Երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին ու իրենց դժգոհությունները ներկայացրեցին «Մշակույթի աջակցման ռազմավարության կենտրոնի» համանախագահ Սիմոն Կամսարականը, գեղանկարիչներ Հաղթանակ Շահումյանը, Նիկոլ Աղաբաբյանը եւ Նկարիչների միության վարչության անդամ գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանը: Սիմոն Կամսարականը տեղեկացրեց, որ 2005 ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով միությունների կանոնադրություններում մտցվել են մի շարք փոփոխություններ, եւ դրանք էլ վրդովեցրել են միության անդամներին: «Համաձայն նոր կանոնադրության, Հայաստանի նկարիչների միությունը այլեւս պրոֆեսիոնալ նկարիչների եւ արվեստաբանների մասնագիտական, ստեղծագործական կազմակերպություն չէ, այլ միավորում», մեջբերեց նա եւ տեղեկացրեց, որ նման նոր կանոնադրությունը Հայաստանի ստեղծագործական միություններին տանում է լուծարման:
Ասուլիսին ներկա արվեստագետները զայրացած էին, որ առաջին հարվածը ստացել է Նկարիչների միությունը: «Շատ ցավալի է, որ մենք գնացել ենք այդ քայլին ու փոխել ենք կանոնադրությունը առանց իմացության: Կատարվածը մտահոգում է բոլորիս, որ այդ գործողության հետագա քայլը տանում է ստեղծագործական միության չլինելուն: Ի վերջո, Նկարիչների միությունը պրոֆեսիոնալների միություն է...», հայտարարեցՆ. Աղաբաբյանը:
Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը փաստեց, որ «2008-ի ապրիլի 12-ին, ինչպես նշված է կանոնադրության մեջ, եղել է Նկարիչների միության արտահերթ համագումար: Նման բան չի եղել եւ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եղել է մի անգամ ժողով առանց քվորումի ու դա համագումար համարելը պարզապես աբսուրդ է: Հաշվի չի առնվել ոչ մեկի կարծիքը, չի տեղեկացվել նման կանոնադրական փոփոխության մասին եւ մենք հստակ ասում ենք, որ այս խախտումներով արված գործը պետք է չեղյալ համարվի...»: Նա նաեւ տեղեկացրեց, որ երեք տասնյակ նկարիչների ստորագրությամբ արդեն վարչական դատարան հայց է ներկայացվելՙ կասեցնել ոչ օրինական կանոնադրությունը, որն ընդունվել է առանց համագումար հրավիրելու:
Նկարիչների միության վարչության անդամ Անատոլի Գրիգորյանը զարմացած էր, որ վարչության անդամ լինելով, իրեն անգամ տեղյակ չեն պահել փոփոխության մասին»: Համագումար չի եղել, եղել է կոնֆերանս», հայտարարեց նա:
Մեկ ու կես ժամ գեղանկարիչները մեկիկ-մեկիկ նշում էին վերջին 10 տարիների բացթողումները, անգործությունը, որի արդյունքում միությունը այսօր կանգնած է փլուզման եզրինՙ վատ կառավարման պատճառով...
Ավարտին պրն Շահումյանը ավելացրեց «չաշխատած օրգանիզմը պետք է մաքրել, դրա մասին է խոսքը, որ միությունը ոտքի կանգնի: Իսկ թե ով կընտրվի առաջիկա համագումարին, շրջանառվում են երեք թեկնածուների անուններ ու մենք դեռ չգիտենք, թե մեզ տեղյակ կպահե՞ն համագումարի մասին...»:
Ավելի ուշ «Ազգը» հեռախոսով կապվեց պրն Կարեն Աղամյանի հետ եւ փորձեց ճշտել այն հարցերը, որ բարձրացրել էին նկարիչները: Պրն Աղամյանն ասաց. «Կանոնադրության փոփոխությունը պարտադրում է օրենքը, ոչ թե ստիպել են: Իսկ թե ինչո՞ւ է միությունը դարձել միավորում, դա կառավարության որոշումն է եղել: Համագումար եղել է, եւ ովքեր որ ասել են, որ համագումար չի եղել սուտ են ասում: Եղել է վարչության նիստ, որտեղ որոշվել է այդ հարցը ու դրանից հետո եղել է համաժողով ապրիլի 12-ին: Կան բոլոր արձանագրությունները այդ նիստերի եւ որոշումների մասին, որին մասնակցել են 330 մարդ ու միաձայն է ընդունվել որոշումը: Ես արդեն հոգնել եմ բացատրել, այդ օրենքը միայն մեզ չի վերաբերվում, այլ բոլոր միություններին: 2002-ին մեր կանոնադրությունը չորս անգամ փոխվել է եւ սա խմբագրված նոր օրինակն է: Մենք մի քանի օր առաջ հանդիպել ենք ԱԺ մշակույթի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ եւ այդ հարցը բարձրացրել ու պայքարում ենք, որ մեր միությունը չդառնա որսորդ միության կամ թիթեռնիկ հավաքող միությունների շարքում, այլ մեր կազմակերպությունը դիտվի հատուկ կարգավիճակով: 37 էջից կազմված փաստաթուղթը կա եւ պարոն Աշոտյանը խոստացավ առաջիկայում այդ հարցով զբաղվել: Այս ամսվա մեջ պետք է լինի համագումար: Նոյեմբերի 4-ին, ժամը 17-ին, կկայանա մեր սեկցիայի նիստը եւ ես կորոշեմ դնե՞լ իմ թեկնածությունը, թե՞ ոչ: Ճիշտը որ ասեմ, արդեն հոգնել եմ այս իրավիճակից...»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ