«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


Microsoft-Ի ՆՈՐ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Կիրագործվի հանրակրթության ոլորտում

Հայաստանում գտնվող հանրահայտ Microsoft ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային փոխտնօրեն Վահե Թորոսյանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել:

Ներկայացնելով Microsoft-ի հետ մեր երկրի համագործակցության ծրագրերը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ «փորձում ենք հասկանալ, թե ինչ անենք, որ նպաստենք Microsoft-ի բիզնես գործունեությունը ընդլայնելուն»: Նա նաեւ շեշտեց, որ Հայաստանը ձգտում է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական հասարակության իմաստով տարածաշրջանում դառնալ լուրջ դերակատար եւ արդյունք արտադրող երկիր:

Հայաստանում Microsoft-ի նոր ծրագրի մասին խոսելով, Վահե Թորոսյանը հայտնեց, որ այն կոչվում է «Գործընկերներ ուսման ոլորտում»: Ծրագիրը նպատակ ունի տեղյակ դարձնելու նորագույն տեխնոլոգիաներին հանրակրթական դպրոցների ուսուցիչներին: Microsoft-ը ցանկանում է ներդրում կատարել հատկապես հանրակրթության ոլորտում, որտեղ 480 հազար դպրոցականներ եւ 50 հազար ուսուցիչներ կան: Այս ծրագրով համակարգչային ուսուցման հնարավորություն կստանան 3 հազար ուսուցիչներ եւ 90 հազար դպրոցականներ:

Վահե Թորոսյանը կարեւորեց Հայաստանի դպրոցներիՙ միմյանց հետ ինտերնետով կապված լինելը: Եվ ընդհանրապես, ինտերնետի հզորացումը Հայաստանում Վահե Թորոսյանը մարտահրավեր համարեց: Նա նշեց, որ իրՙ 2 տարի առաջ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածի համեմատ ինտերնետի որակը բարելավվել է եւ ավելացել ներթափանցումը: Բնակչության 7,5 տոկոսն է օգտվում ինտերնետից, իսկ արագընթաց ինտերնետից օգտվողներն ավելացել են 0,5 տոկոսով: Այս ցուցանիշները թեեւ բարելավում են, բայց առաջընթացը փոքր է: Microsoft-ի ներկայացուցիչը արձանագրեց, որ ինտերնետի գները նվազել են, որը դրական է սպառողների համար: Նա նաեւ հայտնեց, որ հայերենացվում են Վինդոուզ Վիստա եւ Մայքրոսոֆտ օֆիս ծրագրերը:

Երեկ Վահե Թորոսյանը նաեւ պայմանագիր կնքեց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի վարչության պետ Ռուբեն Քոչարյանի հետՙ ընկերության աջակցությամբ էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման փորձնական ծրագիր ստեղծելու մասին:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4