Պարզաբանումներ Տիգրան Հեքեքյանից
Հերթական անգամ պետք է անդրադառնանք Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին ու դատական քաշքշուկներին: Իսկ միմյանց հասցեին հնչող փոխադարձ վիրավորանքներն արդեն հասցրել են դառնալ համընդհանուր քննարկման առարկա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին մի շարք ուսուցիչների հետ դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանն առանց բացատրության չէր կնքել աշխատանքային պայմանագիր, դպրոցի 4 մանկավարժներ` Սուսաննա Բալյանը, Սուսաննա Արմենակյանը, Նարինե Արմենյանն ու Աիդա Փարսադանյանը դիմել են դատարան` աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով:
Երեկ ժուռնալիստների տանը տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի նպատակն էր հերթական անգամ անդրադառնալ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում տիրող խնդիրներին:
Ուսուցչուհիների դատապաշտպան, նախկինում Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Կարեն Մանուչարյանը Հեքեքյանին մեղադրեց ֆինանսական խախտումների եւ մի շարք գործիքների կորստի մեջ:
Որպես պատասխան, Հեքեքյանը նշեց, որ իր տնօրենության օրոք դպրոցից որեւէ գործիք չի կորել: Իսկ սեփական նախաձեռնությամբ ու ընկերների աջակցությամբ դպրոցի համար գնել է 25000 եվրո արժողությամբ գործիքներ` ջութակներ, փողային գործիքներ, դաշնամուրներ: Համերգային մեծ դահլիճն ու դպրոցի ճեմասրահը կահավորելու ու վերանորոգելու համար տրամադրվել է 40 մլն դրամ: Ինչ վերաբերում է աշխատանքային ժամանակավոր պայմանագրերին, Հեքեքյանն ասաց, որ դեռեւս հունվար ամսից իրենք մտադրվել էին ուսուցիչների հետ կնքել անժամկետ պայմանագրեր, որն իրագործել են սեպտեմբերին:
Կարեն Մանուչարյանը նաեւ նշեց, որ ազատված բազմափորձ ուսուցիչների փոխարեն դպրոցում աշխատում են երիտասարդ, նորավարտ մանկավարժներ, որոնք դասավանդման փորձ չունեն: Տիգրան Հեքեքյանը փաստեց, որ դպրոցում որեւէ նորավարտ մանկավարժ չի աշխատում:
«Ուսուցիչներին ազատելուց հետո ընդունել եմ աշխատանքի դոցենտի, որ շատ բան կարող է տալ մեր աշակերտներին», ասաց նա:
Դպրոցի նախկին ուսուցչուհի Իրինա Բադալյանն էլ տնօրենին մեղադրեց դպրոցի դահլիճը աշակերտներին վարձով տալու մեջ:
«Մեր դպրոցում կա հիանալի դահլիճ: Իմ որդին գերազանց սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Որոշեցինք ավարտական համերգ կազմակերպել հենց դպրոցի դահլիճում: Երեք օր ես եւ ուսուցչուհին` Սուսաննա Արմենակյանը մի քանի ժամ շարունակ սպասում էինք Հեքեքյանին, որպեսզի նա համաձայնություն տա: Սակայն նա չկար: Այնուհետեւ պարզվեց, որ առանց վարձատրության չենք կարող դահլիճում մենահամերգ կազմակերպել եւ 5 տարի առաջ դահլիճը վարձակալելու համար վճարեցինք 100 դոլար», ասաց Իրինա Բադալյանը:
Տիգրան Հեքեքյանն էլ նշեց, որ այդ գումարը ծնողը որպես նվիրատվություն է տվել դպրոցինՙ «ինչ-որ կերպ դպրոցին վարձահատույց լինելու համար: Մենք ունենք ստացական, որտեղ նշված է, որ տիկինն այդ գումարը փոխանցում է դպրոցի բյուջեին որպես նվիրատվություն», ասաց Հեքեքյանը:
Սուսաննա Արմենակյանն էլ ասաց. «Անցյալ տարի Ասլամազյանի անվան մրցույթում իմ երկու աշակերտները դարձան դափնեկիրներ, որից հետո ճանաչվեցի դպրոցի լավագույն ուսուցչուհի: Երբ իմացանք որ մեր իրավունքները ոտնահարվում են` դիմեցինք դատարան, բայց չէի կարծում, որ դա հիմք կհանդիսանա, որ ինձ ազատեն աշխատանքից», ասաց նա` պնդելով, որ 5 տարվա ընթացքում Հեքեքյանն աշխատանքից ազատել է 60 մանկավարժի: «Ինչո՞ւ եք հեռացրել աշխատանքից» ուսուցիչների հարցին Հեքեքյանն ասաց.
«5 տարվա ընթացքում դպրոցից ինքնակամ ազատվել է ընդամենը 38 ուսուցիչ, նրանցից 23-ը հեռացել են ցածր վարձատրությունից դժգոհ լինելու եւ առողջական պատճառներով, այլ աշխատանքի կամ արտերկիր մեկնելու կապակցությամբ: Մնացածը` դրամաշորթության, երեխաներին մարմնական վնաս հասցնելու, դասին հարբած ներկա գտնվելու, քննական շրջանում առանց թույլտվության երկրից բացակայելու եւ աշխատանքային կանոնների կոպիտ խախտման համար»:
Ավելի ուշ կրքերն այնքան թեժացան, որ բանավեճի վերածված ասուլիսը դադարեցվեց:
Ինչ վերաբերում է դատական հայցին, հոկտեմբերի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Երեմ Եսոյան) վճռել է մերժել ուսուցիչների հայցը: Դատարանի վճռի կապակցությամբ հայցվորները հայտնել են անհամաձայնություն եւ շուտով կդիմեն վերաքննիչ դատարան:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ