«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2008-10-28 | #199, 2008-10-29 | #200, 2008-10-30


ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բուհերում սովորող հայ ուսանողներին օժանդակելու ծրագրի գործադիր տնօրենի պաշտոնի համար հոկտեմբերի 10-ին երկու կայքերում տեղադրված հայտարարությունը մտահոգության հիմք է նախաձեռնության հեղինակ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի կարծիքով. «Համաձայն կարգի, հարկ էր, որ հայտարարությունը պաշտոնապես տրվեր ու տպագրվեր հայաստանյան պարբերականներում: Ինչը չի արվել եւ որքան էլ լավատեսորեն դիտարկենք իրավիճակը, այնուամենայնիվ, տեղ է մնում արդար եւ արժանի ընտրության առնչությամբ որոշակի կասկածների համար»:

Նախորդ տարվա սեպտեմբերի 5-ին նախաձեռնած հայեցակարգը (մանրամասներըՙ «Ազգի» հոկտեմբերի 17-ի համարում) առավելագույն թափանցիկությամբ է անցել մշակման փուլը եւ իրականացվել առանց խեղաթյուրումների, չնայած նման փորձերն ու վարչական ապարատի ուժգին դիմադրությունը հայեցակարգի նախաձեռնման օրվանից մշտապես ուղեկցել են գործընթացին: Այս մասին էլ փաստեց Արթուր Իշխանյանը երեկ «Հայացք» ակումբում, միաժամանակ պնդելով. «Այս հայեցակարգը բացառիկ է ոչ միայն որպես ստրատեգիական անհրաժեշտություն դիմագրավելու այլՙ գիտական դաշտ անցած համաշխարհային պայքարում, այլեւ նրանով, որ մարտերի շնորհիվ ներքեւից վերեւ անցած ծրագիր է: Չնայած կերակրատաշտ դարձնելու նպատակով վարչակազմի դրսեւորած դիմադրությանը, այնուամենայնիվ, հաջողությունն արձանագրված է»:

Վերջնական հաղթանակը, որ ազնիվ ու արդար, առանց կոռուպցիոն ռիսկերի ծրագիրն իրականացնելը կլինի իր հեռահար արդյունքներով, բանախոսի կարծիքով լիովին հնարավոր է. «Նախՙ առկա է հանրապետության առաջին դեմքերի գործուն աջակցությունը, ապա հայեցակարգը մշակված է հնարավոր ձեւերով կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնող նորարարական մեխանիզմներով, որոնք լիովին չընկալելու պատճառով էլ հենց դրսեւորվել է դիմադրության ներկայացված չափի մի մասը: Թվարկվածից բացի, հայեցակարգի դեռեւս մշակման փուլում դրան համաձայնության ստորագրություն է տվել գիտության, կրթության, քաղաքական, պետական եւ այլ ոլորտների 600 անձ: Ստորագրելուց հրաժարվել է 9 մարդՙ տարբեր պատճառաբանություններով եւ միայն երկուսը` գաղափարապես հակադրվելով: Հասարակությունն արդեն հստակորեն գիտակցում է հայեցակարգի անհրաժեշտությունը, եւ այս գործոնն է, որ առավել կարեւոր է նշված կերպով հայեցակարգը կյանքի կոչելու հարցում»:

Արդեն իսկ պետբյուջեից հատկացվել է 54 մլն դրամ, իսկ դեռեւս ապրիլի 18-ին հայեցակարգի ֆինանսավորման նպատակով ստեղծված «Լույս» հիմնադրամի միջոցները կուտակվելու են հիմնականում սփյուռքի մասնավոր ներդրումներով: Ուսանողների դիմումներն էլ արդեն տասից ավելի են ընդամենը մի քանի օրում:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4