ՀԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրեց ձեռք բերված պայմանավորվածությունները
Հոկտեմբերի 19-24-ը հայ գործարարների պատվիրակությունըՙ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ, մեկնել էր Սոչիՙ գործարար համաժողովի: Շուրջ 50 հայ գործարարների այցելության նպատակն էր այդ քաղաքում կայանալիք Օլիմպիադա-2014-ին հայկական ընկերությունների մասնակցության վերաբերյալ Սոչիի գործարարների եւ քաղաքային իշխանությունների հետ գործարար համաձայնություններ ձեռք բերելը: Երեկ այցելության մասին լրագրողներին մանրամասներ ներկայացրեց Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը :
ՀԱԱՊ նախագահը նշեց, որ հայ գործարարների պատվիրակության այցը Սոչի այդ օրերին քաղաքի գործարար կյանքի հիմնական իրադարձությունն էր: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Սոչիի քաղաքային խորհրդում, տեղի առեւտրաարդյունաբերական պալատի հետ պայմանավորվածություն ձեռք բերել օլիմպիական ավանի շինարարության եւ ապրանքների մատակարարման մրցույթների մասին տեղեկատվության փոխանակման, համատեղ գործարար համաժողովներ եւ ցուցահանդեսներ անցկացնելու մասին, ներկայացրել հայկական արտադրանքն ու ծառայությունները: Հայաստանի ներկայացուցիչներին ջերմորեն են ընդունել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները: Ըստ Մարտին Սարգսյանի, քաղաքում 160 հազարանոց ակտիվ եւ ուժեղ հայ համայնք կա, իսկ քաղաքային խորհուրդն ունի 9 հայ պատգամավոր, մեկը մշտական հանձնաժողովի նախագահ է: Համայնքի կազմակերպվածությանը, ՀԱԱՊ նախագահի կարծիքով, նպաստում է Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղի ակտիվ գործունեությունը:
Ինչ վերաբերում է գործարար պայմանավորվածություններին, դրանց թվում հիշատակվեցին Սոչի ցեմենտի առաքման, «Արմինկո» ընկերության կողմից աշխատուժի տեղափոխման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, ցանցային սպասարկումների, քաղաքում հայկական ձեռարվեստի եւ տեքստիլ արտադրանքի վաճառքի, տեղում երեսպատման սալիկների արտադրության, շինարարական նորագույն տեխնոլոգիաների, ջրամեկուսիչ նյութերի, ջրամատակարարման խողովակների, հանքային ջրի առաքման, ինչպես նաեւ հյուրանոցային կահավորման, ինտերիեր-դիզայնի իրականացման, ջեռուցման համակարգերի տեղադրման, այլ ծառայությունների իրականացման շուրջը, տարածքների վարձակալում Հայաստանի շինարարական հզորությունների ներկայացնելու համար:
Մարտին Սարգսյանը նշեց նաեւ, որ Սոչիում դեռ չեն սկսվել օլիմպիական ավանի շինարարության հիմնական մրցույթներն ու աշխատանքները: Եկող տարվանից դրանք մեծ թափ կստանան, քանի որ, փաստորեն, նախատեսվում է կառուցել գրեթե Սոչիին համարժեք մի նոր քաղաք: Այդ դեպքում արդեն հայկական ընկերությունների համար առավել լայն հեռանկարներ կառաջանան:
Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը երեկ տեղեկացրեց նաեւ, որ հայ գործարարների եւս մեկ կազմակերպված այցելություն, այս անգամ Սիրիա, նախատեսվում է այս տարվա դեկտեմբերի 2-ին: Արաբական այդ երկիր կմեկնեն եւ իրենց արտադրանքն ու ծառայությունները առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտները ներկայացնող 60 հայ գործարարներ:
ՀԱԱՊ առաջիկա ծրագրերի մասին խոսելով, Մարտին Սարգսյանը հայտնեց, որ շուտով կառույցին կից կսկսի գործել արբիտրաժային դատարանը, որը կհանգուցալուծի տնտեսական վեճերը գործարարների միջեւ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ