Ռազմավարական հետազոտություններով զբաղվող Միջազգային ճգնաժամային խումբը գտնում է, որ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի Հարավային Կովկասի երկրների զինված ուժերի հետ համագործակցության ռազմավարությունը: Ըստ կազմակերպության, քանի դեռ Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, ՆԱՏՕ-ն պետք է Ադրբեջանի հետ իր համագործակցությունը կենտրոնացնի այդ երկրի զինված ուժերի ժողովրդավարական, քաղաքացիական վերահսկումը բարելավելու վրա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ադրբեջանի ռազմական բարեփոխումներին նվիրված զեկույցում նշվում է, որ ադրբեջանական բանակն առայժմ չի կարողանում հստակ առավելություն ձեռք բերել հայկական զինված ուժերի նկատմամբ` չնայած երկրի ռազմական ծախսերի բազմակի ավելացմանը: Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցի, դա առաջին հերթին պայմանավորված է երկրի ղեկավարությանՙ իրական բարեփոխումներ կատարելու քաղաքական կամքի բացակայությամբ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են «բանակին վերաբերվել առաջին հերթին որպես իրենց նեղ անձնական հետաքրքրությունները պաշտպանելու միջոցի», նշված է զեկույցում: