Սպիտակ քաղաքում տեղի ունեցած չորս անձանց սպանությունը պայմանավորված է քրեական աշխարհի հարցերի պարզաբանմամբ, որի պատճառ են դարձել գումարային խնդիրները: Այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասել է Աղվան Հովսեփյանը: Մայրաքաղաքի Արաբկիր համայնքում երեկ կատարված սպանության վերաբերյալ ցուցմունքներ կան, որ վրիժառության հողի վրա է կատարվել: Հիշեցնենք, որ սպանվել է Հրաչյա Մաթեւոսյանը, եւ դեպքը կապվում է Որսորդների միության նախագահի` ձմռանը կատարված սպանության հետ: «Ցավում եմ, որ դեռ մեր ժողովրդի հոգեբանության միջից այդ վրիժառության խնդիրը չենք կարողանում դուրս բերել», ասել է գլխավոր դատախազը: Ինչ վերաբերում է Ստեփանավանում կատարված դեպքին, Ա. Հովսեփյանը նշեց, որ քննության ընթացքում գնահատական պետք է տրվի, թե արդյոք իրավաչափ են եղել Ս. Ղարաքեշիշյանի գործողությունները եւ այդ կրակոցները տեղավորվո՞ւմ էին անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: