«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՔԻ ՖՐԱՆԿՖՈՒՐՏԻ ԵՎ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՄ

Այս տարի հայ հրատարակիչները մասնակցել են միջազգային գրքի բազմաթիվ ցուցահանդեսների Մինսկում, Հալեպում, Մոսկվայում, Աշգաբադում եւ այլն: Ընդհանուր առմամբ ավելի քան 400 անուն գիրք էր ներկայացված հոկտեմբերի 15-19-ը Մայնի Ֆրանկֆուրտում անցկացված գրքի 60-րդ միջազգային ցուցահանդես տոնավաճառին:

«Հայաստանի հրատարակիչների ասոցիացիան», «Անտարես», «Զանգակ 97», «Էդիտ պրինտ» հրատարակչություններն ու «Արտ Բրիջ» գրախանութն այս տարի մասնակցեցին միջազգային ցուցահանդես-տոնավաճառին:

«Տաղավարում երկու առանձնացված անկյուն կար: Առաջինը նվիրված էր սարոյանական տարվան: Ներկայացրել էինք Վիլյամ Սարոյանի առակները, պիեսները եւ այլն: Տպագրության 500-ամյակի կապակցությամբ տաղավարում առանձնանում էր նաեւ Հակոբ Մեղապարտի «Ուրբաթագրքի» առաջին հրատարակության կրկնօրինակը: Գրքին կից անգլերենով դրված էր ցուցապաստառ, որն ազդարարում էր հայկական տպագրության հոբելյանական տարվա մասին: Գերմանիայում հայկական դեսպանատան ջանքերի շնորհիվ Գյուտենբերգի անվան թանգարանում առանձին հատված կհատկացվի հայերեն առաջին տպագիր գրքին: Երաժշտական բաժնում ընթերցողը տեղեկություն կգտնի հայ հնագույն ազգային նվագարանների մասին», երեկ մշակույթի նախարարությունում ասաց գրահրատարակչության գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը :

Նրա խոսքերով, բազմաթիվ հանդիպումներ հերթական անգամ փաստեցին, որ օտարերկրացիներին հետաքրքրում է հայ գրականությունը: Ցուցահանդեսի ժամանակ տեղի են ունեցել տարբեր գործնական հանդիպումներ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Դրանցից մեկն էլ թուրքական «Պեն» գրահրատարակչական ակումբի ներկայացուցիչների հետ էր: Բանակցությունների արդյունքում թուրքական պատվիրակությունն առաջարկել է 2009-ին հրատարակել հայ ժամանակակից բանաստեղծների` Հովհաննես Գրիգորյանի, Արտեմ Գրիգորյանի, Դավիթ Հովհաննեսի եւ այլոց ստեղծագործությունների անթոլոգիան:

Հայերեն բազմաթիվ գրքեր կթարգմանվեն նաեւ գերմաներեն: Միջոցառումներ են մշակվել նաեւ հայ երիտասարդ գրողների համար:

«Պետք է փաստել, որ վերջին շրջանում Հայաստանում զարգանում է նաեւ թարգմանական գրականությունը: Եթե նախկինում նման տոնավաճառներում ներկայացվելիք գրքերը հայերեն էին, ապա վերջին 6-7 տարվա ընթացքում Հայաստանում հրատարակվել են անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, ռուսերեն, արաբերեն եւ մի շարք այլ լեզուներով գրքեր, ալբոմներ, ժամանակակից բանաստեղծների եւ արձակագիրների անթոլոգիաներ», ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստանում վերջերս կայացած գրքի միջազգային տոնավաճառի եւ Ֆրանկֆուրտի ցուցահանդեսի միջեւ, Միլիտոնյանը նշեց. «Եթե Ռուսաստանի հայկական համայնքը հիմնականում հետաքրքրվում էր պատմական գրքերով, ապա Ֆրանկֆուրտում մարդիկ հիմնականում գնում էին ժամանակակից կյանքը ներկայացնող ստեղծագործություններ»:

Գերմանիայում հրատարակիչները հանդիպել են նաեւ Հեսսեն երկրամասի հայկական համայնքի հետ եւ նշել համայնքի 40-ամյակը: Ցուցահանդեսի ավարտից հետո հայկական պատվիրակությունը գրքերի մի մասը նվիրաբերել է համայնքին, որոշակի մաս էլ` Գերմանիայում հայկական դեսպանատան գրադարանին:

«Թեպետ 2008-ը հռչակվել էր թուրքական գրքի ու գրականության տարի, սակայն տեղի ունեցան նաեւ հայկական միջոցառումներ: Մասնավորապես Ստամբուլի Ազգային փոքրամասնությունների գրադարանի տնօրեն Տիգրան Ասլանը հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է ընթերցել, որից հետո տեղի է ունեցել քննարկում:

Միլիտոնյանը հաջողության գրավական եւ լուրջ ձեռքբերում է համարում նաեւ այն փաստը, որ տարածաշրջանում ազգային մշակույթն ու գրականությունը բովանդակալից ներկայացրեց միայն Հայաստանը:

***

Նոյեմբերի 1-9-ը Ստամբուլում կկայանա գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, որին կմասնակցի նաեւ Հայաստանը:

«Կներկայացնենք «Սփյուռք» հանրագիտարանը, Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» վեպը: Ցեղասպանության մասին բազմաթիվ գրքերը կներկայացնենք նաեւ թուրքերեն լեզվով: Մինչ ցուցահանդեսի մեկնարկը, թուրքական պատվիրակությունը զգուշացրեց, որ հայերի անվտանգության համար իրենք պատասխանատու չեն: Սակայն համաձայնեցինք մասնակցել գրքի ցուցահանդեսին եւ վստահ ենք, որ ամեն ինչ լավ կընթանա», ասաց Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը :

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4