Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 9-րդ տուրում նոր հաջողության հասավ Սամվել Տեր-Սահակյանը: Նա սպիտակներով մրցում էր մինչեւ 18 տարեկանների մրցաշարի առաջատար, վիետնամցի Սոն Նգուենի հետ: Սամվելը կարեւոր հաղթանակ տոնեց եւ վաստակելով 7 միավոր, Նգուենի ու Լիմ լե Քուանգի հետ գլխավորեց աղյուսակը: Առաջնության ավարտից 2 տուր առաջ Սամվել Տեր-Սահակյանը հիանալի հնարավորություն է ստացել պայքարելու չեմպիոնի տիտղոսի համար: Հիշեցնենք, որ նախորդ ամիս կայացած Եվրոպայի առաջնությունում Սամվելը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում դարձել էր փոխչեմպիոն:
Մրցանակակիր դառնալու լավ հնարավորություններ է պահպանում նաեւ Մանուել Պետրոսյանը: Նա մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հերթական տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Յի Հուի հետ եւ վաստակեց 6,5 միավոր: Մանուելը 8-րդ տեղում է: Այստեղ առաջատարը լեհ շախմատիստ Կրժիշտոֆ Դուդան է (8 միավոր), որը հաղթեց իրանցի Շահին Լորպարիին: 7-ական միավորով 2-3-րդ տեղերն են բաժանում հնդիկ շախմատիստ Դիփթայան Գոշն ու չինացի Յու Վանգը:
Սյուզան Չաքրյանը, որ երեք անընդմեջ հաղթանակ էր տոնել, ցավոք չկարողացավ զարգացնել հաջողությունը: 9-րդ տուրում նա պարտություն կրեց եւ այժմ 5,5 միավորով 14-րդ տեղում է: Այս պարտությունը ճակատագրական կարող է դառնալ Սյուզանի համար մրցանակային տեղերի համար մղվող պայքարում: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարում առաջատարը վրաց շախմատիստուհի Նազի Պաիկիձեն է, որը վաստակել է 8 միավոր: Հաջորդ տեղերում են 7-ական միավոր ունեցող Կլաուդիա Կուլոնն ու Կետի Ցացալաշվիլին:
Հայ շախմատիստներից 5,5-ական միավոր ունեն Կարեն Գրիգորյանը (մինչեւ 14 տ.) եւ Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 12 տ.): 5-ական միավոր են վաստակել Ռոբերտ Հովհաննիսյանը (մինչեւ 18 տ.), Մարիա Գեւորգյանը (մինչեւ 14 տ.) եւ Արմեն Նազարյանը (մինչեւ 8 տ.):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ