«Ազգը» նախորդ համարում տեղեկացրել էր, որ նոյեմբերի 13-ին Եվրոխորհրդարանում կազմակերպվում է «Դերսիմ-38. Ցեղասպանության 70-րդ տարելիցը» թեմայով կոնֆերանս: Տեղեկության համար հիմք էին ծառայել թուրքական «Զաման» եւ «Վաթան» թերթերի հրապարակումները: Նոյեմբերի 30-ին Դերսիմի ցեղասպանությանը նվիրված կոնֆերանսին անդրադարձավ «Եվրոնյուսի» թուրքերեն տարբերակ «abhaber.com» կայքէջը:
Անդրադարձից պարզվեց, որ նոյեմբերի 13-ին Եվրոխորհրդարանը կազմակերպում է նաեւ մեկ այլ կոնֆերանսՙ «Հայերի մշակութային ժառանգությունը Թուրքիայում» թեմայով, որը թուրքական թերթերը շրջանցել են: Ըստ «abhaber.com» կայքէջի, կոնֆերանսին կմասնակցեն Եվրոհանձնաժողովի անդամ Մայքլ Լեյը, հայտնի թուրք իրավապաշտպան, «Մեծ մայրս» գրքի հեղինակ Ֆեթհիյե Չեթինը, պատմաբան, հրապարակախոս Օսման Քյոքերը, պատմության ֆրանսահայ պրոֆ. Պատրիկ Տոնապետյանը, Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը, ինչպես նաեւ գերմանաբնակ պատմաբան Վահե Թաշչյանը: Զարմանալի է, որ միջոցառմանը չի հրավիրվել հայերի մշակութային ժառանգության գծով Հայաստանից ոչ մի մասնագետ:
Հ. Չ.