«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔ ՉԿԱ

Ըստ ԱԺ դաշնակցական փոխնախագահի

Վերջին շրջանում որոշ շրջանակների հնչեցրած տագնապը, թե ԼՂ հարցի շուրջն օղակը սեղմվում է, հայկական կողմին պարտադրվում է ոչ հայանպաստ լուծում, եւ անգամ` օգտագործվում է «Ղարաբաղը հանձնում են» ժողովրդական մակարդակով եզրույթը, իրոք բարձր մակարդակով պարզաբանումների կարիք է զգում: Մենք ի վերջո պետք է հասկանանք` այս բոլորի մեջ ո՞րն է քաղաքական շահարկում, որն` իրականություն, ո՞րն է պատվիրված դրսից (բազմիցս նկատել ենք` մեր երկրում խուճապը միշտ էլ դրսից պատվիրատուներ է ունենում), ո՞րն է չգիտակցված տարերայնության հետեւանք: Գուցե իսկապես պահն է, որ մեր երկրի արտաքին գերատեսչության պատասխանատուները քողազերծեն այն հիմնական սկզբունքները, որոնց մասին խոսք է գնում: Գուցե ժամանակն է, որ երկրի նախագահը հեռուստաէկրանից դիմի ժողովրդին եւ մանրամասնի այն բոլոր զարգացումները, որ կատարվում են ԼՂ հարցում: Գուցե իրոք իրազեկման պակասն է դեր խաղում, որ մարդկանց մղում է հավատալ ամեն տեղից ելնողի, որ ասում է, թե Ղարաբաղը հանձնում են: Այդ մասին «Ազգը» երեկ հարցրեց լրագրողների հետ հանդիպած ԱԺ դաշնակցական փոխնախագահ Հրայր Կարապետյանին, որն ընդունեց, որ, այո, իրազեկման պակաս կա հարցի վերաբերյալ. «Ողջունում եմ, որ (Էդվարդ) Նալբանդյանն ասում է, թե ժողովուրդը պետք է որոշի, բայց որոշելու համար պետք է իրազեկ լինի. իրազեկման խնդիրը պետք է լուծվի, մեր գործիչները պետք է դա անեն, մինչդեռ տեղի է ունենում հակառակ գործընթացը` ոչ իրազեկման գործընթաց է գնում տարբեր քաղաքական շահարկումներով, էդ էլ եմ հասկանում, ընդդիմությունն իր խնդիրն է լուծում, բայց դա վատ հետեւանքներ է թողնում մեր տրամադրությունների եւ այն ոգու վրա, որով մենք հաղթեցինք եւ հաղթելու ենք»:

Մինչ այդ Հ. Կարապետյանն ասել էր, որ ԼՂ հարցում խուճապային, պարտվողական, հաշտվողական տրամադրություններ են տիրում, որոնք ազդում են մարդկանց հոգեբանության վրա. ըստ նրա` նման տրամադրություններ ստեղծելու ոչ մի հիմք չկա, ընդհակառակը, լավատեսության համար հիմք կա, եւ ռազմաշունչ հայտարարություններ անող Ադրբեջանի նախագահի հետ համեմատած` մենք ունենք բավական համեստ նախագահ, որն այդպիսի հայտարարություններ չի անում:

Ըստ նրա, հարցը չի կարող լուծվել, մինչեւ անվտանգության եւ կարգավիճակի խնդիրները չլուծվեն, նույնիսկ եթե հանկարծ մեկը որոշի վատ տրամադրության տակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել: Անվտանգության խնդրի լուծումը տարածքներ հանձնելու միջոցով` թյուր պատկերացում է, խնդիրն արդեն ԼՂ հայերն են լուծել` ազատագրելով կենսական տարածքները, կարգավիճակի խնդիրն էլ են լուծել` ինքնորոշման իրավունքն իրացնելով:

ԼՂ ներկա կարգավիճակը ձեռնտու է մեզ, միակ խնդիրը, որ առաջանում է` չկա միջազգային ճանաչում, թե չէ այս կարգավիճակը մեզ ձեռնտու է, միակ մտահոգությունն այն է, որ վաղը կարող է նորից պատերազմ սկսվել, մենք ունենք այդ մտահոգությունը. «Բայց ինչո՞ւ եք կարծում, որ այդ մտահոգությունը չպետք է ունենա Ադրբեջանը, ինչո՞ւ եք կարծում, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի` ոչ միայն խնդիրներ կունենա ազատագրված 7 շրջանի, այլեւ ընդհանրապես իր տարածքային ամբողջականության, այնպիսի հարցերով, որոնք երազում էլ չի տեսել, կամ խնդիր կունենա, որ վաղը Հայաստանը ցամաքային սահման կունենա հյուսիսային հարեւանի հետ, կամ` ծովային սահման...»: Ըստ Հ. Կարապետյանի` որքան էլ իրենց բյուջեն 10 անգամ կրկնապատկեն, նրանք չեն կարողանա անցնել Հայաստանից. մեր բյուջեները գրեթե հավասար են, բայց խնդիրը բյուջեի մեջ չէ, 10 միլիարդ բյուջե կարելի է գրել, բայց այդ բյուջեն յուրացնել: Ադրբեջանի բանակը բարոյահոգեբանական վատ վիճակում է, անկարգապահ, դա բոլորը գիտեն. «Հավատացեք, մեր բանակը մարտունակ է, հավատացեք, շատ ավելի մեծ խնդիրներ լուծելու ընդունակ է, եւ եթե այսօր Ադրբեջանի նախագահը հոխորտում է, հավատացեք, դրա համար հիմք չունի»: Ինչո՞ւ է ռազմաշունչ հայտարարություններ անում այնտեղ` ըստ երեւույթին խնդիր ունի ժողովրդի հետ, բայց մենք էլ, ըստ Կարապետյանի, մեր ասելիքն ունենք, վերջապես 15 տարի Ադրբեջանն ու Թուրքիան շրջափակել են մեզ. Հայաստանն իրավունք ունի ոչ միայն ռազմական, այլեւ տնտեսական անվտանգության խնդիրներ լուծելու` ծով դուրս գալու, ցամաքային սահմաններ ձեռք բերելու եւ այլն: Կարապետյանը կարծում է, որ Հայաստանը տվեց շանս թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, այդ շանսը դեռ կորսված չէ, իսկ Թուրքիան որեւէ ձեւով իր դիրքորոշումները չի փոխել` իր հարաբերությունները մեզ հետ նորից պայմանավորում է երրորդ երկրի հարաբերություններով, որը բոլոր միջազգային նորմերին հակասող մոտեցում է, նորից ուրանում է պատմական արդարությունը: Գյուլի` մեկ օր առաջ ասած Հայաստանի հետ ջերմանալու մասին խոսքը զարմացրել էր նրան` ի՞նչ հիմք ունի Գյուլը խոսելու ջերմացման մասին, ի՞նչ է արել ինքը դրա համար, միակ քայլը, որ արել է, արել է Սերժ Սարգսյանը` հրավիրելով ֆուտբոլի. ինքն ի՞նչ է արել ի պատասխան` ոչինչ:

Մարդիկ, որ այս կամ այն կերպ առնչվել են ազատամարտին, Ժիրայր Սեֆիլյանն, օրինակ, որ մարտական ընկեր է եղել, կամ Հացպանյանը («չգիտեմ, ճիշտն ասած, միգուցե մեծ վաստակ ունեցող մարդ է»), բայց նրա շուրթերով տարածել այդ հոռետեսությունը, խուճապը, թե ամբողջ աշխարհը երեք տարբերակ է մշակել, որոշել է Ղարաբաղը տալ, հայերիս կործանել, ցեղասպանություն իրականացնել, չի կարելի: Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն էլ, որ արտերկրի լրատվամիջոցներից մեկին ասել էր ցեղասպանության վտանգի մասին` «Ես երեկ իմացա, մի փոքր զարմացա, որ անվտանգության ծառայության ղեկավարն այդպիսի բան ասի, պիտի ճշտվի` ճշտե՞լ եք»:

Սեֆիլյանի` «միացում, շարժում սկսենք, Ղարաբաղը միացնենք Հայաստանին»-ի, մասին. «Ժամանակին ես այդ ճանապարհով անցել եմ` եղել եմ «Միացում»-ի անդամ եւ եղել եմ 89 թ. վերամիավորման որոշման նախաձեռնողներից մեկը` Իգոր Մուրադյանի, Հրանտ Խաչատրյանի եւ մյուսների հետ, որոշումը կա միացման, պետք չէ նորից որոշում կայացնել: Իսկ այն որոշումը, ցավոք, դիվանագիտության մեջ չօգտագործվեց ժամանակին, չեն օգտագործվում դեռեւս Շահումյանի, Գետաշենի, Հյուսիսային Մարտակերտի, Արծվաշենի կորուստները: Իսկ ադրբեջանցիք ամեն ինչ են օգտագործում»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4