Հանրահայտ օպերային երգչուհին սեպտեմբեր-հոկտեմբերին մի շարք ելույթներ է ունեցել Ֆրանսիայի հարավում, մասնավորապեսՙ Մոնպելյե քաղաքի Ազգային օպերայում: «Միդի լիբր» թերթը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին նույն քաղաքի հեղինակավոր համերգային կենտրոնումՙ Կորումի «Պաստյոր» սրահում նա հանդես է եկել դասական երաժշտության մենահամերգով: Համերգին մասնակցել են հայ նշանավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, Մոնպելյեի Ազգային նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժոր Ալեն Ալթինօղլուն եւ կլարնետահար Պոլ Աբելյանը:
Համերգի սկզբում կատարվել է սոպրանոյի, դաշնամուրի եւ կլարնետի համար Ֆրանց Շուբերտի (1797-1828) Der Hirt auf dem Felsen ստեղծագործությունը: Ապա Հասմիկ Պապյանը երգել է Կոմիտասի ընտրած հայկական եւ գերմանական երգեր: Համերգի երկրորդ մասում կատարվել են Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, որին ֆրանսիական թերթը ներկայացնում է որպես «մեր օրերի ամենանշանավոր հայ կոմպոզիտորը»:
Հենց այդ համերգի ժամանակ տեղի է ունեցել Մանսուրյանի գործերից մեկի («Վեց երգ ձայնի եւ դաշնամուրի համար», խոսքՙ Բաղդասար Դպիրի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի) պրեմիերան:
2006 թվականին Հասմիկ Պապյանը թողարկել էր խտասկավառակ Մեծ եղեռնից առաջ Կոմիտասի ժողոված եւ մշակած երգերով: «Միդի լիբր» թերթի երաժշտական մեկնաբան Միշել Ֆիզենի բնորոշմամբ, դրանց ռիթմիկան եւ արտաբերությունը հիշեցնում են ավելի շուտ ազգային ֆոնով միջնադարյան մեղեդիներ, քան դասական գործեր: «Բելլինիի կամ Վերդիի ստեղծագործությունների կատարման մեջ աստվածային լինելովՙ սոպրանո Հասմիկ Պապյանը խանդավառությամբ է կատարում այս երգերը», գրում է թերթը:
Հիշյալ համերգի ժամանակ Հասմիկ Պապյանը կատարել է նաեւ իր համար Տիգրան Մանսուրյանի գրած Canti paralleli-ն (խոսքՙ Դպիրի, Չարենցի, Իսահակյանի), ինչպես նաեւ Քուչակի չորս հայրեններՙ Տ. Մանսուրյանի նվագակցությամբ:
Ինչ վերաբերում է օպերային, Հասմիկ Պապյանը Մոնպելյեում նոր համերգաշրջանի բացումն իրականացրել է Վերդիի «Աիդա» օպերայի համերգային կատարմամբ, որը տեղական մամուլը բնութագրում է որպես «հաղթական բացում»: Հայ սոպրանոն իր կերպարին մեծ խորություն է հաղորդում արդեն O cieli azzurri արիայից, իսկ O terra addio հրաժեշտի արիան պարզապես ցնցող է:
Resmusica.com ինտերնետային հրատարակությունը Մոնպելյեի համերգային կենտրոնում «Աիդայի» համերգային չորս ներկայացումները անվանում է նոր համերգաշրջանի «գլխավոր իրադարձություն»:
«Հարավի (Մարսել, Մոնպելյե, Նիցցա, Օրանժ...) բեմերում հաճախ հանդես եկող Հասմիկ Պապյանը դրամատիկ արվեստի մեծ ունակություններ դրսեւորեց երրորդ գործողության սկզբում հզոր, եթե չասենք խոր ձայնով, որը նա կարողանում է երանգավորել տարատեսակ գույներով... Հասմիկ Պապյանի թերեւս չափազանց արեւային ձայնը իր ճշմարիտ դրսեւորումն է ստանում օպերան եզրափակող սիրո եւ մահվան հիրավի երկնային զուգերգում», նշվում է հիշյալ ինտերնետային հրատարակության հոկտեմբերյան համարում:
Պատրաստեցՙ Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ