«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


«ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ ՄԵԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾՎԱԾ ԵՆ, ՄՆԱՑԵԼ ԵՆ ԴԵՏԱԼՆԵՐԸ»

Արամ Մանուկյանը պնդում է, որ Տեր-Պետրոսյանը քաղաքական կամ ֆինանսական ավանս չի վերցրել

Անդրկովկասը որակապես նոր գործընթացի մեջ է, նոր իրավիճակ է, նոր քարտեզ է գծվում, ազդեցությունների վերաբաշխում է, դինամիկ փոփոխություններ, եւ ոչ խելոքը տուժելու է, ոչ ճիշտ որոշում կայացնողը կորցնելու է, ու Հայաստանը դժբախտաբար հայտնվել է այդ կարգավիճակում: Սա ՀՀՇ վարչության անդամ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանի գնահատականն է տարածաշրջանի իրադրության կապակցությամբ: Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված Արամ Մանուկյանը նշում էր, որ եթե 12 տարի առաջ Հայաստանը տարածաշրջանում առաջինն էր կանխատեսելիության առումով, իսկ հետո Վրաստանն էր ու երրորդը նոր միայն Ադրբեջանը, ապա այժմ Ադրբեջանն է առաջինը, իսկ Հայաստանը` երրորդը:

ՀԱԿ-ի ներկայացուցչի խոսքերով` Ղարաբաղի հարցն էլ այժմ դիտվում է հենց տարածաշրջանային իրադարձությունների համատեքստում, եւ այդ առումով լուծումն էլ լինելու է ոչ միայն զուտ Ղարաբաղի հակամարտության լուծում, այլեւ տեղավորվելու է ընդհանուր գործընթացների շրջանակում: Դա, ըստ Արամ Մանուկյանի, փոքրացնում է Ղարաբաղի հակամարտության գործընթացում Հայաստանի դերը, Հայաստանի գործոն լինելը:

Անդրադառնալով ներքին կյանքին, Արամ Մանուկյանը նկատում է, որ կրիմինալի եւ իշխանության գործակցությունը, կրիմինալի գերիշխանությունը, Հայաստանը արտաքին գործընթացներում դարձնում են խոցելի, «ինչի վկայությունն էլ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեզ համար մտահոգիչ վիճակն է, երբ հստակ է, որ Հայաստանի իշխանությունը միջազգային ճնշման տակ պատրաստվում է կատարել միակողմանի զիջումներ»:

Այդ առումով, ըստ Արամ Մանուկյանի, ելքը այս իշխանության փոփոխությունն է, որ ընտրվի ժողովրդի իշխանություն, որն էլ կարող է զերծ մնալ արտաքին որեւէ ճնշումից: Արամ Մանուկյանը չի կասկածում, որ հասարակությունը հասնելու է այդ խնդրի լուծմանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչը նաեւ կարծիք հայտնեց, որ պետք չէ մեծ սպասելիքներ, լուրջ լուծումներ ակնկալել Ռուսաստանում կայանալիք Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից: Ըստ Արամ Մանուկյանի, այդ հանդիպումն ընդամենը քննարկելու է հակամարտության կարգավորման մանրամասներ, դետալներ, քանի որ լուրջ խնդիրները, ըստ Մանուկյանի, միջնորդներն իրար հետ արդեն համաձայնեցրել են, ինչը դրսեւորվում է տարածքների վերադարձի, Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին ձեւակերպումներով: Դրանք արդեն որոշված են, եւ ըստ Արամ Մանուկյանի, այժմ միջնորդները պարզապես կողմերի հետ քննարկում են մանրամասները եւ իրար հետ մրցակցում, թե հատկապես ո՞ւմ գերակայությամբ պետք է խաղաղարար ուժերը տեղակայվեն վերադարձված տարածքներում, ում ուժերը պետք է իրականացնեն խաղաղարար առաքելությունը:

Անդրադառնալով այն դատողություններին, որ անում են իշխանական շրջանակներից, թե ակտիվ պայքարը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանը կայացրել է դրսի տերերի հրահանգով, ովքեր ֆինանսավորել են Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեությունը, Արամ Մանուկյանը հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանը երբեք եւ որեւէ մեկից չի վերցրել քաղաքական կամ ֆինանսական ավանս:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4