարատեւ, որտեղից նա ռազմաբազաների միջոցով ներխուժման սպառնալիքի տակ է պահում «չարիքի առանցքում» ընդգրկված Իրանին եւ Սիրիային, ինչպես նաեւ կարգի է հրավիրում այն պետություններին, որոնք հրաժարվում են ինքնակամ ծառայել Վաշինգտոնիՙ Իսրայելի շահերից բխող քաղաքական ծրագրերին, հակառակ հորդորների զարգացնում են Իրանի եւ Սիրիայի հետ հարաբերությունները, ինչպես, ասենք, Թուրքիան, կամ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ համառ դիմադրություն են ցույց տալիս տարածաշրջանում ի հակակշիռ շիա Իրանի, սուննիների դաշինք ձեւավորելու ամերիկյան պահանջներին:

Ժողովուրդն իզուր չի ասելՙ վատ օրինակը վարակիչ է: Հատկանշական է, որ այդ օրինակով վարակվում է նաեւ ԱՄՆ-ի թերեւս ամենաավանդական դաշնակիցներից Պակիստանը: Ի դեպ, Իրաքի մասնատմանը դեմ են ԱՄՆ-ի ինչպես հակառակորդներ Իրանն ու Սիրիան, այնպես էլ դաշնակիցներ Պակիստանը, Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան: Երկրի մասնատմանը դեմ է նաեւ Իրաքի կառավարությունը, շիա թե սուննի արաբ բնակչությունը: Ի դեպ, երբ վերջիններս մերժում են անվտանգության պայմանագիրը, ապա կառավարությունն ամեն կերպ ձգձգում է դրա ստորագրումը:

Մինչդեռ նոյեմբերի 4-ինՙ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն են: Եթե պայմանագիրը չստորագրվի եւ չհաստատվի Իրաքի խորհրդարանում մինչեւ դեկտեմբերի 31-ը, ապա ամերիկյան զորքերի ներկայությունն իրավական առումով վիճարկելի կդառնա Իրաքում: Որքան էլ դա չհանգեցնի երկրի տարածքից նրանց անհապաղ դուրսբերմանը, այնուամենայնիվ, պաշտոնական Բաղդադի օրակարգում կամրագրվի ամերիկյան զորքերի դուրսբերման հարցը, ինչը թափ կհաղորդի համապատասխան պահանջներին եւ կխթանի հակաամերիկյան դիմադրությունը:

Հաշվի առնելով, որ անվտանգության պայմանագրին հակադրվում են նաեւ տարածաշրջանում Իրաքի մասնատման ծրագրերը մերժող պետությունները, ապա ակնհայտ կդառնա պայմանագրի առնչությունն ամերիկյան ծրագրերին, ներառյալ իրականացումն անմիջականորեն երկրի մասնատմամբ պայմանավորված քրդական ծրագիրը:

Թերեւս այդ առումով պատահական չէ Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի անգլիական «Թայմս» թերթին տված հարցազրույցը: Նա ասել է, որ իրատեսական չէ Իրաքից մինչեւ 2011-ի դեկտեմբերի 31-ն ամերիկյան զորքերի պայմանագրով նախատեսված դուրսբերումը: Ըստ նրա, այս զորքերը գոնե մինչեւ 2020-ը կմնան երկրում: Նշելով այդ մասին, Նյու Յորքի «turkishny.com» կայքէջն ընդգծում է, որ Բաղդադի շիա եւ սուննի խմբավորումները փոփոխություն են պահանջում պայմանագրի նախագծում: Իսկ դրա նույնությամբ ստորագրումը պաշտպանում է Իրաքի խորհրդարանի «Քրդական դաշինք» խմբակցությունը միայն:

Բարզանին խիստ քննադատել է պայմանագրի տեքստում փոփոխություն պահանջող խմբավորումներին, թե վերջիններս երկիրը սոսկ կարգախոսներով կառավարելու դրսեւորումներ են ցուցաբերում եւ հերոսանալու հակումներՙ ԱՄՆ-ից անկախ գործելու պատրանքով: Բայց եւ այնպես նա ավելացրել է. «Չեմ կարծում, որ անվտանգության պայմանագիրը կստորագրվի մինչեւ տարեվերջ, նախքան Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը լրանալը: Ոմանք, խափանելու համար պայմանագրի ստորագրումը, էլ ավելի խճճում են ստորագրման գործընթացը: Թեեւ պայմանագիրը չի արդարացնում մեր բոլոր սպասումները, սակայն դրա ստորագրումը պատիվ կբերի Իրաքին»:

Նեչիրվան Բարզանին չի պարզաբանում, թե ինչ պատվի մասին է խոսքը: Եթե խնդրո առարկան Իրաքի ցամաքային, օդային եւ ջրային տարածքները հարձակման նպատակով ԱՄՆ-ին տրամադրելն ու ամերիկյան ռազմական ներկայությունը երկրում հարատեւ դարձնելն է, ապա պայմանագրով Իրաքը կվերածվի ամերիկյան ժանդարմի, որպես սպառնալիքի աղբյուր առաջ կբերի հարեւան երկրների բուռն հակազդեցությունը, դա կհանգեցնի նրա մեկուսացմանը տարածաշրջանային երկրներից եւ լարվածությունն այլեւս չի սահմանափակվի Իրաքով, այլ կդառնա մշտական գործոն ողջ տարածաշրջանում:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4