«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՎԱԽՔ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2008-ի հուլիսի 21-ին ժամը 4:00-ի սահմաններում վրացական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին Ախալքալաքում գտնվող իմ հայրական տուն, որտեղ բնակվում եմ ես եւ իմ ընտանիքի անդամները: Ներխուժելուց անմիջապես հետո ձեռնարկած խուզարկության ընթացքում իմ բնակարանում ինչ-որ զենք «հայտնաբերվեց»: Այս «հայտնաբերված» զենքը, որը, ինչպես ես միանշանակ պնդում եմ, գաղտնաբար բերվել էր հենց իրենց` հատուկջոկատայինների կողմից, օգտագործվեց որպես պատրվակ` ինձ, իմ հոր` Ռուբեն Չախալյանի եւ իմ անչափահաս եղբոր` Արմեն Չախալյանի ձերբակալության համար: Ձերբակալությունից հետո մեզ տեղափոխեցին Թբիլիսի, որտեղ իմ եղբայրը եւ ես շարունակում ենք կալանքի տակ գտնվել առ այսօր:

Սկզբնապես իմ հոր, եղբոր եւ իմ դեմ քրեական գործ հարուցվեց Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերում կամ պահպանում), սակայն հետագայում իմ դեմ առաջադրվեց երեք նոր մեղադրանք, որոնց հիմքում ուղղակիորեն ընկած է 2005-06 թթ. իմ ծավալած քաղաքական գործունեությունը: Մասնավորապես, ինձ մեղսագրել են 2005-06 թթ. զանգվածային բողոքի գործողությունների կազմակերպումը, եւ հատկապես` 2006-ին Վրաստանում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների բողոքարկման արդյունքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի կազմակերպումը: Իմ դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 226 հոդվածով «Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառման կազմակերպում», 353 հոդվածի 2-րդ մասով «Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն» եւ 239-րդ հոդվածի 2-րդ մասի Ա եւ Բ կետերով «Խուլիգանություն... կատարված Ա) խմբակային համաձայնությամբ. Բ) պետական պաշտոնյայի դեմ»:

Բացի վերոնշյալից, մեր ձերբակալությունից անմիջապես հետո Ախալցխայի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները նախաձեռնեցին իմ ընտանիքի անդամներին ու ազգականներին պատկանող փոքր արտադրամասերի ստուգումներ: Ներկա դրությամբ դադարել է գործել իմ հորը պատկանող մետաղապլաստե դուռ-լուսամուտների պատրաստման արտադրամասը:

Իմ նկատմամբ առաջադրված վերոհիշյալ մեղադրանքների պայմաններում, երբ հարուցված քրեական գործն արդեն գտնվում էր Ախալցխայի շրջանային դատարանում, սեպտեմբերի 26-ին, այսինքն ինձ կալանավորելուց ավելի քան երկու ամիս անց, Ախալցխայի դատախազության կողմից ինձ առաջադրվում են նոր շինծու մեղադրանքներ Վրաստանի քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 226 հոդվածների Ա եւ Բ կետերով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում)` նույնպես հիմնված 2006-ին իմ ծավալած քաղաքական գործունեության վրա:

Արդ, հաշվի առնելով վերոնշյալ փաստերը, ես` Վահագն Չախալյանս, հայտարարում եմ, որ իմ դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են, ունեն բացառապես քաղաքական հիմք եւ բխում են Ջավախքի եւ Վրաստանի այլ մասերում բնակվող հայ էթնիկ փոքրամասնության սոցիալական, կրոնական, լեզվական եւ մշակութային իրավունքների պաշտպանության նպատակով իմ ծավալած քաղաքական գործունեությունից:

2005-2008 թթ. իմ քաղաքական գործունեությունը ներառում է, մասնավորապես, հետեւյալը.

1. Ես տեղական եւ միջազգային լրատվամիջոցներով բազմիցս արծարծել եմ Վրաստանի հայ փոքրամասնության խնդիրները եւ կոշտ քննադատության եմ ենթարկել վրացական իշխանությունների կողմից էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը:

2. Ես հայ փոքրամասնության օրինական իրավունքների պաշտպանության նպատակով ստեղծված «Միասնական Ջավախք. ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման հիմնադիրներից եմ եւ առաջնորդներից մեկը:

3. 2006-ի հոկտեմբերին «Միասնական Ջավախք. ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժումը մասնակցեց Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այդ ընտրությունների արդյունքում «Միասնական Ջավախք»-ը, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր Ախալքալաքի շրջանում ձայների շուրջ 30%-ը (իսկ Ախալքալաք քաղաքում անգամ ունեցել է ձայների առավելություն իշխող կուսակցության նկատմամբ), ստանալով համապատասխանաբար` 3 տեղ սակրեբուլոյում (տեղական ինքնակառավարման մարմին): Այնուամենայնիվ, դաշինքը հրապարակավ վիճարկեց ընտրությունների արդյունքները` հայտարարելով, որ դրանք կեղծված են (իմ դեմ առաջադրված մեղադրանքներից մեկն ուղղակիորեն առնչվում է ընտրությունների արդյունքների բողոքարկմանն ուղղված հետընտրական հանրային բողոքի ցույցին):

Արդ, ես կոչ եմ անում վրացական իշխանություններին`

1. Կասեցնել իմ եւ իմ ազգականների, ինչպես նաեւ իմ ձերբակալությանը նախորդող Ախալքալաքի հայտնի դեպքերի առնչությամբ այլ անձանց նկատմամբ քաղաքական շարժառիթներով հարուցված բոլոր քրեական գործերը.

2. Դադարեցնել իմ եւ իմ ազգականների նկատմամբ բոլոր քաղաքական եւ տնտեսական հետապնդումները.

3. Ազատ արձակել ինձ եւ իմ ազգականներին, ինչպես նաեւ Ախալքալաքի հայտնի դեպքերին առնչվող այլ կալանավորված անձանց.

4. Կատարել իմ ձերբակալությանը նախորդող Ախալքալաքի հայտնի դեպքերի եւ մասնավորապես ազգությամբ հայ երկու ոստիկանների սպանության արդար եւ անկողմնակալ հետաքննությունը:

Ես նաեւ դիմում եմ Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչություններին, միջազգային կառույցներին, միջազգային եւ տեղական իրավապաշտպան կազմակերպություններին եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան պրն Սուբարիին` ինձ` Վահագն Չախայլանիս, իմ բոլոր կալանավորված ազգականներին, ինչպես նաեւ Ախալքալաքի հայտնի դեպքերին առնչվող այլ կալանավորված անձանց որպես քաղբանտարկյալների ճանաչելու խնդրանքով:

ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆ, Հոկտեմբերի 21, 2008 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4