«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


«Ե՛Վ ԻՄ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ, Ե՛Ւ ԵՍ ՎՃՌԱԿԱՆՈՐԵՆ ԵՆՔ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ»

Հարցազրույց Չախալյանների ընտանիքի շահերի պաշտպան փաստաբան Ստեփան Ոսկանյանի հետ

- Պրն Ոսկանյան, տեղյակ ենք, որ Դուք որոշ դժվարություններ ունեցաք որպես Չախալյանների ընտանիքի իրավունքների պաշտպան ճանաչվելու հարցում:

- Այո, թեեւ Չախալյանների ընտանիքը դեռեւս հուլիսի վերջերին դիմել էր Վրաստանի արդարադատության նախարարություն ինձ որպես իրենց շահերի պաշտպան ճանաչելու խնդրանքով, սակայն այդ դիմումը բավարարվեց միայն սեպտեմբերի 5-ին: Այսինքն` վրացական իշխանությունները ավելի քան մեկ ամիս ձգձգում էին իմ հաստատումը` առաջադրելով նորանոր եւ հաճախ անհեթեթ բյուրոկրատական պահանջներ: Այսպես, սկզբում մերժման հիմք համարվեց այն հանգամանքը, որ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը (անձնագիրը եւ փաստաբանի վկայականը) վրացերենով չէին, եւ ինձանից պահանջեցին դրանք թարգմանել վրացերեն, ընդ որում` նոտարական վավերացմամբ, սա այն պարագայում, երբ այդ փաստաթղթերը միջազգային նմուշի են եւ որեւէ թարգմանության եւ վավերացման կարիք չունեն ոչ մի երկրում: Երբ այդ պահանջը բավարարվեց, առաջ եկավ նոր անհեթեթ պայման` դիմումը ներկայացնել ոչ թե տպագիր, այլ ձեռագիր:

Վերջ ի վերջո գիտակցելով, որ այդ ձգձգումներն ունեն միտումնավոր բնույթ, մենք ստիպված էինք դիմել Վրաստանի օմբուդսմենին, որ մերժելով գրանցել ինձ, վրաց իշխանությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքներից մեկը, որն ամրագրված է բոլոր երկրների հիմնական օրենքների, այդ թվում նաեւ Վրաստանի սահմանադրության մեջ, այն է` «յուրաքանչյուր ոք ձերբակալման պահից կարող է պահանջել պաշտպանի օգնություն, եւ այդ պահանջը պետք է բավարարվի»:

- Ի՞նչ մեղադրանքներ են առաջադրված Վահագն Չախալյանին:

- Ձերբակալությունից անմիջապես հետո Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների դեմ քրեական գործ հարուցվեց Վրաստանի քրեական օրենսգրքի 236 հոդվածի 1-ին մասով (զենքի, զինամթերքի կամ պայթուցիկ նյութերի ձեռքբերում կամ պահում): Ակնհայտ էր, որ վրացական իշխանությունները ուզում էին Վահագն Չախալյանին եւ նրա ազգականներին դատել որպես քրեական տարրերի, սակայն հասարակական ճնշման տակ, մեր կողմից լուրջ պաշտպանություն կազմակերպելու նախանշանները նկատի ունենալով, ստիպված եղան քրեական գործին հաղորդել բացահայտ քաղաքական բնույթ: Վահագն Չախալյանի դեմ առաջադրվեցին մի քանի նոր մեղադրանքներ, որոնց հիմքում արդեն ուղղակիորեն ընկած էր 2006 թ. նրա ծավալած քաղաքական գործունեությունը, մասնավորապես 2006-ի հոկտեմբերին Ախալքալաքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների բողոքարկման ցույցի կազմակերպումը: Այս դեպքի կապակցությամբ նրա դեմ մեղադրանքներ առաջադրվեցին Վրաստանի քրեական օրենսգրքի 226 հոդվածով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353 հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն) եւ 239 հոդվածի 2-րդ մասի Ա եւ Բ կետերով (խուլիգանություն... կատարված ա) խմբակային համաձայնությամբ եւ բ) պետական պաշտոնյայի դեմ):

Սակայն չբավարարվելով դրանով, գործով նախաքննությունը ավարտելուց եւ գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելուց մոտ մեկուկես ամիս անց, չնայած քրեական գործն արդեն գտնվում էր Ախալցխայի շրջանային դատարանի նախագահի վարույթում, դատախազությունը նոր շինծու մեղադրանքներ է առաջադրում Վահագն Չախալյանի դեմ` այս անգամ ... 2006-ի մարտ ամսին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

2006-ի մարտի 11-ին Ախալքալաքում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, որը կազմակերպվել էր ի նշան բողոքիՙ Վրաստանի Ծալկա քաղաքում 23-ամյա Գեւորգ Գեւորգյանի սպանության կապակցությամբ: Հանրահավաքի մասնակիցները դատապարտեցին հայազգի երիտասարդի սպանությունը, նշելով, որ այն հետեւանք է էթնիկական փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանի իշխանությունների սխալ քաղաքականության: Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ, որի ընթացքում առանձին վրդովված մասնակիցներ ի նշան բողոքի քարեր նետեցին Թբիլիսիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղի շենքի վրա (այդ մասնաճյուղը ջավախահայերը ընկալում են որպես երկրամասի վրացականացման հիմնապատվարներից մեկը), կոտրելով մի քանի պատուհան: Այժմ, այդ դեպքերից հետո շուրջ 2,5 տարի անց, վրացական իշխանությունները որոշում են քրեական գործ հարուցել այդ դեպքերի կապակցությամբ եւ պատժել այդ ցույցի «նախաձեռնող» Վահագն Չախալյանին: Նրան այս դեպքերի կապակցությամբ առաջադրվել է մեղադրանք Վրաստանի քրեական օրենսգրքի 225 (զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 226 հոդվածների Ա եւ Բ կետերով (հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում)

- Ինչո՞վ եք պայմանավորում Վահագն Չախալյանի, նրա հոր եւ եղբոր նկատմամբ քրեական հետապնդումը:

- Առաջին հերթին նրա քաղաքական գործունեությամբ: Չախալյանների դեմ հարուցված քրեական գործը միանշանակորեն ունի քաղաքական աստառ: Դրա մասին են վկայում թեկուզ միայն Վահագն Չախալյանի դեմ առաջադրված մեղադրանքները` զանգվածային անկարգությունների եւ հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում, պետական պաշտոնյային ցույց տրված խմբակային դիմադրություն, խուլիգանություն, կատարված խմբակային համաձայնությամբ եւ պետական պաշտոնյայի դեմ:

- Ինչպե՞ս է ընթացել նախաքննությունը:

- Ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ նախաքննության ավարտից հետո քրեական գործն ուղեկցվել է մի շարք ապօրինություններով, որոնք շարունակվում են առ այսօր:

Նախ, Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների ձերբակալման ժամանակ չի ապահովվել ընթերակաների ներկայությունը: Նրանց բացակայության պայմաններում է կատարվել Չախալյանների տան խուզարկությունը եւ «հայտնաբերվել է» զինամթերք, որի փաստով մեղադրանք է առաջադրվել իմ պաշտպանյալներին:

Ձերբակալման ընթացքում Չախալյանների ընտանիքի անդամների նկատմամբ առանց որեւէ անհրաժեշտության գործադրվել են բռնություն, ֆիզիկական հարկադրանք, սպառնալիքներ, որոնք նպատակ են հետապնդել ստեղծելու վախի մթնոլորտ:

Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված էր դեռեւս օգոստոսի 8-ին, երբ Սամցխե-Ջավախքի նահանգային դատախազությունը մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկեց Ախալքալաքի շրջանային դատարան: Այնտեղի երկու դատավորներից մեկը` Նոդար Գվարամաձեն մերժեց քննել գործը, հայտարարեց ինքնաբացարկ Վահագն Չախալյանի նկատմամբ անձնական անբարյացակամություն ունենալու պատճառաբանությամբ եւ գործն ուղարկեց Թբիլիսիի վերաքննիչ դատարան: Բայց չգիտես ինչու այդ «անձնական անբարյացակամությունը» չխանգարեց դատավորին նախքան ինքնաբացարկի մասին հայտնելը մեկ այլ որոշմամբ Վահագն եւ Արմեն Չախալյանների նկատմամբ խափանման միջոց կալանքը թողնել անփոփոխ:

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը շուրջ մեկ ամիս ձգձգելուց հետո սեպտեմբերի 10-ին գործն ուղարկում է Ախալցխայի շրջանային դատարան, որը եւ սեպտեմբերի 17-ին այն ընդունում է իր վարույթ: Փաստորեն, սույն քրեական գործով դատաքննությունը նշանակվել է Ախալցխայի շրջանային դատարանում: Սրանով բացահայտորեն խախտվում է մարդու իրավունքների մեկ այլ հիմնարար սկզբունքներից մեկը` դատավարության իրավասության սկզբունքը: Այն Վրաստանի սահմանադրության մեջ ամրագրված է հետեւյալ կերպ` «յուրաքանչյուր անձ պետք է դատապարտվի միայն այն դատարանի կողմից, որի իրավասությանն է վերաբերում գործը» (հոդված 42, կետ 2):

Այսպիսով, գործը պետք է լսվի Ախալցխայում, չնայած Ախալքալաքի շրջանային դատարանում, բացի դատավոր Նոդար Գվարամաձեից, որը ինքնաբացարկ էր հայտնել, գործում է նաեւ մեկ այլ դատավոր, հանձին դատարանի նախագահ Արարատ Եսոյանի: Այսպիսով մենք ունենք այն կացությունը, երբ ամբաստանյալներ Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյանները, ինչպես նաեւ գործով անցնող բոլոր վկաները եւ «տուժողները» Ախալքալաք քաղաքի եւ շրջանի բնակիչներ են, մեղադրական եզրակացությամբ Ռուբեն, Վահագն եւ Արմեն Չախալյաններին մեղսագրվող հանցավոր արարքները կատարվել են նույն Ախալքալաք քաղաքում, բայց գործը քննվում է Ախալցխա քաղաքում, Ախալքալաքից շուրջ 70 կմ հեռավորության վրա:

Դեռեւս սեպտեմբերի 18-ին իմ պաշտպանյալներ Վահագն եւ Արմեն Չախալյանները, իսկ սեպտեմբերի 19-ին` Ռուբեն Չախալյանը միջնորդություններ են ներկայացրել Ախալցխայի շրջանային դատարանի նախագահին, որտեղ նրանք միջնորդում էին. 1) իրենց նկատմամբ հարուցված քրեական գործն ըստ ընդդատության ուղարկել Ախալքալաքի շրջանային դատարան, 2) փոխել անչափահաս Արմեն Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը եւ 3) հնարավորինս սեղմ ժամկետում սկսել դատաքննությունը: Մինչ օրս նշված միջնորդությունների վերաբերյալ որեւէ գրավոր պատասխան մենք չենք ստացել:

Այսօր միայն հեռախոսով ինձ դատավորը տեղեկացրեց, որ Չախալյանների գործով դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 6-ին, ժամը 15:00-ին` Վահագնի եւ Արմենի ձերբակալումից շուրջ երեք ու կես ամիս անց:

- Ի՞նչ բանտային պայմաններում են պահվում Վահագն եւ Ռուբեն Չախալյանները:

- Եթե բնորոշեմ մեկ բառով, ապա` խայտառակ: Անգամ նվազագույն չափանիշների մասին խոսելն ավելորդ է: Վահագն Չախալյանի բանտախցում կալանավորվածների թիվը մի քանի անգամ գերազանցում է թույլատրված նորմերը, բանտարկյալները ստանում են անորակ սնունդ, ապահովված չեն տարրական հիգիենայի պայմանները:

Վրաստանի բանտային համակարգը փաստորեն գործում է ինքնաֆինանսավորման սկզբունքով: Յուրաքանչյուր կալանավորի համար բացված է հաշվեհամար, կալանավորների հարազատներին թույլ է տրվում գումար փոխանցել այդ հաշվեհամարներին: Այդ գումարով էլ կալանավորը հնարավորություն է ստանում ձեռք բերելու սննդամթերք` դրանով ազատելով պետությանը իրեն կերակրելու հոգսից...

Սրանք խնդիրներ են, որոնք հատուկ են Վրաստանի ամբողջ բանտային համակարգին, սակայն նաեւ նկատվում է հատուկ խտրական վերաբերմունք Չախալյանների նկատմամբ: Այսպես, Վահագն Չախալյանին թույլ չեն տալիս ստանալ եւ ընթերցել տպագիր մամուլ եւ գրականություն: Բացի դրանից, երբ նա ցանկություն էր հայտնել, որ նրան այցելի հայկական եկեղեցու քահանա, խնդրանքը մերժվել է:

Առողջական լուրջ խնդիրներ ունի Արմեն Չախալյանը: Այդ խնդիրներն առաջացել են մեկուսարանում գտնվելու ընթացքում եւ բժշկական համապատասխան հսկողության բացակայության հետեւանքով հետզհետե խորանում եւ բարդանում են: Փաստորեն, գտնվելով անազատության մեջ, Արմեն Չախալյանը չի ստանում բժշկական համապատասխան օգնություն, չի կատարվում նրա առողջական վիճակի հետազոտում եւ բուժում:

- Ի՞նչ հույսեր եք կապում առաջիկա դատավարության հետ: Հնարավո՞ր է, արդյոք, գործի արդարացի քննությունը:

- Նախաքննության ընթացքում արձանագրված բացահայտ խախտումները` միջնորդություններին անպատասխան թողնելը որպես դատական նիստերի վայր Ախալցխան ընտրելը, գործի քննության ձգձգումը, նորանոր մեղադրանքների առաջադրումը մեզ որեւէ հիմք չեն տալիս ենթադրելու, որ գործը դատարանում քննվելու է արդարության անգամ նվազագույն ատրիբուտների պահպանմամբ:

Որ Վրաստանում դատական համակարգը անկախ չէ, գաղտնիք չէ եւ ոչ մեկի համար: Այդ փաստը մատնանշում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր զեկույցներում, որոնցից վերջում մասնավորապես ասված է. «Վրաստանի առջեւ ծառացած բազմաթիվ լուրջ խնդիրների պատճառը անկախ դատական համակարգի չգոյությունն է: ...Դատական համակարգը վերահսկվում է դատախազության եւ պետական մարմինների կողմից: Վճիռներն ընդունվում են նախօրոք եւ պարզապես նոտարական վավերացում են անցնում դատարանի դահլիճներում»:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը 2007-ի հոկտեմբերին Վրաստանի իշխանություններին ուղղված հանձնարարականներում նշում է դատաիրավական ոլորտում առկա խնդիրների մասին եւ պարտավորեցնում է քայլեր ձեռնարկել դատաիրավական համակարգի անկախությունը ապահովելու ուղղությամբ, մասնավորապես` վերացնելով բոլոր տեսակի միջամտությունները: Սակայն, ինչպես եւ Վրաստանի ժողովրդավարացման եւ մարդու ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերող այլ խնդիրների դեպքում այս հանձնարարականները եւս մնում են միայն թղթի վրա:

Ինչեւէ, ե՛ւ իմ պաշտպանյալները, ե՛ւ ես վճռականորեն ենք տրամադրված եւ հետեւողականորեն պայքարելու ենք արդարության հաղթանակի համար: Ի վերջո իմ պաշտպանյալներին առաջադրվել են կեղծ եւ շինծու մեղադրանքներ, անօրինական ճանապարհով ձեռք են բերվել ապացույցներ, որոնց վրա կառուցված քրեական գործը վաղ թե ուշ տապալվելու է եթե ոչ Ախալցխայի շրջանային դատարանում կամ Թբիլիսիի վերաքննիչ դատարաններում, ապա գոնե, հաստատապես համոզված ենք` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4