«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ՄՐՑԱՆԱԿՆԵՐՙ «ՀՐԱՇԱԳՈՐԾԻ ԱՇՈՒՆ» ՖԻԼՄԻՆ

Պարզաբանումներ «Սարդարապատի» առնչությամբ

«Հրաշագործի աշունը» ֆիլմը, որ հեղինակել են Ռուբեն եւ Վահե Գեւորգյանցները, պատմում է ռեժիսոր Տոնինո Գուերայի մասին: Ֆիլմի շնորհանդեսը նախորդ տարի է տեղի ունեցել, եղել է նաեւ պրեմիերան Վենետիկում: Այն ներկայացվել է Խանտամանսիսկի «Ոսկե թմբուկ» եւ Մոսկվայի «Նոր կինո. 21-րդ դար» կինոփառատոներումՙ երկու դեպքում էլ արժանացել բարձրագույն մրցանակի: Իսկ ֆիլմն իրականություն է դարձել նաեւ «Շարմ» ընկերության ֆինանսավորմամբ: Երեկ հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Ռուբեն Գեւորգյանցն ու փաստեց, որ այս տարի «Հայկ» ստուդիայում երեք երիտասարդ ռեժիսորներՙ Աննա Մովսիսյանը, Դավիթ Ստեփանյանն ու Արսեն Գասպարյանը դեբյուտային ֆիլմեր են նկարահանում: «Հայկ» ստուդիայի ֆիլմադարանը ներառում է 1500 վավերագրական ֆիլմ, որոնց շարքում եւ մերօրյա ստեղծման, սակայն ցուցադրության խնդիր կաՙ կինոթատրոնները մասնավոր են, հեռուստաընկերություններից էլ միայն «Ար»-ն ու «Արմենակոբ»-ն են ցուցադրման պայմանագիր կնքել:

Իսկ «Ես եմ» երիտասարդական կինոփառատոնը եկող տարի կնշի գոյության 5-ամյակը: Շուքով կազմակերպելու մտադրություն կա, միջոցները դեռ փնտրվում են:

Ի պատասխան լրագրողների հարցերի, Ռուբեն Գեւորգյանցն անդրադարձավ նաեւ Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ» ֆիլի շուրջ ստեղծված իրավիճակին. «Կարեւորելով Տիգրան Խզմալյանի մասնագիտական տվյալներըՙ հրավիրել ենք նրան ֆիլմը նկարահանելու: Տրամադրել ենք 3,5 մլն դրամ, որից 1 միլիոնը տուրքերին է գնում, ստացավ 1 մլն 157 հազար դրամ եւ էլի կստանար, բայց պայմանագիրը խախտեցՙ սցենարի տեքստային մասը չի ներկայացրել, պատմաբան կոնսուլտանտ չունի: Վստահել ենքՙ ճանաչելով»: Բանախոսի վստահեցմամբ մասնագիտական լայն շրջանակների համար ֆիլմի ցուցադրում կազմակերպելու առաջարկը Տիգրան Խզմալյանը չի ընդունել, իսկ ցուցադրումը միայն մեկ պատմաբան է հնարավոր համարել, սակայն 11 անխուսափելի ուղղում կատարելուց հետո միայն: Վերջինն էլ ռեժիսորն անընդունելի է համարել:

«Ֆիլմի ցուցադրումը չի արգելվել: Արգելելու մասին Խզմալյանի ասածը սուտ է, ինչպես եւ ֆիլմը: Ֆիլմը չի արգելվել, այլ չի ընդունվել: Այն պատմական սուտ է ներառում եւ զենք է թշնամու համար: Չեմ կարծում թե Խզմալյանը դա գիտակցաբար է արել», կարծիք հայտնեց Ռուբեն Գեւորգյանցը:

Ֆիլմին տրամադրված գումարը պարտք է դիտարկվում «Հայկ» ստուդիայի համար, որը մարելու ուղիներ փնտրելու մտադրություն ունի Գեւորգյանցը. «Դատարան դիմելն անիմաստ եմ համարում, քանի որ դա առաջին հերթին օգտագործվելու է աղմուկ բարձրացնելու եւ պնդելու, թե ֆիլմն արգելվել է: Հիմա հենց դա է երազում Խզմալյանը»:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4