Անիվներով տնակի ձեռքբերումը ոչ միայն բնակարանային պայմանների բարելավում է, այլեւ հիմք է տալիս բնակարանային ապահովվածության խնդիրը համարել լուծված: Այս եզրակացության են եկել Գյումրու քաղաքապետարանում` հրաժարվելով 77-ամյա Անդրանիկ Զեյթունցյանին հաշվառել իբրեւ անօթեւանի:
Մինչ երկրաշարժն Անդրանիկ Զեյթունցյանը բնակվել է Գյումրիում, ունեցել սեփական բնակարանը: Երկրաշարժից հետո զրկվելով ունեցվածքից` տեղափոխվել է Երեւան եւ ապաստան գտել «Էրեբունի» հյուրանոցում: 3 տարի առաջ հյուրանոցը վաճառվել է, Անդրանիկ Զեյթունցյանին տրամադրվել է ընդամենը 3700 դոլար, փոխարենը պահանջել են երեք օրում ազատել զբաղեցրած տարածքը: 3700 դոլարով բնակարան գնելը ֆանտաստիկայի ժանրի նյութ է, ուստի 77-ամյա քաղաքացին բաց երկնքի տակ չգիշերելու նպատակով որոշում է գոնե շարժական տնակ ձեռք բերել: Միաժամանակ դիմում է Գյումրու քաղաքապետարանին` իրեն որպես անօթեւան հաշվառելու խնդրանքով: Սակայն 2005 թվականից ի վեր ոչ միայն Գյումրու քաղաքապետին, այլեւ հնարավոր եւ անհնարին բոլոր ատյաններն ուղարկված դիմումները խնդրին որեւէ լուծում չեն տվել:
2007 թվականին Անդրանիկ Զեյթունցյանը դիմում է մարդու իրավունքների պաշտպանին: Այս անգամ Գյումրու քաղաքապետարան դիմում է մարդու իրավունքների պաշտպանը: Վերջինս խախտում է համարել քաղաքապետարանի որոշումը եւ առաջարկել է վերականգնել Անդրանիկ Զեյթունցյանին հերթացուցակում: Սակայն մարդու իրավունքների պաշտպանը ստանում է նույն պատասխանը. Անդրանիկ Զեյթունցյանին տրամադրվել է գումար, ուստի բնակարանային ապահովվածության խնդիրը համարվում է լուծված: Մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի որոշման մեջ ամրագրված է. «Գումարը հատկացվել է որպես բարեգործական օգնություն` բնակարանների գնման վկայագրերի ձեռքբերման նպատակով: Սակայն վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձիՙ պատրաստի բնակարանի ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը, ուստի անհասկանալի է, թե ինչպես կարող է գումար տրամադրվել նման վկայագիր ձեռք բերելու նպատակով»: Բացի այդ, պաշտպանը վստահեցրել է, որ Անդրանիկ Զեյթունցյանի բնակարանային պայմանները չեն բարելավվել եւ գումարի տրամադրումը ինքնին դեռ բնակարանային պայմանների բարելավում չէ:
Անթիվ դիմում բողոքներին հետեւող անօգտակարությունը Անդրանիկ Զեյթունցյանին ստիպում է դիմել ծայրահեղ քայլի: «Համապատասխան լոզունգներով մոտենալու եմ ՀՀ նախագահի ապարանքին եւ հացադուլ եմ հայտարարելու», վստահեցնում է հույսը կորցրած 77-ամյա ծերունին:
Անդրանիկ Զեյթունցյանը, որ Հայաստանում զեյթունցիների հայրենակցական միության հիմնադիրներից է, այսօր վատառողջ է, պայքարը, սակայն, դադարեցնել չի պատրաստվում: Նրան վհատեցնում է ձմռան գալուստը: Որքան էլ փորձում է բարելավել տնակի բնակարանային պայմանները, ապահովվածությունն ու բարելավումը նրա համար դեռեւս երազանքների ոլորտից են:
ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ