«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՔՅՈԼՆՈՒՄ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՐԱՆՑ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 19.30-ին Քյոլնի Մայր տաճարին դիմահայաց, ապակեպատ Դոմֆորումի դահլիճում մեկնարկեց ամենամյա դարձած Հայ մշակույթի օրեր-2008-ը, որ, ինչպես արդեն ծանուցել է «Ազգը» , այս տարի նվիրված է լինելու Թուրքիայի հայերին: Գերմանահայոց առաջնորդ Գարեգին արք. Բեկջյանի բացման խոսքից հետո ելույթ ունեցավ Ստամբուլից Քյոլն ժամանած հայտնի հրատարակիչ Օսման Քյոքերը: Նրա «Սիրելի եղբայրս» բացիկների ցուցահանդեսը շրջել է տարբեր քաղաքներում, այդ թվում նաեւՙ 2006-ին Քյոլնում, «ո՞ւր են թուրքահայերը» հարցն անընդհատ հնչեցնելով ու փորձելով պատասխան գտնել: Լուսապատկերների ուղեկցությամբ դասախոսությունը կհագեցնեն երեք պոլսահայերՙ երգչուհի Սիբիլ Պեկտորոսօղլուն, ստեղնաշարահար (keyboard) Ռոբեր Դողանայը եւ Ժպիտ Բերբերյանի նկարչությունը:

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.30-ին EL-DE Haus-ում կկայանա երկու հանդիպում. նախՙ թուրք քյոլնաբնակ գրող Դողան Աքհանլիի, այնուհետեւ Բեռլինի «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամի ներկայացուցիչ քաղաքագետ Ուլլա Կուքսի հետ, ով հանդես կգա «Ռաֆայել Լեմկինը եւ ցեղասպանության կոնվենցիայի 60-ամյակը» բանախոսությամբ:

Նոյեմբերի 9-ին, ժամը 11-ին Քյոլնի առաջնորդանիստ սուրբ Սահակ-Մեսրոպ տաճարում մատուցվելիք պատարագից հետո Գարեգին սրբազանը ելույթ կունենա «Հայոց եկեղեցին եւ թուրքահայերը» թեմայովՙ բանավեճի հրավիրելով ներկաներին:

Հայ մշակույթի օրերի շրջանակներում անցկացվող հաջորդ միջոցառումը նոյեմբերի 12-ին է: Ժամը 19.30-ին Դոմֆորումում կցուցադրվի Թուրքիայում ծնված, այժմ գերմանաբնակ հայ-հրեա Նուրան Դավիթ Կալիսի «Մայրս, եղբայրս եւ ես» ֆիլմը:

Նոյեմբերի 15-ին, ժամը 17.30-ին Քյոլնի Հայ տան բեմը կտրամադրվի գերմանահայ պատանիներին: «Վիլյամ Սարոյանի հետ» վերնագիրն է կրում նրանց կազմակերպած գրական երեկոն:

Նույն սրահում նոյեմբերի 22-ին, ժամը 17.00-ին լուսապատկերների ուղեկցությամբ «Վերջին հայկական գյուղըՙ Վագիֆլիքյոյ» թեմայով դասախոսություն կկարդա Բեռլինից ժամանած Աիդա Չափարը:

Քյոլնի 2008-ի մշակույթի օրերը կեզրափակի «Պոլսի հայ գրականությունը» գրական-երաժշտական երեկոն: Հաննովերից Քյոլն ժամանած գրող, լրագրող, թարգմանիչ Րաֆֆի Քանդյանիՙ նոյեմբերի 28-ին, ժամը 19.30-ին Դոմֆորումում կարդացվելիք դասախոսությունը կուղեկցվի Համբուրգի Թհալիա թատրոնի դերասանուհի Ռութ Մայերի ընթերցանությամբ, մեցցոսոպրանո Սաթիկ Թումյանի երգեցողությամբ:

Քյոլնի կաթոլիկական կրթական կենտրոնի եւ Առաջնորդարանի մշակույթի հանձնախմբի կազմակերպությամբ անցկացվող Քյոլնում հայ մշակույթի օրերին դեռ կանդրադառնանք:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4