Բնության համաշխարհային հիմնադրամի գերմանական եւ հայաստանյան գրասենյակները ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացնում են «Հայաստանի Ջավախքի (Աշոցքի) շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկը տրվել է այս տարվա հունվարի 25-ին: «Ազգի» ընթերցողներին հիշեցնենք, որ Գերմանիայի կառավարության կողմից, գերմանական KfW զարգացման բանկի միջոցով ֆինանսավորվող այս ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Ջավախք-Շիրակի սարահարթի ուրույն կենսաբազմազանության պահպանումը եւ այդ տարածքի համայնքների զարգացմանն աջակցությունը «Արփի լիճ» ազգային պարկի ու դրա պահպանման գոտու ստեղծման միջոցով:
Այս ծավալուն ու աշխատատար գործի ընթացքին ծանոթանալու համար վերջերս զրուցեցինք ծրագիրն իրականացնող միջազգային խմբի ղեկավար, գերմանացի փորձագետ Մագնուս Սիլվենի հետ:
«Ազգային պարկի սահմանները դեռ որոշված չեն, բայց ունենք պլանավորման ընդհանուր տարածք մոտ 60 հազար հեկտար, որի մասը կլինի պարկը,- ասաց պրն Սիլվենը: - Մեր հիմնական խնդիրներից մեկը այդ 60 հազար հեկտարում ինտեգրված տարածքային հողօգտագործման պլանավորումն է: Դրա շրջանակներում կատարվում է տարածքի բնապահպանական զգայունակության, երկրագործական, անասնապահական տնտեսության ու դրանց հետ առնչվող հողօգտագործման առկա խնդիրների, ջրային եւ էներգետիկ ռեսուրսների փաստացի վիճակի գնահատում ու վերլուծություն: Այս գործընթացի արդյունքը լինելու է մի շրջանակային փաստաթղթի մշակումը, որում կամրագրվեն տարածքի օպտիմալ հողօգտագործման ուղենիշները` հաշվի առնելով նաեւ բնապահպանական խնդիրները: Ըստ այդմ կկազմվեն նաեւ ուղենիշ-քարտեզներ յուրաքանչյուր համայնքի համար: Ամեն մի համայնքին նաեւ կառաջարկվի օպտիմալ գլխաքանակի թիվ ըստ անասնատեսակների»:
Տարածքի ամենակարեւոր ռեսուրսներից մեկը, ինչպես նշեց ծրագրի ղեկավարը, ջրային պաշարներն են: Բացի ոռոգման ջրապաշարներից, որոնք տարածքի հիմնականում արեւմտյան կողմում են, նրա արեւելյան հատվածը (Ջավախքի լեռնաշղթայի արեւմտակողմը) նաեւ խմելու ջրի կարեւոր աղբյուր է, այդ թվումՙ Գյումրի քաղաքը երեւի մոտ 95 տոկոսով ապահովող: Կատարվող գնահատումից ու վերլուծությունից հետո մենք կունենանք պլանավորման ընդհանուր տարածքի կենսաֆիզիկական քարտեզ, որը կարտացոլի առաջարկվող մոտեցումներն ըստ տարբեր ոլորտների: Դա ըստ էության կլինի բազմաշերտ աշխարհագրական տեղեկատվության համակարգ` իր պարունակած հիմնարար տեղեկություններով օգտակար նաեւ մարզի պլանավորման աշխատանքներում ներգրավված պետական կառույցների համար:
Կարեւոր է նշել, որ սա մասնակցային գործընթաց է. այս աշխատանքները կատարելու համար ձեւավորվել են 4 աշխատանքային խմբեր` իրենց կազմում ներառելով բնապահպանության նախարարության եւ մեծ մասամբ մարզային կառույցների ու այդ գոտու համայնքների ներկայացուցիչներ: Տարածքային ինտեգրված պլանավորման այս գործընթացի սկիզբը դրվել է հոկտեմբերի 7-10 մոտ 100 մասնակիցներով տեղի ունեցած խորհրդաժողովով, որտեղ ներկայացված ցանկությունների համադրմամբ ձեւավորվեց պլանավորման ողջ տարածքի երկարաժամկետ` մոտ 20 տարվա տեսլականը, ինչպես նաեւ կազմվեցին նշված աշխատանքային խմբերը: Պլանավորման որոշակի աշխատանք կատարվեց նաեւ տարածքում զբոսաշրջության հնարավորությունների գնահատմանը նվիրված օրերս կազմակերպված եռօրյա սեմինարում:
Ազգային պարկի հիմնումը, ինչպես նշվեց, ծրագրի կարեւոր բաղադրիչն է: Դա կլինի ծրագրի շոշափելի արդյունքը: Պրն Սիլվենն ընդգծեց, որ շատ կարեւոր է պարկը եւս դիտարկել հողօգտագործման պլանավորվող մոտեցումների համատեքստում, որ այնտեղ նախատեսվող ամեն ինչը վերջինիս համահունչ ու ներդաշնակ լինի: Արդեն սկսվել է նաեւ բուն պարկի ձեւավորման մասնակցային գործընթացը: Ելնելով մինչեւ հիմա կատարված էկոլոգիական ուսումնասիրության արդյունքներից, իրենք մշակել են ազգային պարկի սահմանների նախնական մի նախագիծ, նաեւ նախանշվել են այդ նախագծով պարկին սահմանակցող համայնքները: Իրականացված տեղեկատվական արշավի շրջանակներում վերջիններիս բնակչության շրջանում նախապես որոշակի բացատրական աշխատանք կատարվել է: Իսկ այդ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ օրեր առաջ կազմակերպված եւս մի խորհրդաժողովում համատեղ աշխատանքի արդյունքով ձեւավորվել են պարկի ընդհանուր տեսլականը եւ աշխատանքային խմբեր, որոնք հենց պետք է զբաղվեն պարկի սահմանները որոշելու, աջակցության գոտու զարգացման ծրագրի մշակման գործնական խնդիրներով: Ինչպես պահպանման ողջ պլանավորվող տարածքի, այնպես էլ ազգային պարկի ձեւավորման խնդիրներով զբաղվող աշխատանքային խմբերը պետք է աշխատեն մինչեւ 2009-ի մարտի վերջը, իսկ ապրիլի վերջին այդ աշխատանքներն ի մի են բերվելու:
«Որքան ինձ հայտնի է, սա Հայաստանում այս կարգի առաջին ծրագիրն է, երբ համայնքի մարդիկ ընդգրկվում են պահպանման ողջ տարածքի եւ ազգային պարկի ձեւավորման, պլանավորման գործընթացում,- զրույցի վերջում ասաց ծրագրի ղեկավարը:- Մենք հույս ունենք մասնակցային գործընթացի միջոցով այդ տարածքների բնակչության շրջանում ստեղծել համասեփականատիրոջ զգացում, որը պետք է կանխի հետագա հնարավոր կոնֆլիկտները, ասենք, «Ազգային պարկի» պատասխանատուների հետ: Մենք նաեւ հավատացած ենք, որ մեր ծրագրի իրագործումն օգուտ կլինի թե՛ բնությանը, թե՛ մարդկանց»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ