«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ԻՆՏԵԳՐԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Ղարաբաղում գյուղատնտեսության ոլորտին սկսել են ավելի մեծ ուշադրություն հատկացնել: ԼՂՀ գյուղնախարար, փոխվարչապետ Արմո Ծատրյանի մատուցմամբ, գյուղատնտեսությունը խթանելու նպատակով իրականացվում են վարկավորման եւ սուբսիդավորման մի շարք ծրագրեր: Վերջին մեկ տարում ոլորտին հատկացված գումարը կազմել է 1.2 մլրդ դրամ, իսկ մինչեւ 2011 թվականն այդ թիվը կբազմապատկվի ավելի քան 3 անգամ: Այս մասին նա հայտարարել է օրերս Ստեփանակերտում կայացած` երկրագործության զարգացման հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովի ժամանակ: Արմո Ծատրյանի տեղեկատվությամբ, մոտ ժամանակներս կառավարության քննարկմանը կներկայացվեն նախարարության մասնագետների մշակած երեք նոր ծրագրեր: Կառավարությունը գործնական քայլեր է իրականացնում նաեւ գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ: Մասնավորապես, տարեկան կներկրվի շուրջ 300 մլն դրամի գյուղտեխնիկա, որը լիզինգային եղանակով կտրամադրվի հողօգտագործողներին:

Հարկ է նշել, որ ոլորտին նվիրված նման մակարդակով գիտաժողով առաջին անգամ էր անցկացվում Արցախում: Գիտաժողովի նպատակն էր ոչ միայն ի հայտ բերել գյուղատնտեսությունում առկա հիմնախնդիրները, այլեւ գտնել դրանց լուծման ուղիները: Գիտաժողովին մասնակցում էին նաեւ ՀՀ գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը , բնագավառի գիտական եւ առաջատար մասնագետներ: ՀՀ գյուղնախարարի հավաստմամբ, երկու գերատեսչությունների համագործակցությունը կվերաճի իսկական ինտեգրացիայիՙ միասնական նպատակով եւ միասնական շահերով: Առաջին գիտաժողովի աշխատանքում ներառված էին միայն երկրագործության զարգացման խնդիրները, իսկ հետագայում, ըստ Ա. Գրիգորյանի, կքննարկվեն անասնաբուծության, անասնաբուժության, ագրովերամշակման եւ այլ խնդիրներ:

Առհասարակ, ԼՂՀ-ում գյուղատնտեսության հետպատերազմական վիճակի ուսումնասիրության անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել, որովհետեւ գյուղերի զարգացումն առանց ոլորտի վերականգնման հազիվ թե հնարավոր է: Դեռեւս 1990-ական թվականների կեսերին կատարված կոլեկտիվ տնտեսությունների լուծարումը, որն ուղեկցվել է ուղղակի թալանով, եւս իր ծանր կնիքն է թողել: Փաստացի, սեփականաշնորհման անվան տակ ոչնչացվել են գյուղատնտեսական այն բոլոր ձեռքբերումները, որոնք խորհրդային տարիներին Արցախի տնտեսության ողնաշարն էին կազմում: Արմո Ծատրյանը ներկայացրեց խորհրդային տեմպերը բնութագրող այսպիսի ցուցանիշներ. 1980-ական թվականներին, միջին տվյալներով, Արցախում տարեկան արտադրվում էր 63.000 տոննա հացահատիկ, 100.000 տոննա խաղող, 10.000 տոննա տավարի միս, 52.500 տոննա կաթ, մինչեւ 28 միլիոն ձու: Եթե այս թվապատկերին ավելացնենք արցախյան պատերազմի հետեւանքով պատճառված վնասները, որոնք գումարային հաշվարկով կազմում են ավելի քան երկու միլիարդ դրամ, ապա կարելի է մոտավոր պատկերացում կազմել ոլորտի վիճակի մասին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի բնակչության շուրջ կեսը բնակվում է գյուղական վայրերում:

ՀՀ գյուղնախարարի տեղակալ Սամվել Ավետիսյանի գնահատմամբՙ Ղարաբաղի եւ Հայաստանի ագրոպարենային համալիրների զարգացումը պետք է դիտարկել միասնական հարթության վրա եւ հարաբերությունները կառուցել փոխշահավետ համագործակցության սկզբունքներով: Ընդ որում, այդ ուղղությամբ շոշափելի քայլեր արդեն արվում են, որի իրական արտահայտությունը Ասկերանի շրջանի Խրամորթ եւ Խաչեն, Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերականգնման ծրագրերն են:

Ուշագրավ էր նաեւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի ելույթը: Ըստ բանախոսի, գյուղատնտեսական ծրագրերը հնարավոր է իրականացնել բարձր որակավորմամբ մասնագետներով ապահովվածության եւ նոր տեխնոլոգիաների կիրառման պարագայում: Միեւնույն ժամանակ, անհնար է արտադրության համար պահանջված մասնագետներ պատրաստել սոսկ լսարանում: ԼՂՀ-ում գործող համապատասխան ուսումնական հաստատությունների լաբորատոր եւ նյութատեխնիկական բազան շատ աղքատիկ է, չկա ուսումնափորձնական տնտեսություն: Ելնելով դրանից, այս տարվա ապրիլ ամսում առաջարկվել էր Արցախում բացել Հայաստանի պետական ագրարային համալսարանի մասնաճյուղ, որը ԼՂՀ կառավարության աջակցությունն են գտել: Նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ 2009-ի հունվարի 1-ից մասնաճյուղը կսկսի գործել:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4