«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#196, 2008-10-24 | #197, 2008-10-25 | #198, 2008-10-28


ՎԵՐԱԴԱՐՁԻ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԵԼԻ ԸՆԴԳՐԿՈՒՆ ԿԼԻՆԻ

«Յուրաքանչյուր փառատոն կայանում է ի նպաստ համաշխարհային հիմնախնդիրների լուծման: «Վերադարձի» երկրորդ փառատոնն էլ, անշուշտ, նույն ուղղությունն ունի, չնայած իր մի առանձնահատկությանըՙ երաժիշտները համերգներով հանդես են գալիս ու վերադառնում իրենց բնակության երկրները եւ միասին աշխատելու ժամանակ չի լինում», այսկերպ Կոլումբիայի Կարթագենա միջազգային երաժշտական փառատոնի գեղղեկ, դաշնակահար Սթիվեն Պրուտսմանը մեկնաբանեց իր մասնակցությունը հայաստանյան նշյալ փառատոնին: Նա մինչեւ երեկ Հայաստանի մասին տեղյակ էր Մ. Նահանգներում բնակվող հայ երաժիշտներից, իսկ արդեն երեկ փաստեց. «Շվարած էի Էջմիածնի եւ հայկական հոգեւոր երաժշտության գեղեցկությունից: Արդեն ձայնագրել ու ինտերնետով ուղարկել եմ տիկնոջս»:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) հետ փորձից էլ տպավորված է երաժիշտը եւ արդեն իսկ վստահություն ունի, որ համերգը ե՛ւ երաժիշտների, ե՛ւ հանդիսատեսի համար շարքային չի լինելու: Վերադարձի դասական երաժշտության երկրորդ փառատոնի եզրափակիչ համերգը, որ այսօր է, ներառում է Շուբերտի «Վարդեր հարավից» վալսըՙ Առնոլդ Շյոնբերգի մշակմամբ եւ վերջինիս «Փոխակերպված գիշեր» գործերը, որոնք համերգի առաջին մասում ՀՊԿՆ-ի հետ կներկայացնի Էլլա Մելիք-Հուսյանը (դաշնամուր): Համերգի երկրորդ մասում հանդես կգան Սթիվեն Պրուտսմանն (դաշնամուր) ու Սուրեն Բագրատունին (թավջութակ)ՙ համապատասխանաբար կատարելով Մոցարտի դաշնամուրային եւ Լուիջի Բոկերինիի թավջութակի կոնցերտներից:

Ներկայացվածը «Վերադարձի» դասական երաժշտության երկրորդ փառատոնի եզրափակիչ համերգն է, որի հասույթը տրամադրվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա մարաթոնին: Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանն էլ ընդգծեց. «Մեծ կարեւորություն ունի հիմնադրամի գործունեության սկզբունքըՙ հիմնադրամն օգնում է մարդկանց, նրանքՙ հիմնադրամին: Առիթն ու հնարավորությունն ունեցանք սատարելու փառատոնին եւ ահա փառատոնն էլ սատարում է հիմնադրամին»:

Իսկ «Վերադարձի» դասական երաժշտության երկրորդ փառատոնը, որ այս տարի 9 համերգ է կազմակերպել, որոնցից 7-ը Երեւանում եւ մեկական էլ Վանաձորում եւ Գյումրիում, արդեն հաջորդ փառատոնի ծրագրերն է մշակում իր հովանավորներիՙ «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի եւ «Վիվասել-ՄՏՍ-ի» հետ: «Եթե փառատոնի խորագիրն ինքնին եւ էությունը նույնպես կոչ ենՙ ուղղված աշխարհասփյուռ հայությանն ու նրանց ուշադրությունը հայրենադարձության խնդրին սեւեռելու, ապա եկող տարի այն ավելի շոշափելիորեն կիրականացվիՙ ծրագրում ենք փառատոնին մասնակից դարձնել ոչ միայն հայաստանից մեկնած եւ այլ երկրներում հռչակ ձեռք բերած հայ, այլեւ սփյուռքահայ եւ օտարերկրացի երաժիշտների», տեղեկացրեց փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նկար 1. Սուրեն Բագրատունի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4