Հայաստանի կենտրոն ազգային ավանդական կարատեի ֆեդերացիան (նախագահՙ Սուրեն Մաթեւոսյան) միակն է հանրապետությունում, որ անդամակցում է ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձեւի միջազգային ֆեդերացիային (ITKF): Ֆեդերացիան հիմնադրվել է անցած դարի 90-ականներին, նոր անունով վերագրանցվել է 2004-ին: Երեք տարի անց դարձել է միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ:
Բոլորովին վերջերս մեր չորս մարզիկները մասնակցեցին Վիլնյուսում անցկացված ավանդական կարատեի աշխարհի 14-րդ առաջնությանը, որը կազմակերպվում է 2 տարին մեկ: Ավանդական կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի պատվիրակները մասնակցեցին մրցաշարին, ինչը մեծ իրադարձություն էր մեր մարզիկների ու ֆեդերացիայի ղեկավարության համար: Մրցումների մասին խնդրեցինք պատմել ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթեւոսյանին :
«Առաջնությանը մասնակցեցին միջազգային ֆեդերացիայի անդամ 62 երկրներից 27-ը ներկայացնող շուրջ 180 կարատեիստներ: Ավանդական կարատեի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այստեղ գոյություն չունեն քաշային կարգեր, իսկ մրցումներին կարող են մասնակցել 19-55 տարեկան մարզիկները: Մրցումներն անցկացվեցին հինգ մրցաձեւիցՙ անհատական կատա, անհատական կումիտե, թիմային կումիտե, ֆուկու-գո եւ էն-բու կումիտե: Աշխարհի առաջնություններում յուրաքանչյուր երկիր իրավունք ունի առավելագույնը 15 մարզիկ ներկայացնել: Ֆինանսական միջոցների սղության հետեւանքով Հայաստանից հանդես եկան չորս մարզիկներ: Ամենատարեցը 42-ամյա Սմբատ Հովհաննիսյանն էր, որը նաեւ մեր ֆեդերացիայի փոխնախագահն է: Նա հանդես եկավ թիմային կումիտեում եւ իր տարիքի համեմատ բարձր վարպետություն դրսեւորեց: Մեր ամենաերիտասարդ մասնակից, 20-ամյա Նարեկ Իսկանդարյանը, որ նաեւ ֆեդերացիայի խորհրդի անդամ է, հանդես եկավ անհատական կատա մրցաձեւում: Երեւանի ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Մինասյանը մասնակցեց անհատական կումիտե մրցաձեւին, իսկ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գեւորգ Սարգսյանը հանդես եկավ ֆուկու-գո մրցաձեւում:
Մեր մարզիկներին չհաջողվեց մրցանակային տեղեր գրավել, սակայն նրանք իրենց լավ դրսեւորեցինՙ ինչը մեր մարզիչների ու ֆեդերացիայի բեղմնավոր աշխատանքի արդյունքն է: Միջազգային ֆեդերացիան Հայաստանի պատվիրակությանը պարգեւատրեց առաջնության խորհրդանիշը կրող ոսկե հուշամեդալով: Աշխարհի առաջնության մասնակցությունն արդեն իսկ մեզ համար մեծ նվաճում պետք է համարել: Փաստորեն, մեր մարզիկներն առաջին «ծիծեռնակներն» էին, որ հետագա սերունդների համար ուղի հարթեցին: Ինչ խոսք, մեր մարզիկները մեծ փորձ ձեռք բերեցին: Գոհ եմ նրանց ելույթներից: Նրանք ապացուցեցին, որ հաջորդ առաջնությունում արդեն կարող են պայքարել մրցանակային տեղերի համար», նշեց ֆեդերացիայի նախագահը:
Այսօր ավանդական կարատեով Հայաստանի տարբեր քաղաքներում ու մարզերում, ինչպես նաեւ Արցախում 1000-ից ավելի մարզիկներ են պարապում: Հիմնական դպրոցը գործում է Դավիթաշենում: Մրցումների մասնակցության ծախսերը հիմնականում հոգում է ֆեդերացիան, թեեւ կան ֆինանսապես աջակցողներ: Ֆեդերացիան 2006-ից անդամակցում է Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ընկերակցությանըՙ համագործակցելով նրա հետ: Ֆեդերացիայի նախագահը հույս ունի, որ կգտնվեն անհատ մարդիկ ու կազմակերպություններ, ովքեր կաջակցեն ավանդական կարատեի զարգացմանը մեր հանրապետությունում, կօգնեն, որպեսզի ֆեդերացիան ֆինանսապես հզորանա եւ կարողանա ավելի մեծ թվով մարզիկներ գործուղել միջազգային մրցաշարերի:
Ըստ Սուրեն Մաթեւոսյանի, ժամանակին Հայաստանում ունեցել ենք լավ կարատեիստներ, որոնք տարբեր պատճառներով հեռացել են հանրապետությունից եւ այժմ նվաճումների են հասել Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Ֆեդերացիայի հրատապ խնդիրներից մեկն էլ մարզիկներին Հայաստանում պահելն ու նրանց համար մարզումային ու կենցաղային բարվոք պայմանների ապահովումն է:
Վերջերս Հայաստանի կենտրոն ազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթեւոսյանն ու փոխնախագահ Սմբատ Հովհաննիսյանը մասնակցեցին Լեհաստանում միջազգային ֆեդերացիայի կազմակերպած սեմինար պարապմունքներին, որը վարում էր 9-րդ դան, աշխարհի կարատեի ֆեդերացիայի նախագահ Հիդետակա Նիշիյաման: Սուրեն Մաթեւոսյանին բախտ վիճակվեց նրա մոտ հաջողությամբ հանձնել քննությունը եւ 5-րդ դան ստանալ: Նշենք, որ Նիշիյաման աշխարհում ավանդական կարատեի հիմնադիր Գիչին Ֆունակոշիի վերջին ողջ մնացած աշակերտն է եւ համարվում է նրա հետնորդը: Ֆունակոշին է հիմնադրել ավանդական կարատեն Ճապոնիայում, պետականորեն ընդունել է տվել եւ ամբողջ աշխարհով տարածել է այդ մարտարվեստը:
Ընդհանրապես աշխարհում կարատեի երկու խոշոր կազմակերպություններ են ընդունվածՙ սպորտային կարատեի միջազգային ֆեդերացիան (WKF) եւ ավանդական կարատեի միջազգային ֆեդերացիան (ITKF), որոնք ՄՕԿ-ի կողմից ճանաչված են: Կան կարատեի տարբեր ոճեր, որոնք ունեն իրենց դպրոցները եւ նույնիսկ ֆեդերացիաները: Սակայն բոլորը չեն կարող անդամակցել միջազգային ֆեդերացիային, որը տվյալ երկրում ճանաչում է այդ մարզաձեւի միայն մեկ ֆեդերացիայի: Հայաստանում ավանդական կարատեի միակ պաշտոնական պատասխանատուն կենտրոն ազգային ավանդական կարատեի ֆեդերացիան է, որն ամեն ջանք ներդնում է հանրապետությունում մարզաձեւը զարգացնելու համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթեւոսյանը (կենտրոնում) հավաքականի մարզիկների հետ
Նկար 2. Հավաքականի ամենատարեց անդամ Սմբատ Հովհաննիսյանը