Հանգերգ, որ շատ են սիրում կրկնել Կիլիկյան աթոռի միաբաններն ու հատկապես նրա գահակալ
Արամ կաթողիկոսը
Դեպքը, որին պիտի անդրադառնամ այս գրությամբ, պատահել է շուրջ 7 տարի առաջ: Երբեք չէի մտածում, որ մի օր կանդրադառնամ այս դեպքին` կրկին հիշելով ու թղթին հանձնելով: Սակայն «Ազգ» թերթի հոկտեմբերի 22-ի համարից տեղեկանալով, որ Անթիլիասը ներկայացուցչական գրասենյակ է բացել Դամասկոսում եւ իրեն ծանոթ հայտնի մեթոդներով, որոնք կիրառվեցին, օրինակ, Պարսկաստանի թեմերի գրավումը իրականացնելիս, փորձում է ամեն կերպ վերատիրանալ Դամասկոսին, ակամա դարձյալ մտաբերեցի այս դեպքը, որոշելով ընթերցողների ուշադրությանը հանձնել, քանի որ լավագույնս արտացոլում է Կիլիկյան աթոռի եւ նրա գահակալ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսի փառասիրական նկրտումները:
7 տարի առաջՙ հունվարի վերջին,- փետրվարի սկզբին, Բեռլինից ոչ հեռու գտնվող Պոտսդամ քաղաքում տեղի էր ունենում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կենտրոնական հանձնախմբի ժողովը, որի ատենապետն էր այն ժամանակ Արամ կաթողիկոսը: Բնականաբար մեր համայնքը պարտք համարեց նրան հրավիրել ներկա լինելու Ս. պատարագին եւ իր հայրական պատգամը փոխանցելու բեռլինահայությանը: Թեմի Առաջնորդ Գարեգին սրբազանի միջոցով ստանալով Արամ կաթողիկոսի համաձայնությունը, անմիջապես շրջաբերական ուղարկեցինք Բեռլինի մեր ժողովրդին` ծանուցելու Արամ կաթողիկոսի ներկայությունը Ս. պատարագին: Բեռլինի մեր վարչության հետ համախորհուրդ հարմար նկատեցինք ծանուցման հետ որոշ տեղեկություններ հաղորդել Արամ կաթողիկոսի մասին: Մեջբերենք շրջաբերականը որոշ հապավումներով.
«Այսու կը տեղեկացնենք, որ Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի Կեդրոնական յանձնախումբի հերթական նիստերուն մասնակցելու համար այս օրերուն Գերմանիա կը գտնուի Նորին սրբութիւն Արամ Ա Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսը:
Արամ Ա կաթողիկոս Հայ եկեղեցւոյ երկրորդ բարձրաստիճան եկեղեցականն է եւ հոգեւոր պետը Լիբանանի, Սուրիոյ եւ Կիպրոսի հայութեան: Կաթողիկոսութեան նստավայրն է Լիբանանի Պէյրութ քաղաքը:
Նորին սրբութիւնը միաժամանակ նախագահն է ԵՀԽ-ի Կեդրոնական յանձնախումբի, որը միջեկեղեցական շարժման ղեկավար մարմինն է...
Ուրախութեամբ կը տեղեկացնենք, որ Նորին սրբութիւն Արամ Ա կաթողիկոսը պիտի ներկայ ըլլայ շաբաթ, 3 փետրուար 2001-ին... տեղի ունենալիք Ս. պատարագին, յընթացս որուն իր հայրապետական պատգամը պիտի տայ պէռլինահայութեան:
...Յետ Ս. պատարագի կը հրաւիրենք բոլորը Հայ տուն, ուր առիթ կունենաք հանդիպելու Նորին սրբութեան եւ ստանալու անոր օրհնութիւնները»:
Շրջաբերականը գրելիս մեր մտածումն էր, ինչպես վերեւում էլ ասացինք, որոշ տեղեկություններ փոխանցել մեր ժողովրդին Արամ Ա կաթողիկոսի մասին, եւ խորհում էինք, թե պատշաճ եւ հարգալից ձեւով էինք ներկայացրել Արամ կաթողիկոսի հանգամանքն ու դիրքը Հայ եկեղեցու մեջ: Դուք էլ, սիրելի ընթերցողներ, թերեւս նույն մտածումն ունենաք շրջաբերականի վերի տողերը կարդալով: Բայց արի ու տես, որ շրջաբերականը ահռելի բարկություն եւ անհանգստություն էր պատճառել Արամ կաթողիկոսին եւ իր ընկերակիցներին: Բարկության պատճառներն էլ բացահայտ էին. ո՞վ են Բեռլինի հոգեւոր հովիվը եւ վարչությունը, որ հանդգնել են Արամ կաթողիկոսին կոչել միայն «Նորին սրբություն» եւ ոչ թե «Ն. Ս. Օ. Տ. Տ.» տիտղոսով: Աստված իմ, ի՞նչ նվաստացուցիչ բան կա «Նորին սրբություն» տիտղոսի մեջ, այդպես էլ չհասկացանք:
Ո՞վ են Բեռլինի հոգեւոր հովիվը կամ վարչությունը, որ հանդգնել են նրան երկրորդը կոչել Հայ եկեղեցու մեջ: Ինչպե՞ս կարող է նա երկրորդը լինել, նա հավասարազոր է Ամենայն հայոց կաթողիկոսին: Մենքՙ միամիտներս եւ անգետներս այս պարզ «իրականությունը» մինչեւ հիմա չկարողացանք սովորել: Չկարողացանք սովորել, որ ամենուր անթիլիասական եկեղեցիների մեջ Կիլիկյան աթոռի գահակալի տիտղոսն էՙ «կաթողիկոս Ամենայն հայոց Մեծի տանն Կիլիկիո»: Համոզվելու համար հեռու գնալու հարկ չկա: Մտեք որեւէ անթիլիասական եկեղեցի եւ հետեւեցեք Ս. պատարագի «Գոհութիւն» հատվածի երգեցողությանը: Եթե հարցնեք, թե ինչո՞ւ է այդպես, հավանաբար ձեզ եւս ի շարս ուրիշ «հիմնավոր» պատճառների, կբերվի նաեւ մեղեդու երաժշտական հանգավորումը չխաթարելու անհրաժեշտությունը:
Ո՞վ են Բեռլինի հոգեւոր հովիվը եւ վարչությունը, որ հանդգնել են նրան համարել միայն այդ երեք համայնքների հոգեւոր պետը: «Ո՞ւր մնացին Պարսկաստանը, Յունաստանը, Ամերիկայի Միացեալ Նահանգները, Վենէսուէլան», անթաքույց զայրույթով պիտի գոռար Արամ կաթողիկոսի ուղեկիցներից մեկը: Ս. Էջմիածնի միաբանը, ըստ իրենց, իրավունք չունի երբեք բարձրաձայն հիշեցնելու պատմական եւ միակ ընդունելի ճշմարտությունն ու իրականությունը, որ դրանք իրենց թեմերը կամ համայնքները չեն, այլ գրավված են ու բաժանված Մայր աթոռից: Մենք լավագույն դեպքում իրավունք ունենք միայն լռելու եւ սպասելու եւ դժբախտաբար նաեւ վկան լինելու, թե ինչպես է Անթիլիասը հերթական ոտնձգությունը կատարում Մայր աթոռի դեմ: Հիմա էլ մեծ հավանականությամբ Կիլիկիո կաթողիկոսի մեկ ուրիշ ուղեկից երեսներիս պիտի գոռա` իսկ Կանադա՞ն: «Աղմկելու պէտք չկայ, ոչ ալ մտահոգուելու` ներքին վերադասաւորում է միայն Կանադայի մէջ կատարուածը», մի քանի տարի առաջ մեր քթին խնդաց Կիլիկյան աթոռի խոսնակը: Ժամանակին այդպիսի մի «ներքին վերադասաւորումով» կամ, ավելի ճիշտ, արտաքին ուժերի օգտագործմամբ խլվեցին թեմերը Պարսկաստանի կամ հիմնվեցին բաժանյալ թեմերը Ամերիկայի: Հերթը եկել էր Կանադային: Իսկ մենքՙ միամիտներս կարծում էինքՙ Խորհրդային Միությունը փլուզվեց, Հայաստանը անկախ է, ասել է թե արտաքին պատճառները վերացել են եւ եկել է ժամը բուժելու նաեւ Հայ եկեղեցու բաժանումի ցավը, վերահաստատելու իրական ու գործնական միությունը Հայ եկեղեցու: Բայց ոչՙ ա՛յլ են ախորժակները Անթիլիասի եւ փառասիրական նկրտումները նրա գահակալի:
Վերադառնանք դեպքին: Արամ կաթողիկոսը, երբ կարդում է մեր համայնքայիններից մեկի (փակագծերի մեջ նշենք, որ համայնքայինն էլ դաշնակցական է) իրեն տարած շրջաբերականը, զայրույթը պատում է նրան: Ո՞վ կարող է հանդգնել կամ իրավունքն ու համարձակությունը ունենալ Արամ կաթողիկոսին հիշեցնելու իրականությունը: Եվ շրջաբերականը պատառոտված նետվում է տանողի երեսին, իսկ Արամ կաթողիկոսը հրաժարվում է այցելել եկեղեցի եւ ներկա լինել Ս. պատարագին, մինչեւ «ճշտում» կամ «հերքում» չուղարկվի ժողովուրդին: Ի՞նչը պիտի հերքեինք կամ ի՞նչը պիտի ճշտեինք: Մի՞թե ճշմարտությունից դույզն շեղվել էինք, մի՞թե իրականություն չէր եւ չէ այն պարագան, որ Արամ կաթողիկոսը հավասարազոր չէ Ամենայն հայոց կաթողիկոսին, որ նա պատմականորեն հոգեւոր պետն է միայն շրջաբերականի մէջ նշված գաղութների: Ախ, այո, մոռացել էի, ամեն ճշմարտություն չէ, որ կարելի է բարձրաձայն ասել: ...Ու մեզանից պահանջվեց փոխել շրջաբերականը եւ հանել այնտեղից բոլոր բարձրաձայն ասված ճշմարտություններն ու իրականությունները, եթե ոչՙ ժողովուրդի առաջ խայտառակ պիտի լինեինք, քանի որ հակառակ դեպքում Արամ կաթողիկոսը պատրաստ չէր եկեղեցի գալու եւ իր օրհնությունները բաշխելու ներկաներին:
...Եվ այս ամենից հետո Արամ կաթողիկոսը եկավ եկեղեցի եւ քարոզեց ու կրկնեց շուտասելուկի պես կրկնվող ու կրկնվող հանգերգը. «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ եկեղեցի...»:
ՍԵՐՈՎԲԵ ՎԱՐԴԱՊԵՏ ԻՍԱԽԱՆՅԱՆ, Գերմանիա
Հ. Գ. Չեմ կարծում, որ Արամ Ա կաթողիկոսը Ս. Էջմիածին չեկավ, որպեսզի խուսափի Հայ եկեղեցու բարեկարգության եւ միության մասին խոսելուց: Խոսելու եւ ճառելու մեջ պետք չկա կասկածելու ոչ Արամ կաթողիկոսին, ոչ էլ Կիլիկյան աթոռի որեւէ միաբանի: Շատ ավելի մեծ հավանականությամբ նա չեկավ, որովհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսի ներկայությամբ նա միայն երկրորդ ջութակ պիտի նվագեր եւ գլխավոր դերում չհայտնվեր: Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արեւելյան անթիլիասական բաժանյալ թեմի «առաջնորդ» Օշական արքեպս. Չոլոյանին էլ մյուռոնօրհնության առիթով իբրեւ Անթիլիասի ներկայացուցչի Ս. Էջմիածին ուղարկելով Կիլիկյան աթոռի գահակալը իրականության մեջ փորձեց հաջորդ գրգռիչ քայլը կատարել ընդդեմ Մայր աթոռի: Ս. Էջմիածին է ուղարկվում մի արքեպիսկոպոս, որի առաջնորդական հանգամանքը ընդունելի չէ Ամենայն հայոց կաթողիկոսության համար: Կարծես թե Անթիլիասը ուրիշ եպիսկոպոս կամ արքեպիսկոպոս չուներ: Հետաքրքրական է, ինչպե՞ս կարձագանքեր Արամ կաթողիկոսը, եթե նախորդ ամռանը Անթիլիասում տեղի ունեցած մյուռոնօրհնեքին Մայր աթոռը որպես իր պաշտոնական ներկայացուցչի Անթիլիաս ուղարկեր Դամասկոսի թեմի առաջնորդ Արմաշ եպս. Նալբանդյանին: