Հայտարարել է Թուրքիայի վարչապետի խորհրդական Դավութօղլուն` արձագանքելով ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հարցազրույցին
Հ. ՉԱՔՐՅԱՆ
Հոկտեմբերի 28-ին BBC-ի թուրքական ծառայությունը պաշտոնական կայքէջում հրապարակել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տված բացառիկ հարցազրույցը, որի գլխավոր թեման, ինչպես նշել էինք նախորդ համարում, հայ-թուրքական հարաբերություններն էին: Երեկ թուրքական կենտրոնական թերթերը, «Զամանի» գլխավորությամբ, նույնպես անդրադարձան հարցազրույցին եւ ընդգծեցին հարաբերությունների առնչությամբ ՀՀ արտգործնախարարի ցուցաբերած լավատեսությունը: Գնահատականներն ընդհանուր առմամբ դրական են: Սակայն դա չի խանգարել թուրքական թերթերին, մասնավորապես կառավարամետ «Ենի շաֆաքին», մատնանշելու. «Նալբանդյանը, սակայն, չասաց, որ հրաժարվում են ցեղասպանության պնդումներից»:
ՀՀ արտգործնախարարի հարցազրույցին արձագանքել է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդական Ահմեդ Դավութօղլուն , ընդ որում Վաշինգտոնից, որտեղ նա գլխավոր բանախոսի կարգավիճակով մասնակցում է Քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ուսումնասիրությունների ամերիկյան հիմնադրամի` SETA-ի ու «Բրուքինգս» ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Թուրքիան, տարածաշրջանն ու թուրք-ամերիկյան հարաբերությունները» թեմայով գիտաժողովին:
Դավութօղլուն, Նյու Յորքի «turkishny.com» կայքէջի փոխանցմամբ, սիմպոզիումի հայ մասնակցի հարցին ի պատասխան ասել է. «Մենք ձգտում ենք առավելագույնս բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները: Լավ հարաբերություններ ենք ուզում նաեւ արտասահմանի հայության հետՙ Փարիզում են բնակվում, թե աշխարհի մեկ այլ վայրում... Ունենք մշակութային ընդհանուր ժառանգություն: Պետք է պատրաստ լինենք անդրադառնալու նաեւ ոչ դրական խնդիրներին: Հայաստան կատարված այցը (Թուրքիայի նախագահ Գյուլի) պատեհ առիթ է եւ օգտագործել է պետք»:
Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին հայկական սփյուռքի աջակցության հույս է հայտնել: Երբ նրան հարցրել են, թե ո՞րն է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տեղն այդ հարաբերություններում, Դավութօղլուն ընդգծել է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ սերտ հարաբերությունների առկայությունը եւ հիշեցրել «մեկ ազգ, երկու պետություն» արտահայտությունը: Այնուհետեւ նա ավելացրել է, որ Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները համատեղ են ընթանալու:
Դավութօղլուն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը որակել է «սառեցված հակամարտություն», ասել է, որ դա դուրս է բերվել «սառցարանից» եւ դրա կարգավորումը ենթադրում է համարձակության եւ ստեղծագործ մոտեցման դրսեւորում, եւ հարցը չի կարող եւս 20-30 տարի ձգձգվել: «Թուրքիայի հայկական սահմանի բացումը պայմանավորվո՞ւմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ» հարցին Դավութօղլուն պարզաբանումներ չի տվել, պարզապես նշել է, որ «չեն ուզում, որ Լեռնային Ղարաբաղը նույն ձեւով մնա, ինչպես հիմա»:
Այնուհետեւ նա օրինակ է բերել Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը, նշել է դրա դրական ազդեցությունը Լիբանանում գործադրված խաղաղության հաստատման ջանքերին եւ շարունակել. «Հույս ունենք, որ նույնը կկատարվի Լեռնային Ղարաբաղում»: Դավութօղլուն ներկաներին միաժամանակ ասել է, որ նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան դեռեւս որոշվել էր հրավերն ստանալու պահին, սակայն այդ մասին չէին հրապարակում, հետեւաբար ճիշտ չեն այն հետեւությունները, թե «այցելության որոշումն ընդունվել է Վրաստանի ճգնաժամի ազդեցության տակ»:
Վերջում Դավութօղլուն անդրադարձել է «հարեւանների հետ խնդիրները զրոյական մակարդակի իջեցնելու» վարչապետ Էրդողանի կառավարության որդեգրած քաղաքական կուրսին եւ ասել` «Դա մեզ հաջողվեց»: Այնուհետեւ նա հիշեցրել է Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի եւ Սիրիայի հետ Թուրքիայի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Իրանի հետ հարաբերություններում հաստատված ամուր հիմքերի մասին, ապա նշել է, որ այդ առումով դրական զարգացումներ են արձանագրվում Հայաստանի եւ Կիպրոսի հարցերում: