«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


GAME OVER. ԽԱՂՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Հարավային Կովկասում իրադարձությունների սրընթաց զարգացումը սկիզբ դրեց աշխարհաքաղաքական նոր իրողությունների, որոնք որոշակի շտկումներ են ենթադրում ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլեւ գերտերությունների արտաքին քաղաքական ուղեգծերում: Աշխարհաքաղաքական այս նոր խաղի սկզբունքներն ու կանոնները կոշտ են, պայմանները` կարծր: Տարածաշրջանային խաղասեղանին մեծ խաղագումար է դրված. փոքր խաղադրույքներով այստեղ խաղալը ոչ այնքան անթույլատրելի է, որքան` անիմաստ: Խաղասեղանի պտտաձողը նման է քմայքոտ կուրտիզանուհու ճակատագրին, որն անհայտ է պահպանելո՞ւ է իր պերճանքը, թե՞ դատապարտելու է թշվառության:

Աշխարհաքաղաքական այս մեծ խաղը սկսվել է շուրջ երկու ամիս առաջ, թեպետ նախապատրաստական աշխատանքներն ավելի երկար են տեւել: Մի քանիսի համար խաղը տանուլ է տրված ի սկզբանե, եւ մասնակցության իրավունք ձեռք բերելու համար դրած խաղադրույքները նրանց չեն ազատում ստույգ պարտությունից: Խաղասեղանի մոտ խաղալ չեն սովորում. սպասումների, կրքերի շիկացումը եւ սխալվելու վախը հաճախ շփոթեցնում են, մոլորեցնում: Եվ մինչ ոմանց թվում է, թե խաղը նոր է սկսվում, այն իրականում մոտենում է ավարտին:


1. Վրացական ճամփաբաժան: Եղբայրությունը քաղաքական կատեգորիա չէ

Այս տարվա օգոստոսը Վրաստանի հասարակական, քաղաքական, պետական կյանքում ճակատագրական նշանակություն ունեցավ: Ռուս-վրացական երկարատեւ հակասությունները օգոստոսի յոթի կեսգիշերին վերածվեցին պատերազմի:

Պատերազմը կարճ տեւեց, մեկ շաբաթից էլ կարճ: Մի քանի օրվա ընթացքում վրացական զորաշարժերից քաջատեղյակ ռուսական ռազմական ուժերը, անարգել հաստատվելով վրացական տարածքում, իրենց ճանապարհին ոչնչացրեցին այն ամենը, ինչ ցանկանում էին ոչնչացնել: Պատերազմն ինչպես անսպասելի սկսվել էր, այնպես էլ անսպասելի ավարտվեց: Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը ռազմական ճանապարհով ձեռք բերեց այն, ինչը չէր հաջողվում ձեռք բերել տարիներ շարունակ: Անշուշտ, թե՛ ռազմական եւ թե՛ քաղաքական առումով կարեւոր է, թե ո՞ր կողմն է իրականում սկսել պատերազմը, սակայն իրողություն է, որ վրացական կողմը գրեթե դիմադրություն ցույց չտվեց ռուսական զորքերին: Վրաստանը պատերազմն ավարտեց ոչ խաղաղասիրական նկատառումներից ելնելով, այլ ռազմական իրողությունների պարտադրանքով:

Պատերազմի ավարտից հետո Վրաստանն Արեւմուտքի ուղղակի աջակցությունն ստացավ թե՛ ֆինանսական (60 երկրներ Վրաստանին հատկացրեցին 4,5 միլիարդ դոլար օգնություն, ԱՄՆ հատկացրել է մեկուկես միլիարդ դոլար, ԱՄՀ-ն` նույնքան), թե՛ բարոյական, թե՛ միջազգային կառույցներում ներագրավվելու, թե՛ դրանց միջոցով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու առումով: Եվ եթե չլիներ այդ ճնշումը, Վրաստանն այսօր կարող էր կորցնել նաեւ Աջարիան, իսկ ռուսական զորքերը ոչ միայն չէին հեռանա Վրաստանից, այլեւ կվերականգնեին իրենց ռազմական հենակետերը այդ երկրում:

Չնայած այն հանգամանքին, որ օգոստոսի ավարտին Թբիլիսիում կայացած հանրահավաքում նախագահ Սաակաշվիլին հայտարարեց. «Մենք հաղթեցինք», ակնհայտ էր, որ Վրաստանը պատերազմից դուրս է եկել կորուստներով ու պարտություններով: Ռազմական գործողությունների հետեւանքով քաղաքական դաշտում ուժերի հարաբերակցությունը փոխվեց հօգուտ ռուսական կողմի, սակայն ռուս-վրացական քաղաքական ճգնաժամը ոչ միայն չհաղթահարվեց, այլեւ ավելի խորացավ` աստիճանաբար վերածվելով տարածաշրջանային ճգնաժամի` լուրջ սպառնալիք դառնալով հաղորդակցության ուղիների, պետական ենթակառուցվածքների, հասարակական անվտանգության համար: Միաժամանակ, հաշվի առնելով ռուս-վրացական հակամարտության մեջ ներգրավված միջազգային դերակատարների պատկառելի ներկայությունը, ճգնաժամը դրանով իսկ բախեց նաեւ աշխարհաքաղաքական հնարավոր փոփոխությունների դարպասները:

Հոկտեմբերի տասին «Բի-Բի-Սի» ռադիոկայանին տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, Սաակաշվիլու երեկվա համախոսն ու թիմակիցը, այժմ նրա ընդդիմախոսն ու «Ժողովրդավարություն եւ զարգացում» հիմնադրամի նախագահ Նինո Բուրջանաձեն այսպես է գնահատում պատերազմի արդյունքները. «Մենք չհաղթեցինք, սակայն Ռուսաստանը եւս չհաղթեց: Ռուսաստանը ձեռք բերեց ներքին խնդիրներ իր երկրամասերում, նա արժանացավ Արեւմուտքի բացասական արձագանքին: Ռուսաստանը ցույց տվեց, որ կարող է լինել անկանխատեսելի երկիր եւ որ պայմանագրերը, որոնք ստորագրում է ինքը` Ռուսաստանի նախագահը, առ ոչինչ են»:

Պատերազմին հաջորդած քաղաքական իրողությունները` Փարիզի միջնորդական առաքելությունը, Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հր. Օսիայի ճանաչումը, եվրոպական եւ միջազգային կառույցների` Ռուսաստանին ուղղված, թեպետ իրականության չվերածված սպառնալիքները, ՀԱՊԿ անդամ երկրների ընդունած հռչակագիրը, թուրքական քաղաքական մեծ նախաձեռնությունը, աշխարհաքաղաքական այս մեծ խաղում ներգրավված մասնակիցների մեծ երթեւեկությունը տարածաշրջանում, այս ամենը մի կողմից առավել ցցուն են դարձնում մասնակիցների միջեւ առկա տարաձայնությունները, մյուս կողմից` ընդգծում նրանց ընդհանուր շահերն ու հետաքրքրությունները: Աստիճանաբար, սկսում են նաեւ թարմացվել տարածաշրջանի քաղաքական քարտեզի խամրող գույները: Արեւմուտքի կողմից շուրջ մեկուկես տասնամյակ անտեսված Հարավային Կովկասը նոր արժեք ու նշանակություն է ձեռք բերում նույն Արեւմուտքի համար: Ուշանալու վախը, խաղից դուրս մնալու անհանգստությունը, խաղի կանոնների կամ խաղադրույքների հնարավոր փոփոխությունների տագնապը ստիպում են բոլորին չհեռանալ խաղասեղանից, որը երբեմն նմանվում է զոհասեղանի, ուր դրված է Հարավային Կովկասի մարմինը:

Ռուս-վրացական բախման ընթացքում եւ դրանից հետո տեւական ժամանակահատված միակ երկիրը, որը չէր արձագանքում իրադարձություններին, Հայաստանն էր: Երբեմն այնպիսի տպավորություն էր առաջանում, թե Հայաստանն այդ ընթացքում ժամանակավորապես հանգրվանել է Կարմիր մոլորակի վրա: Աշխարհաքաղաքական այդ մեծ իրարանցման մեջ պաշտոնական Երեւանը նմանվում էր մեծ համրի: Այդօրինակ լռությունը չուներ որեւէ քաղաքական հիմնավորում. վիրահայերի անվտանգության եւ դրա հեռանկարի անորոշությունը, հաղորդակցության ուղիների կաթվածահարությունը պարտադրում էին Երեւանին դիրքորոշում հանդես բերել:

Երեւանի առերեւույթ չեզոքության ծալքերում մեծ փորձության մեջ հայտնված Թբիլիսին ռուսական հետք էր տեսնում: Երեւանը դարձյալ իր քաղաքական շահերն ու հետաքրքրությունները որոնում էր Մոսկվայի ուղեծրում: Մոսկվան ստիպում էր Երեւանին կատարել «ռազմավարական գործընկերոջ», ավելի որոշակի` «կովկասյան ֆորպոստի» իր պարտականությունները` դատապարտելով Վրաստանի գործողությունները եւ ճանաչելով Աբխազիան եւ Հր. Օսիան:

Բացի պաշտոնական Երեւանից, հարավկովկասյան իրադարձությունների հարահոսում հայաստանյան ազատական, արեւմտամետ ուղղության ջատագով կառավարող ու ընդդիմադիր կուսակցություններն ու գործիչները եւս կծկվել էին` փորձելով որսալ հյուսիսային քամիների ուղղությունը: Նրանք, ովքեր համրել էին եվրոպական եւ ամերիկյան պետական կամ հասարակական կառույցների բոլոր աստիճանները, ովքեր արտերկրի իրենց մասնավոր այցերը մատուցում էին որպես պաշտոնական հրավերներ, ովքեր երանության պահեր էին ապրում Երեւան ժամանած ցածր ու միջին աստիճանակարգ ունեցող որեւէ դիվանագետի ձեռքը սեղմելիս, ովքեր օր առաջ երազում էին Հայաստանը տեսնել ՆԱՏՕ-ի կազմում, եւ Երեւանին համարում էին Մոսկվայի արբանյակը, ովքեր սպասում էին, թե Վրաստանում ծփացող գունավոր հեղափոխությունը երբ է Հայաստան հասնելու, նրանք բոլորը համրացել էին մեկեն: Նրանցից եւ ոչ ոք չդատապարտեց Մոսկվայի ռազմական գործողությունները Վրաստանի նկատմամբ: Թեպետ թե՛ Վրաստանը, թե՛ Ռուսաստանը ուշադիր հետեւում էին եւ սպասում հայաստանյան արձագանքներին: Եվ մինչ պաշտոնական Երեւանը դեգերում էր ու պատեպատ զարնվում «Վրաստանը մեր հարեւանն է, իսկ Ռուսաստանը` մեր ռազմավարական գործընկերը» ձեւակերպման սարդոստայնում, առաջին հստակ եւ անսպասելի արձագանքը եկավ Հայաստանի ոչ պաշտոնական շրջանակներից` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից. «Ոչ ոք չի կարող վիճարկել, որ պատերազմը սանձազերծել է Վրաստանը` նպատակ հետապնդելով զենքի ուժով վերացնել Հարավային Օսիայի Հանրապետությունը: Ոչ ոք չի կարող վիճարկել նաեւ, որ Ռուսաստանն իր վճռական միջամտությամբ հարավօսական ժողովրդին փրկեց ցեղասպանությունից: Եթե ռուսական օգնությունն ուշանար թեկուզ վեց ժամով, այսօր Հարավային Օսիա գոյություն չէր ունենա» («Հայկական ժամանակ», 21 օգոստոսի):

Եթե Տեր-Պետրոսյանը հայտարարեր, որ պատրաստվում է տիեզերք թռչել, հավանաբար զարմանքն ու անսպասելիությունն անհամեմատ նվազ լիներ, քան վերոհիշյալ հայտարարության դեպքում: Որո՞նք էին ռուսական աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությամբ հանդես գալու Տեր-Պետրոսյանի պատճառները: Մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի նկատմամբ քաղաքական ջերմությամբ առանձնապես աչքի չի ընկել, բացառությամբ` ելցինյան Ռուսաստանի: Բացի այդ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական համոզմունքները գրեթե փոփոխության չեն ենթարկվում, եւ դեռ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի քաղաքական պարտությունների տարեթիվը կապում էր 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի հետ, որով ավարտվեց Արեւելյան Հայաստանիՙ Ռուսաստանին միացման գործընթացը, ըստ այդմ օրինաչափ հարց է առաջանում, թե որո՞նք էին Տեր-Պետրոսյանի այսչափ փոխված դիրքորոշման պատճառները: Դրանք պետք է որոնել կամ քաղաքական պատեհապաշտության (կամ` նպատակահարմարության) կամ աշխարհընկալման հուզական դաշտում.

- Արեւմուտքը աջակցություն չցուցաբերեց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայկական հեղափոխությանը, եւ հիմա նա բացահայտ «դե մարշ» էր կատարում Արեւմուտքի դեմ:

- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նույնաբանությունը (անալոգիան) Աբխազիայի եւ Հր. Օսիայի հետ պահանջում էր աջակցություն ցուցաբերել նրանց;

- մարդասիրական մղումը` աջակցել նրանց, ում ֆիզիկական անվտանգության գլխին սպառնալիքներ են կախված:

Անկախ այն հանգամանքից, թե այդ պատճառներից ո՞րն է առավել հավանական, ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի տեսակետը ռուս-վրացական հակամարտության շուրջ որոշակիորեն խոցելի է: Մանավանդ, եթե վերադառնանք հետխորհրդային այն ժամանակաշրջանը, երբ Կովկասում ընթացող ռուս-չեչենական պատերազմի հետեւանքով հարյուրավոր մարդիկ, այդ թվում` խաղաղ բնակիչներ էին զոհվում, տեղահանվում, իսկ չեչենների ինքնորոշման կամ անջատման ձգտումները տարիներ շարունակ Մոսկվան դաժանորեն ճնշում էր: Անշուշտ, քաղաքական հանրահաշվի ոլորաններում քաղաքական նպատակահարմարության կամ պատեհապաշտության սահմանները դժվար է զանազանել, մանավանդ այդ նպատակահարմարությունը ավելորդ է վիճարկել փաստերի եւ իրողությունների միտումնավոր իրականացված ընտրության դեպքում:

Տեր-Պետրոսյանի հայտարարությունից երկու շաբաթ անց` սեպտեմբերի հինգին, Մոսկվայում ՀԱՊԿ անդամ երկրները Մոսկվայի պարտադրանքով հռչակագիր ընդունեցին` պաշտպանելով «Մոսկվայի ռազմական գործողությունները Վրաստանի տարածքում», թեպետ չճանաչեցին Հր. Օսիան եւ Աբխազիան: Ըստ ՌԴ նախագահիՙ «ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները միանշանակ բացասական գնահատական տվեցին Վրաստանի ագրեսիային Հր. Օսիայում եւ իրենց աջակցությունը հայտնեցին այդ իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի կողմից իրականացված գործողություններին»:

Երեւանը վերստին զրկված էր քաղաքական ընտրության հնարավորությունից` որոշումներ կայացնելու իր մանդատը հանձնելով Մոսկվային, որը ստիպեց Երեւանին մի կողմ նետել դիվանագիտական սեթեւեթանքի քղամինդրը եւ քանդել հայ-վրացական եղբայրության շենքի բազմադարյան աստիճանները: Երեւանի համար եղբայրությունն այլեւս քաղաքական կատեգորիա չէր: Երեք հազարամյա պատմական անցյալն ու ընդհանրությունները տեղի տվեցին նոր ժամանակների խաղի կանոնների եւ քաղաքական անհեռատեսության առջեւ: Այսօրինակ ընտրությանը նպաստեցին նաեւ նոր իրողությունները. երկու հարեւան երկրներն ընտրել էին զարգացման իրարամերժ մոդելներ եւ արտաքին քաղաքական ուղղություններ` Վրաստանն ընտրել էր ժողովրդավարության եւ արեւմտյան քաղաքական ուղղությունը, Հայաստանը` պետության ասիական մոդելն ու ռուսական ուղղությունը: Չնայած հաղորդակցության ֆիզիկական նույն ուղիներին` Վրաստանի եւ Հայաստանի աշխարհաքաղաքական եւ հասարակական-քաղաքական զարգացումների ճանապարհները բաժանվում էին:

ՀԱՊԿ հայտարարությունը թերեւս վերջին կաթիլն էր, որ ստիպեց Վրաստանին վերահաստատել ԱՊՀ-ից դուրս գալու իր որոշումը: Եվ հենց այս ճամփաբաժանում էլ ազդարարվեց հայ-վրացական եղբայրության ավարտը: Երեկվա եղբայրները հայտնվեցին տարբեր խաղադաշտերում:

2. Հայ-թուրքական գետանցում: Նավերը սովորաբար խորտակվում են ափի մոտ

Խելահեղ արագությամբ միմյանց հաջորդող հարավկովկասյան իրադարձությունների կիզակետում խաղասեղանի մոտ հայտնվեց դիվանագիտության մեջ հմուտ եւ փորձառու, ռազմավարություն մշակելիս` սկզբունքային եւ հեռատես, մարտավարություն իրականացնելիս` ճկուն եւ խորամանկ, քաղաքական ալեբախումներում հաշվենկատ եւ սառնասիրտ Թուրքիան: Մանավանդ որ, պատեհ առիթը` Երեւան այցի հրավերն արված էր դեռեւս մինչ տարածաշրջանային փոթորկի վրա հասնելը` հունիսի քսաներեքին Մոսկվայի հայկական համայնքի հետ հանդիպման ընթացքում պաշտոնական Երեւանը Սերժ Սարգսյանի ձեռամբ Հարավային Կովկասում Թուրքիայի տեղավորման առաջին քարը դրեց` Թուրքիայի նախագահին Երեւան հրավիրելով երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների խաղը դիտելու առաջարկով:

Եվ չնայած այն հանգամանքին, որ հրավերի նախաձեռնությունը հայկական կողմինն էր, թուրքական կողմը Հայաստան ժամանեց իր քաղաքական օրակարգով, այն է`

- Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը եւ դրա հետագա ճակատագիրը.

- ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը.

- «Կովկասի կայունության եւ համագործակցության պակտի» քննարկումը:

Թուրքական այս մեծ քաղաքական նախաձեռնությունը ոչ միայն ստվերում թողեց հայկական նախաձեռնության իրողությունը, այլեւ տրորեց Երեւանի նոր-նոր ծլարձակող աշխարհաքաղաքական ակնկալիքները: Եվ մինչ Երեւանը երկչոտ փորձեր էր անում հասկանալու հայ-թուրքական սահմանադռան բացման հնարավորությունը` Թուրքիայի նախագահը Անկարա վերադարձի ճանապարհին ինքնաթիռում նկատեց. «Եթե այս մթնոլորտը պահպանվի, ապա ամեն ինչ կմտնի հունի մեջ, կնորմալանա, սակայն ներկա պահին նման հարց չկա» («Ազգ», 8 սեպտեմբերի): Հայաստանի շրջափակումը շարունակելու այս մտադրությունը կարծես քիչ էր, Թուրքիայի նախագահը հաջորդ ապտակն է հասցնում. «Հանդիպմանը քննարկման առարկա դարձե՞լ են 1915-ի իրադարձություններին առնչվող պնդումները» հարցին ի պատասխան Գյուլն ասաց. «Հանդիպումներում իրենք ոչ հիշատակել են այսպես կոչված ցեղասպանության մասին, ոչ էլ ակնարկել» (նույն տեղում): Գյուլի անկեղծությունը սակայն այս ամենով դեռ չի սահմանափակվում: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին` Գյուլը վստահաբար պնդել է. «Հայաստանը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել ադրբեջանական զավթած տարածքները»:

Ստացվում էր այնպես, որ կամ այդ այցի նախաձեռնության հեղինակային իրավունքը պատկանում էր Մոսկվային, եւ Երեւանն ի սկզբանե զրկված էր հանդիպման քաղաքական օրակարգը ձեւավորելու իրավունքից, կամ Սերժ Սարգսյանը չէր համարձակվել քննարկել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ապաշրջափակման խնդիրը: Պարտվելով սեփական խաղադաշտում` Երեւանի առանց այն էլ խոցելի դիրքերը դառնում էին երերուն: Անկարան արդեն միավորներ է գրանցում իր քաղաքական հաշվեմատյանում, մինչդեռ Հայաստանի խաղադրույքներն անկում են ապրում:

Պաշտոնական Երեւանը, թվում է, իրողությունների եւ զարգացումների հեւքում կորցրել է իրավիճակի սթափ եւ սառը գնահատելու ունակությունը: Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանի իր ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարում է. «Մենք քննարկեցինք երկկողմ եւ տարածաշրջանային նշանակության բազմաթիվ հարցեր: Ամենակարեւորն այն է, որ համաձայնեցինք առկա խնդիրները չթողնել գալիք սերունդներին: Ես հավատում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում իսկապես եկել է խնդիրները լուծելու ժամանակը, եւ այդ հարցում պատրաստակամություն տեսա նաեւ նախագահ Գյուլի մոտ: Համոզված եմ, որ նշված ուղղությամբ պետք է արագ եւ վստահ առաջ շարժվել» (www.president.am):

«Ապագա սերունդներին» հայ-թուրքական կնճռից ազատելու Սարգսյանի ձգտումներին նախորդել էր թուրքական «Ռադիկալ» թերթին տված հարցազրույցը, ուր, պատասխանելով լրագրողի հետեւյալ հարցին, ըստ որի` «Հայաստանում կան որոշ շրջանակներ, որոնք Թուրքիայի մի մասը Արեւմտյան Հայաստան անվանելով, Սեւրի պայմանագրին համապատասխան, հողային պահանջներ ունեն: Դուք ընդունու՞մ եք, որ դժվար է ամբողջական դիվանագիտական հարաբերություններ հաստատել այն հարեւանների հետ, որոնք վիճարկում են Ձեր սահմանները», Սարգսյանը հայտարարում է «Արեւելյան-Արեւմտյան Հայաստան արտահայտության հետ կապված մտահոգություններ լսում եմ նաեւ թուրք պաշտոնյաներից, ինչն ինձ համար տարօրինակ է: Դրանք դեռեւս 19-րդ դարից օգտագործված աշխարհագրական եզրեր են»:

Պատմական հայրենիքի աշխարհագրական այսօրինակ եզրաբանական մեկնությունից հետո կես քայլ էր մնում Սերժ Սարգսյանին, որ նրան հաջողվի (եւ հաջողվեց) ոչ միայն բարձրացնել, ըստ Գյուլի ձեւակերպման` «տարածաշրջանում Թուրքիայի կարեւորությունն ու կշիռը», այլեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատած եւ մեր երկրի մեկուսացմանը նպաստող Թուրքիային ներգրավել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում` փաստացի նրան վերապահելով կարգավորման միջնորդի, ավելի որոշակի` բանակցային կողմի դերակատարում:

Անցյալ դարում թուրքական քաղաքականության հանդեպ հայ քաղաքական մտքի կրած պարտությունները ողբերգական ավարտ ունեցան հայ ժողովրդի համար: Հայաստանի նորագույն շրջանի պատմության ընթացքում հայ քաղաքական միտքը դարձյալ դյուրահավատորեն ապավինել է թուրքական դիվանագիտությանը: 1992 թ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր. «Արդեն արտաքին գործերի նախարարությունների մակարդակով վերջնականապես համաձայնեցված է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրությունը: Դեպքերի հաջող զարգացման դեպքում մինչեւ տարեվերջ հնարավոր կլինի ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման այդ փաստաթուղթը» («ՀՀ», 14 նոյեմբերի 1992 թ.): Հետխորհրդային Հայաստանը այդ տասնվեց տարիների ընթացքում այդ փաստաթղթի երեսն այդպես էլ չտեսավ:

Գյուլի երեւանյան այցով սկսվեց հայ-թուրքական գետանցումը: Թուրքական դիվանագիտական մտքի եւ քաղաքական հեռատեսության արագավազ ձիերը բարեհաջող հասան հայաստանյան ափերին` ոտնատակ տալով հայկական քաղաքական մտքի խեղճության եւ անհեռատեսության մացառները: Մինչդեռ հայաստանյան նավերի նավապետերին թվում էր, թե հայկական նավերը կարող են հանգրվանել թուրքական ջրերի ափերին, սակայն գերմանացի հրապարակախոս Բյոռնեն դեռ տասնութերորդ դարում էր զգուշացրել. «Նավերը սովորաբար խորտակվում են հենց ափերի մոտ»:

3. Հայաստանը փակուղում: Խաղն ավարտված է

Թեպետ Հայաստանի ներկա արտաքին գործերի նախարար, Ֆրանսիայում ՀՀ նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանը հրապարակային գործիչ չէ, սակայն Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում սեփական դարպասին ուղղված գնդակի հարվածները ոչ միայն տեսանելի են, այլեւ դրանք հնարավոր է նաեւ հաշվել: Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի պաշտոնավարման ժամանակահատվածի արտաքին քաղաքական պարտությունների շղթային նոր օղակներ են ավելանում արդեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում: Մի կողմից իրենց գոյության մասին հիշեցնում են Քոչարյանի արտաքին քաղաքական սխալները, մյուս կողմից` արդեն սեփական սխալներն են խոչընդոտում Սարգսյանի` արտաքին քաղաքական դաշտում առաջ ընթանալու հնարավորությունները: Եվ եթե իր ներքին քաղաքական կուրսի մերժելիությամբ հանդերձ Քոչարյանը արտաքին քաղաքականության մեջ որոշակի սկզբունքներ ուներ, ապա Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին հստակ եւ որոշակի սկզբունքներ չունի: Այս հանգամանքը դյուրին է դարձնում Սարգսյանի հետ բանակցելու արտաքին ուժերի գործը, սակայն երերուն եւ խոցելի է դարձնում Հայաստանի դիրքերն արտաքին աշխարհում: Հայաստանի տեղի ու դերի աստիճանական կորուստն արտաքին քաղաքականության ոլորտում մեծապես պայմանավորված է ներքին քաղաքական խոչընդոտներով` ժողովրդավարական ազատությունների շարունակական ոտնահարմամբ, կոռուպցիայի բարձր մակարդակով, անպատժելիության եւ անօրինականության հաղթարշավով: Իսկ մարտի մեկը զրկեց Երեւանին արտաքին քաղաքական դաշտում վերջին հենարանից:

Այդեւայլ պատճառներով էր, որ Երեւանը հարավկովկասյան վերջին ալեբախումները դիմավորեց անպատրաստ ու երկյուղած` անընդունակ հասկանալու իրադարձությունների ընթացքը, անկարող որոնելու եւ հետապնդելու սեփական շահերն ու հետաքրքրությունները: Հենց այդ անկարողությամբ էլ Երեւանը պատրաստվում է Ղարաբաղի մեծ զիջմանը` այդպես էլ չընկալելով, որ Ղարաբաղի համար զրկանքներ ու կորուստներ կրած, արյուն թափած Հայաստանի ժողովրդի դիմադրողականությունը, կամքը, ձգտումները չէր կարելի ոտնատակ տալ: Եվ պատահական չէ, որ գլխապտույտ արագությամբ միմյանց են հաջորդում միջազգային դերակատարների հայտարարությունները` Ղարաբաղի հարցը պետք է լուծել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հենց այդ շրջանակներում էլ ընթանալու են Անկարայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ առաջիկա եռակողմ բանակցությունները:

Թվում է, թե Սերժ Սարգսյանն իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ծրագիրը, սակայն արդեն ոչ թե փուլային, այլ փաթեթային տարբերակով հանձնելով Ղարաբաղը: Թվում է, թե Տեր-Պետրոսյանն անկեղծորեն ցանկանում է հետ պահել Սարգսյանին «անհարկի զիջումներ» կատարելուց, գիտակցելով, որ Ղարաբաղի հետ միասին հանձնելու են նաեւ Հայաստանի Հանրապետության արժանապատվությունը: Հոկտեմբերի տասնյոթի իր ելույթում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությամբ եւ Արեւմուտքի բացահայտ մերժմամբ հանդես եկող մասնագիտությամբ արեւելագետ Լեւոն Տեր-Պետրոսյանը գիտի, որ Հայաստանի համար խաղն ավարտված է:

Խաղադրույքներից ծանրաբեռնված աշխարհաքաղաքական խաղասեղանն աստիճանաբար նմանվում է զոհասեղանի, որի վրա Հայաստանի մարմինն է` վիրավոր, խոցված, սակայն դեռ տաք, դեռ շնչող:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4