«Սիլ գրուպ» կոնցեռնը տարածել է հաղորդագրություն, որում դատապարտում է երկրի իշխանություններին (այդ թվում` դատական) «Սուքիասյանների ընտանիքի նկատմամբ քաղաքական վրեժխնդրություն դրսեւորելու համար»: Նշվում է, որ քաղաքական վրեժխնդրության զոհ են դարձել, մասնավորապես, «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը, «Պարես Արմենիա» ՍՊ ընկերությունը («Ֆիլիպ Մորիսի» պաշտոնական ներկայացուցիչը), «Պիցցա Դի Ռոմա» ՍՊ ընկերությունը, «Սպորտ թայմ» ՍՊ ընկերությունը («Ադիդասի» պաշտոնական ներկայացուցիչ), «Երեւանի ալրաղաց» ԲԲ ընկերությունը եւ «Նոր Շին» ՍՊ ընկերությունը, որոնք կրում են մեծ չափերի հասնող վնասներ: «Միայն «Բջնի» հանքային ջրերի գործարանի» գույքի վրա արգելանքներ դնելու եւ բռնագանձման գործընթաց սկսելու հետեւանքով ոչ միայն տուժել են ընկերությունը, ընկերության արտասահմանյան ներկայացուցչությունները եւ ընկերության արտադրատեսակների վարկանիշը, այլեւ 483 աշխատողներ մատնվել են հարկադիր պարապուրդի: Դատապարտելով այն բոլոր մեթոդները, միջոցները եւ մեխանիզմները, որոնք ուղղված են գործող ձեռնարկությունները ոչնչացնելուն: Հայտարարության հեղինակները նշում են. «Այս մոտեցմամբ գործող իշխանությունը մի բան է ապացուցել, որ այն գործարարները, որոնք կհանդգնեն չառաջնորդվել իրենց խաղի կանոններով, կպատժվեն կամայականության գործիքներով ամենայն խստությամբ»: