«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՆՈՐ ՓԱՍՏԵՐ

Վրաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպություններին, դեսպանություններին եւ իրավապաշտպան կառույցներին

Հակառակ Վրաստանի իշխանությունների կողմից էթնիկական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով ստանձնած միջազգային պարտավորությունների, փոքրամասնությունների խնդիրներին լուծում տալու տարբեր միջազգային կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի, ինչպես նաեւ մի շարք իրավապաշտպան կազմակերպությունների հորդորներին եւ հանձնարարականներին` վրացական իշխանությունները շարունակում են անտեսել եւ արհամարհել հայ փոքրամասնությանը հուզող խնդիրները, ավելին` մի շարք քայլերով էլ ավելի են սրում լարվածությունն ու դժգոհության մթնոլորտը:

Այսպես, թեեւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը պահանջում է իրեն վերադարձնել խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված տաճարները, մասնավորապես` Թբիլիսիի Ս. Նորաշեն եկեղեցին, թեեւ այդ պահանջը օրինական է ճանաչվել բազմաթիվ միջազգային ատյանների եւ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, վրացական իշխանությունները ոչ միայն անտեսում են այն, այլեւ ընդհակառակը` արտոնում հարեւան վրացական եկեղեցու սպասավորներին իրականացնել շինարարությունը Ս. Նորաշենի անմիջական հարեւանությամբ, որի նպատակն է շենքի վերջնական բռնազավթումը Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից:

Այս տարվա մայիս ամսին շնորհիվ Թբիլիսիի հայ համայնքի բողոքի ցույցի, Վիրահայոց թեմի դիմումների եւ վիրահայ ու հայաստանյան հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաեւ` «Երկիր» միության հայտարարությունների, հաջողվեց առժամանակ կանգնեցնել Ս. Նորաշենը շրջապատող պատի շինարարությունը: Սակայն մի քանի օր առաջ շինարարական աշխատանքները վերսկսվել են, ընդ որում` նոր թափով:

Ս. Նորաշեն եկեղեցու շուրջը տեղի ունեցող գործընթացներին զուգահեռ վրացական իշխանությունները, ոտնահարելով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների տարրական նորմերը, շարունակում են քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական գործեր հարուցել ջավախահայության շրջանում ժողովրդայնություն վայելող գործիչների նկատմամբ:

Այսպես, մտացածին մեղադրանքների հիման վրա 2,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման անդամ Արթուր Պողոսյանը, հետախուզման մեջ է Գուրգեն Շիրինյանը, իսկ նրա հայրն ու հորաքույրը կալանքի տակ են: Կալանքի տակ դատի են սպասում «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ Վահագն Չախալյանը եւ նրա անչափահաս եղբայրը, նրանց հայր Ռուբեն Չախալյանը ազատ է արձակվել գրավի դիմաց:

Շարունակվում են չլուծված վիճակում մնալ նաեւ հայ փոքրամասնությանը հուզող այլ խնդիրներ.

- Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը շարունակում է զրկված լինել պետական գրանցումից,

- վիրահայությունը եւ հատկապես համախումբ Ջավախքում բնակվող նրա հատվածը շարունակում է թերի ներկայացված լինել հանրային կյանքի բոլոր ոլորտներում,

- շարունակում են գործել օրենքները, որոնք պարտավորեցնում են փոքրամասնություններին հանրային գործունեության բոլոր ոլորտներում` ինքնակառավարման մարմիններում, տեղական վարչական մարմիններում եւ տեղական կրթական համակարգում օգտագործել բացառապես վրացերենը,

- տեղական վարչական, կրթական եւ այլ մարմիններում պաշտոնների նշանակումը շարունակվում է փոխկապակցված մնալ վրացերենի իմացությանը:

Այն պայմաններում, երբ Վրաստանը փորձում է ապաքինվել ռուս-վրացական հակամարտության հետեւանքներից ու ազդարարել երկրի ժողովրդայնացման եւ օրենքի իշխանության հաստատմանն ուղղված բարեփոխումների նոր փուլի մեկնարկի մասին, հայ փոքրամասնության նկատմամբ նման վերաբերմունքն էլ ավելի անտրամաբանական ու տարօրինակ է թվում:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը` «Երկիր» միությունը դիմում է ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոմիության եւ Եվրոխորհրդի համապատասխան մարմիններին, ինչպես նաեւ համապատասխան միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` ջավախահայության եւ վիրահայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ներկա խտրական քաղաքականությունը զսպելու ուղղությամբ անհապաղ եւ ուղղակի միջոցներ ձեռնարկելու, քաղաքական հետապնդումներին վերջ տալու եւ հայ փոքրամասնության խնդիրների լուծմանն օժանդակելու կոչով, մասնավորապես`

- վերջին շրջանում Ջավախքում կալանավորված բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը, նրանց նկատմամբ հարուցված բոլոր քրեական գործերի կարճմանը,

- Ջավախքում օրենքի իշխանության հաստատմանը եւ հայ բնակչության անվտանգության ու զարգացման իրական երաշխիքների տրամադրմանը,

- կրոնի ազատության հաստատմանը եւ Հայ առաքելական եկեղեցու իրավաբանական գրանցմանը,

- բռնագրավված հայկական եկեղեցիներին իրենց օրինական տերերին վերադարձմանը,

- վարչական միավորներում, որտեղ հայ բնակչությունը մեծամասնություն է կազմում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում օրենսդրությամբ հայոց լեզվի օգտագործման արտոնմանը:

Միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավիճակի հետագա սրումից եւ խոչընդոտել առճակատման նոր օջախի առաջացմանը:


Նկար 1. Պատի շինարարությունը Թբիլիսիի Սբ. Նորաշեն եկեղեցու շուրջը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4