Վիետնամում վերջնագիծը հատեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Ավարտական երկու տուրերը պետք է որոշեին մրցաշարի մրցանակակիրներին տարիքային 6 խմբերում:
Հայաստանի շախմատիստներից մեդալների ամենաիրական հավակնորդը Սամվել Տեր-Սահակյանն էր, որը 9-րդ տուրից հետո մի քանի շախմատիստների հետ գլխավորում էր աղյուսակը: Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Սամվելը վերջին երկու պարտիաներն էլ ավարտեց ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով վիետնամցի Լի լե Գուանգի եւ խորվաթ Իվան Սարիչի հետ: Արդյունքում 11 հնարավորից հայ շախմատիստը վաստակեց 8 միավոր ու լրացուցիչ գործակիցները հաշվի առնելով, զբաղեցրեց միայն 4-րդ տեղը: 8 միավոր էին վաստակել 5 շախմատիստներ, որոնցից լրացուցիչ գործակիցներով չեմպիոն հռչակվեց խորվաթ շախմատիստ Իվան Սարիչը: Արծաթե մեդալը նվաճեց վիետնամցի Նգուենը, իսկ բրոնզը բաժին հասավ ԱՄՆ-ը ներկայացնող Շանկլանդին:
Մրցանակակիր դառնալու որոշ հնարավորություններ ուներ նաեւ մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը: Սակայն նա 10-րդ տուրում պարտություն կրեց եւ զրկվեց մեդալից: 11-րդ տուրում Մանուելը ոչ-ոքի խաղաց եւ 7 միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: Տարիքային այս խմբում չեմպիոնի տիտղոսը նվաճեց լեհ Կրժիշտոֆ Դուդան, որը վաստակեց 9,5 միավոր:
Հայ շախմատիստներից 7-ական միավոր վաստակեցին նաեւ Սյուզան Չաքրյանը (մինչեւ 16 տ.) եւ Կարեն Գրիգորյանը (մինչեւ 14 տ.): Սյուզանը զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ Կարենը 13-րդն էր: Կարելի է նշել նաեւ մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաջող հանդես եկած Սուսաննա Գաբոյանին, որը 6,5 միավորով գրավեց 19-րդ տեղը: 5,5-ական միավոր վաստակեցին Տիգրան Հարությունյանը (12 տ., 44-րդ տեղ), Վլադիմիր Կանջարյանը (12 տ. 51-րդ տեղ), Հովհաննես Պետրոսյանը (16 տ., 32-րդ տեղ) եւ Արմեն Նազարյանը (8 տ., 42-րդ տեղ): Իրենց հաշվին 5-ական միավոր գրանցեցին Սիրանուշ Ղուկասյանը (10 տ., 45-րդ տեղ), Մարիա Գեւորգյանը (14 տ., 48-րդ տեղ) եւ Դիանա Մնացականյանը (18 տ., 31-րդ տեղ):
Ամենացածր արդյունքը ցույց տվեցին Մարինա Դավթյանը (10 տ., 57-րդ տեղ) եւ Աստղիկ Խալիկյանը (14 տ., 57-րդ տեղ), որոնք վաստակեցին 4,5-ական միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ