«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ՄԱՐԻԱՆ ԵՎ ԻԶԱՈՒՐԱՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ, ՍԱԿԱՅՆ ՆՈՒՅՆ ԷՈՒԹՅԱՄԲ

Դերասաններ Լալա Մնացականյանն ու Ազատ Գասպարյանը երեկ հյուրընկալվել էին «Հայելի» ակումբումՙ բանավիճելու նպատակով: Բանավեճ, սակայն որպես այդպիսին չստացվեց: Հայկական հեռուստաեթերում ցուցադրվող եւ հայկական արտադրության սերիալների անճաշակությունն ու անորակությունն ակնհայտ էր երկուսի համար էլ: Ու թեպետ Ազատ Գասպարյանը նկարահանվում է «Որոգայթ» հեռուստասերիալում, իսկ Լալա Մնացականյանը դեռեւս հայկական սերիալներից որեւէ մեկում դերով հանդես չի եկել, այնուամենայնիվ երկուսն էլ նշում էին, որ փոփոխություններն այլեւս անհրաժեշտություն են: «Եթե պետական վերաբերմունք չլինի, խնդիրն անհնար կլինի կանխել: Պետությունը պետք է կազմակերպի կինոարտադրությունը, հետեւի որակին եւ արծարծվող թեմատիկային», ասաց Լալա Մնացականյանը : Խնդրի հիմքն ու պատճառները, Ազատ Գասպարյանի կարծիքով, շատ ավելի խորն են: Տարիներ շարունակ եթերը ողողելով բրազիլական եւ մեքսիկական սերիալներով` հայ հեռուստադիտողները վարժվեցին որակի եւ թեմատիկայի մատուցման նման ցածր նշաձողին: Այնուհետեւ հեռուստաարտադրողները ներկայացրեցին սեփական սերիալները` պարզապես փորձելով հայեցի դարձնել բրազիլական ինտրիգներն ու սիրավեպերը: «Սերիալներին դեմ չեմ, այլՙ մատուցման ձեւին: Սերիալները դերասանների հացի միակ աղբյուրն են դարձել: Սակայն ի՞նչ ունենք այսօր: Օտարների խնդիրները վերցրեցինք ու դարձրինք մերը: Ի՞նչ է, մենք չունե՞նք մեր ազգային արժեքներն ու հերոսները, որոնց շուրջ կարելի էր պատմություններ հյուսել: Հնարավո՞ր չէր արդյոք վերցնել Սարոյանի պատմվածքները եւ ներկայացնել սերիալների ձեւով: Մինչդեռ այսօրվա սերիալներում ներկայացված հարցերն ու խնդիրները մեր իրական կյանքի հետ կապ չունեն: Կարո՞ղ եք պատկերացնել հայ իրականությունում, որպեսզի մայրը սիրահարվի իր դստեր փեսացուին: Հարեւանը գոռում է հարեւանի վրա եւ սա դարձնում են սերիալի հիմնահարց», նկատեց Լալա Մնացականյանը:

Դրական տեղաշարժ Ազատ Գասպարյանը, այնուամենայնիվ, տեսնում է: Այն որ տարիներ շարունակ պարապուրդի մատնված կինոաշխարհի ներկայացուցիչները վերջապես աշխատանք ունեն, նրան հուսադրում է: Միաժամանակ պրոֆեսիոնալների կողքին, նրա կարծիքով, կրթվել է նոր սերունդ, որոնք սկսել են տիրապետել ռեժիսուրային եւ օպերատորական հմտություններին: «Սերիալներում բարձրարժեք չէ ռեժիսուրան, թեմատիկան: Չկա հոգեբանություն, դրամա: Բայց աշխատեցինք, որովհետեւ այլընտրանք չկար: Այսօր կամաց-կամաց սովորում են ինչպես կերպար կերտել, ստեղծագործել: Հինգ տարի շարունակ մերժել եմ սերիալներում նկարահանվելու ամենատարբեր առաջարկները, սակայն «Որոգայթ»-ում համաձայնեցի խաղալ, որովհետեւ իմ կերպարն ասելիք ունի եւ հակակշիռ է ներկայացվող քրեական աշխարհին», ասաց Ազատ Գասպարյանը: «Այսօր ամենավատ վիճակում դերասաններն են հայտնվել: Սերիալները նկարահանում են ոչ պրոֆեսիոնալները, իսկ քննադատության թիրախ են դառնում դերասանները: Այս պարագայում համոզված եմ, որ քանակը որակի չի կարող բերել, քանի որ մոլախոտը երբեք որակ չի տա», վստահեցրեց Լալա Մնացականյանը: Սերիալներում խաղալու առաջարկ դերասանուհին բազմիցս է ստացել, սակայն մերժել է: «Ինձ համար կարեւոր է, որպեսզի կերպարս ասելիք ունենա: Լավ առաջարկի դեպքում, իհարկե, կհամաձայնեմ խաղալ», ասաց նա:

Հարցի լուծման իր առաջարկն ունի Ազատ Գասպարյանը եւ ներկայացնում է ոչ միայն հեռուստատեսություններին, այլեւ մշակույթի նախարարությանն ու Ազգային ժողովին. «Հրաժարվեք սերիալների նկարահանումներից եւ այդ գումարներն ուղղեք տարեկան մեկ գեղարվեստական ֆիլմ արտադրելուն: Այդ դեպքում կունենանք մրցունակ կինեմատոգրաֆիա, եւ փառատոներում ցուցադրելու արժանի արտադրանք», վստահեցրեց Ազատ Գասպարյանը: Լալա Մնացականյանը, սակայն Ազատ Գասպարյանի լավատեսությունը չի կիսում: «Ձեր առաջարկությունը պարզապես ուտոպիա է», ասաց դերասանուհին: Նա համոզված է, որ առավելագույնը, ինչին կարելի է հասնել, գոնե դասական գործերի հիման վրա սերիալներ նկարահանելն է` առանց կրկնօրինակելու բրազիլական եւ մեքսիկական կրքերը:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4