Փաստ է, որ Մ. Նահանգներում քաղաքացիները ընտրում են «ընտրողների քոլեջի» անդամներին, որոնք էլ իրենց հերթին ընտրում են երկրի նախագահին: Մասաչուսեթս նահանգից այդ քոլեջի անդամ է ընտրվել հայազգի հանրապետական Բոբ Սիմոնյանը (Ութերթաունի բնակիչ): Վերջերս նա ընտրվել էր պատգամավոր Մինեսոտայում կայացած հանրապետականների ազգային համագումարին մասնակցելու համար: Այս մասին է հաղորդում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 25-ի համարը, ավելացնելով, որ նա շատ երկար է ծառայել Հանրապետական կուսակցությանը` սկսած Ռեյգանի ժամանակաշրջանից:
Սիմոնյանը ավարտել է Ֆլորիդայի Մայամի համալսարանի մարկետինգի բաժինը: Նա «Մես Բեյ» համայնքային քոլեջի (Ուեսլի, Մասաչուսեթս) հոգաբարձուների, ինչպես նաեւ նախագահի գնահատման վարչությունների անդամ է: Նա նաեւ «Improrer Bostonian Magazine» հանդեսի տնօրենն ու գանձապահն է եւ «Հայկական դրամատիկական արվեստների ալյանսի» վարչության անդամ: 2007 թվին նրան «տարվա մարդ» էր ընտրել «Ս. Վարդանի ասպետները» կազմակերպությունը, որի քարտուղարն ու գանձապահն էր եղել նախկինում: Նրա անունը ամրագրված է «Ով ով է աշխարհում», «Ով ով է Ամերիկայում», «Ով ով է Արեւելքում», «Ով ով է ամերիկյան քաղաքականությունում» եւ «Ով ով է բիզնեսի ու ֆինանսների աշխարհում» հանրագիտարանային հատորներում:
Ավելացնենք, որ Մ. Նահանգներում ընտրությունները անցկացվում են միշտ նոյեմբերին, առաջին երեքշաբթի օրը առաջին երկուշաբթիից հետո, այսինքն` եթե նոյեմբերի 1-ը երեքշաբթի է, նախագահական ընտրությունը տեղի է ունենում նոյեմբերի 8-ին:
Հ. Ծ.