ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ինտերնետային կապով տեսակոնֆերանս է տալու սփյուռքի լրատվամիջոցների համար. այն նկարահանվելու է, եւ ամեն մի հեռուստաընկերություն դրսում կարող է այդ հանդիպումը ցուցադրել. «Դա նշանակում է, որ մենք համայնքների հետ պետք է աշխատենք ոչ միայն գաղութներ այցելելով, այլեւ հեռուստակամուրջների, տեսակոնֆերանսների, ինտերնետային քննարկումների միջոցով, որովհետեւ այդ դեպքում կկարողանանք յուրաքանչյուր համայնքի հետ արագ կապվել եւ մեր խնդիրները համատեղ քննարկել», հայտնեց երեկ լրագրողների հետ իր առաջին հանդիպման ընթացքում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ` ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաքելությունը:
Սփյուռքի հետ աշխատելու գլխավոր գործիքը տեղեկատվությունն է, այնպես որ նախարարը դիմեց-հորդորեց խմբագիրներին, որպեսզի սփյուռքյան թեմաները հատուկ ուշադրության արժանացնեն, անդրադարձները պատահական չլինեն, քանի որ սփյուռքն այսօր տեղակայված է աշխարհի 120 երկրներում, եւ հայ բնակչության 2/3-ը հայաստանյան տարածքից դուրս է ապրում:
Սփյուռքի նախարարության հիմնական առաքելությունն է մշակել եւ իրականացնել սփյուռք-հայրենիք գործակցության զարգացման պետական քաղաքականությունը կառավարության քաղաքականության համատեքստում եւ համակարգել գործադիր իշխանության մարմինների գործունեությունը սփյուռք-հայրենիք գործակցության առումով:
Արդեն հաստատվել է սփյուռքի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը, ստեղծված է լուրջ աշխատանքային խումբ եւ 80 տոկոսով պատրաստ է սփյուռք-հայրենիք գործակցության հայեցակարգը, առաջիկայում այդ պետական փաստաթուղթը կյանք կմտնի: Նախարարության 9 վարչության, 82 քաղծառայողի պաշտոնի անձնագրերը պատրաստ են եւ ուղարկվել են քաղծառայության խորհուրդ` հաստատման, որից հետո մրցույթ է հայտարարվելու համալրելու նախարարության աշխատակազմը:
Նախարարության հիմնական խնդիրներից են հայապահպանությունը (մայրենի լեզվի պահպանում` կրթական խնդիրների լուծմամբ), հայ ընտանիքի պահպանումն ավանդույթներով, հայ մշակույթի պահպանումը, որ հայ ազգի անձնագիրն է, նաեւ` հոգեւոր միասնության պահպանումը: Մեր ժողովրդի ներուժի հայտնաբերումն ու օգտագործումը եւս խնդիր է:
Հայրենադարձության ծրագրերը խթանվելու են` դեկտեմբերին կազմակերպվելու է «1946-48 թվականների հայրենադարձությունը, դասերը եւ առաջիկա խնդիրները» գիտական համաժողով` հայրենադարձության ծրագիր մշակելու համար, հաշվի առնելով նաեւ մինչեւ այժմ արված սխալները:
Նախ հիմնախնդիրները պետք է ուսումնասիրել, տեղեկատվական բազային տիրապետել, մի խոսքով` 7 միլիոնանոց սփյուռքի հետ աշխատել է պետք: Դրա համար նաեւ իրավական հիմքեր պետք է ստեղծվեն` համայնքների կարգավիճակը պետք է ճշտվի, օգտագործվեն կոնվենցիաները, երկկողմանի միջպետական հարաբերությունները, գործող օրենսդրության` սփյուռքին վերաբերող դրույթները բարեփոխվեն, որ սփյուռքահայը Հայաստանում իրեն օտարված չզգա:
Իսկապես շատ հիմնախնդիրներ կան, մեկն էլ դրանցից բոլոր հայկական եւ հայկական առարկաներ անցնող օտար կրթական հաստատությունների անձնագրավորումն է, դասագրքերի ստեղծումն ու առաքումը: Հեռակա, վիրտուալ ուսուցումը եւս կարեւոր է, հայոց լեզուն, գրականությունը պատմությունը գոնե պետք է թվայնացնել, որ օգտվեն: ՀԲԸՄ-ն եւ ԵՊՀ-ն համատեղ արդեն ստեղծել են վիրտուալ քոլեջ, համակարգիչը կարող է մեծ դեր խաղալ երկու ուղղագրությունների խնդիրը լուծելու տեսակետից. ամերիկահայ Թոմ Սամուելյանը ծրագիր է պատրաստել` կոճակի մեկ հպումով կարող ենք կարդալ մեսրոպյան ուղղագրությամբ կամ արեւելահայերենով:
Սփյուռքագետ մասնագետների խնդիրը դժվար է, ՀՀ-ում շատ քիչ` մեկ տասնյակի չեն հասնում այն մասնագետները, որոնք գիտեն սփյուռքը, գրել են գաղթօջախների պատմությունը: Նախարարության առաջին գործը եղել է դիմել ԵՊՀ-ին` սփյուռքագիտության ամբիոն հիմնելու համար, արդեն ստեղծվել է: Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստորագրվել է գործողությունների ծրագիր, մագիստրոսներ պետք է պատրաստվեն, որոնք լրջորեն կզբաղվեն գաղթօջախներով եւ սփյուռքով: Ստեղծվելու է նաեւ սփյուռքահայ գրողների մասնաճյուղ, օտարալեզու հայ գրողների համագումար է կազմակերպվելու:
Տեղեկատվությունն օպերատիվ հասցնելու համար ստեղծվում է կայքէջ, ՄԱԿ-ն է ֆինանսավորում, 6 լեզվով էլեկտրոնային թերթ է լինելու, իսկ ամեն տարվա վերջում սփյուռքյան տեղեկագիր կտպագրվի, որտեղ կզետեղվեն ողջ սփյուռքի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել համայնքներում: