Կանադայում գործող Զորյան ինստիտուտի մի բաժանմունքը կազմող «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» եւ ցեղասպանագետների միության ջանքերով հրատարակվող «Ցեղասպանության ուսումնասիրություններ ու կանխարգելում» հանդեսի օրերս հրատարակված հերթական համարը նվիրված է ցեղասպանությունների հետեւանքներին, տեղեկացնում է խմբագրությանը հասցեագրված մամլո հաղորդագրությունը:
Հատորը մասնավորապես քննարկում է արդարադատության իմաստով հետցեղասպանական շրջանը Ռուանդայում, համերաշխության փորձերը Բոսնիայում եւ նախկին Հարավսլավիայում, ինչպես նաեւ ժխտողական քաղաքականության ազդեցությունը Մեծ եղեռնին հաջորդած սերունդների վրա:
Հատորում տեղ է գտել Լուիզվիլ համալսարանի մարդաբանության բաժնի պրոֆեսորի օգնական Ջենի Բըռնեթի «Տեղական արդարության անարդարությունը: Ճշմարտությունը, համերաշխությունը եւ վրեժը Ռուանդայում» վերնագրով հոդվածը, որտեղ քննության են առնվում տեղական դատարանների եւ երդվյալ ատենակալների համակարգում տեղ գտած անարդարությունները նույնիսկ այսօր` տասնչորս տարի այնտեղ կատարված ցեղասպանությունից հետո:
Սասեքսի (Անգլիա) համալսարանի հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուպերտ Բրաունն ու Բոսնիայի գիտության եւ տեխնոլոգիայի Սարաեւոյի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս Սաբինա Սեհաջըքի համատեղ հոդվածը` «Ոչ իմ անունով: Միջխմբային վայրագությունների ընդունմանը նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջանի հոգեբանական քննություն» վերնագրով, ուսումնասիրում է անհատ քաղաքացիների պատրաստակամությունը եւ ցանկությունը` ընդունելու կատարված վայրագությունները:
Բրանդիս համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, դոկտորականի հայցորդ Մայա Չաթիչի «Երկու հաշտությունների պատմությունը: Գերմանացիներն ու հրեաները Բ աշխարհամարտից հետո եւ Բոսնիան Դեյթոնից հետո» հոդվածը գտնում է, որ առաջինի (գերմանացիներ ու հրեաներ) հաջողությունը հենվում է այն փաստի վրա, որ հանցագործն ու զոհը ստիպված չէին միեւնույն հողակտորի վրա շարունակել ապրել:
Հաջորդ հոդվածը պատկանում է Ավստրալիայից Դիքին համալսարանի պատմության եւ հասարակագիտության ամբիոնի գիտաշխատող Դոննա-լի Ֆրիզին: Իր «Ցեղասպանության փուլերը: Ժխտողականության պատմություններ: Ատոմ Էգոյանի «Արարատը» վերնագրով հոդվածում նա բացահայտում է ցեղասպանության շարունակական բնույթը:
Հատորի ընդհանուր խմբագիր Հենրի Թերիոն անգնահատելի աշխատանք է կատարել, ներկայացնելով ցեղասպանությունը ոչ թե որպես «մեկուսացված փաստ», այլ «մղձավանջային մի ստվեր», որը հարատեւորեն ուղեկցում է իրարահաջորդ սերունդներին:
Հատորի վերաբերյալ լրացուցիչ մանրամասնությունների համար այցելել «admin@genocidestudies.org» կայքը:
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ