Վիկտոր Օգանովը կձգտի հաղթել անպարտելի ամերիկացուն
Այսօր ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Կարսոն քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր իրադարձությունը առաջին թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանի եւ WBA-ի ու WBC-ի վարկածներով չեմպիոնական գոտու տեր Քրիստիան Միխարեսի մենամարտն է: Առաջին թեթեւագույն քաշային կարգի պատմության մեջ առաջին անգամ կվիճարկվի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:
Երկու մրցակիցներն էլ վաղուց արդեն մրցավայրում են ու նախապատրաստվում են վճռորոշ մենամարտին: Վախթանգ Դարչինյանը մարզվում է Վազգեն Բադալյանի գլխավորությամբ: 32-ամյա Վախթանգի համար այսօրվա մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կլինի 33-րդը: Հայ բռնցքամարտիկը միայն մեկ անգամ է ռինգից պարտված հեռացել: 30 մենամարտերում նա հաղթել է, որից 24-ը` նոկաուտով: Մեկ մենամարտում էլ մրցավարները ոչ-ոքի արդյունք են գրանցել:
ԱՄՆ-ում գտնվելիս, երկու բռնցքամարտիկներն էլ մի քանի անգամ մասնակցել են մամուլի ասուլիսներին ու բավական բարձրակոչ հայտարարություններ արել: Ինչպես միշտ, Դարչինյանը վստահ է իր ուժերին եւ կրկին խոստացել է նոկաուտի ենթարկել մրցակցին. «Միխարեսը շատ լավ բռնցքամարտիկ է, սակայն երբ զգա հարվածներիս ուժը, նրա համար ամեն ինչ կփոխվի: Նա մենամարտել է մի շարք ուժեղ բռնցքամարտիկների հետ, որոնց թվում ինձ հավասար մարզիկներ չկան: Նրա մրցակիցներից ոչ մեկն իմ հարվածների ուժին չի տիրապետում: Իմ խոսքերը գործով կապացուցեմ: Նա չի կարող ինձ հաղթել: Կարծում եմ լավագույնն եմ այն բռնցքամարտիկներից, ում հետ մինչ այժմ մենամարտել է Քրիստիան Միխարեսը: Նա սիրողական բռնցքամարտիկի ոճով է մենամարտում: Այս մենամարտից հետո կդառնամ աշխարհի բացարձակ չեմպիոն: Շաբաթ օրը ռինգում դուք բոլորովին այլ Վիկ Դարչինյանի կտեսնեք: Չեմ փորձի նրան հաղթել մեկ հարվածով: Հանդիսականները փող են վճարում դիտարժան մենամարտի ականատեսը լինելու ու ես նրանց նման հնարավորություն կընձեռեմ»:
27-ամյա մեքսիկացի Քրիստիան Միխարեսը պրոֆեսիոնալ ռինգում 41 մենամարտ է անցկացրել, որից 36-ում հաղթել է (15-ը` նոկաուտով), 3-ում պարտվել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի: «Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ հնարավորություն կունենամ փակելու Դարչինյանի բերանը: Ըստ նրա, ես գերագնահատված բռնցքամարտիկ եմ: Նա ոչ միայն սխալվում է, այլ շատ կզարմանա, թե նրա հետ ինչ կանեմ: Ցանկանում եմ բոլորի համար շոու կազմակերպել եւ հույս ունեմ, որ իմ բոլոր երկրպագուները ներկա կգտնվեն հանդիպմանը», նշել է Քրիստիան Միխարեսը:
Մենամարտի նախօրեին Show-time հեռուստաընկերությունը, որը եթեր է հեռարձակելու այդ հանդիպումը, բռնցքամարտի մենամարտերը մեկնաբանող 32 լրագրողների միջեւ հարցում է անցկացրել հանդիպման հավանական ելքի վերաբերյալ: Հետաքրքրական է, որ հարցման մասնակիցներից միայն 6-ն են հավատում Դարչինյանի հաղթանակին: Ընդ որում, նրանց մեծամասնությունը կանխատեսում է, որ Դարչինյանը կհաղթի նոկաուտով, հաշվի առնելով վերջինիս հուժկու հարվածը:
Fightnews.com կայքէջում կատարված հարցման մասնակիցների մեծամասնությունը եւս նախապատվությունը տվել է Միխարեսին: Նրա հաղթանակի օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 68 տոկոսը (37 տոկոսը հաղթանակը շնորհել է միավորներով, 31 տոկոսը` նոկաուտով): Դարչինյանի օգտին քվեարկած 32 տոկոս մասնակիցներից 29 տոկոսը գտնում է, որ նա կհաղթի նոկաուտով: Իսկ AllBoxing.Ru կայքէջի անցկացրած հարցման մասնակիցների 55 տոկոսը քվեարկել է Դարչինյանի հաղթանակի օգտին: Նշենք, որ բուքմեյքերները եւս նախապատվությունը տալիս են Միխարեսին: Նրա հաղթանակը գնահատվում է 1,2-1,3 գործակցով, իսկ Դարչինյանի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 1,8-3,3 գործակցով:
Այսօրվա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ ռուսաստանցի Վիկտոր Օգանովի մենամարտը ամերիկացի Անդրե Դիրելի հետ: Վերջինս պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չունի` շահելով բոլոր 16 մենամարտերը (11-ը` նոկաուտով): Դիրելան 26 տարեկան է:
Վիկտոր Օգանովը ծնվել է Ռուսաստանի Սիկտիվկար քաղաքում, 32 տարեկան է, ներկայում բնակվում է Ավստրալիայում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 29 մենամարտերից միայն մեկում է Օգանովը պարտվել: Նա բավական ջերմ հարաբերությունների մեջ է Վախթանգ Դարչինյանի հետ ու ԱՄՆ-ում էլ նրանք համատեղ մարզվել են:
«Դիրելան լավ տեխնիկայի է տիրապետում եւ խելացի է գործում ռինգում, սակայն իմ գլխավոր զենքը հզորությունն ու ուժն է, որը կհաղթի տեխնիկային եւ խելքին: Մարզական կարիերայումս առաջին անգամ շատ հագեցած ուսումնամարզական հավաք անցկացրի: Իմ բախտը շատ է բերել, որ հնարավորություն ունեցա մարզվել Վիկի հետ: Նա մեծ սրտի տեր անձնավորություն է: Գիտեմ, որ շաբաթ օրվա մենամարտը շատ կարեւոր է ինձ համար, ուստի լրջորեն եմ նախապատրաստվել դրան: Կարծում եմ հետաքրքրական հանդիպում կլինի: Մենք մենամարտը վարելու լավ ծրագիր ենք մշակել եւ կօգտագործենք հաջողության հասնելու համար», նշել է Օգանովը:
Մրցակցի մասին հարգանքով է խոսել նաեւ Անդրե Դիրելը. «Լավ եմ նախապատրաստվել մենամարտին: Գիտեմ, որ Օգանովը տիրապետում է հուժկու հարվածների եւ կարող է ինձ նոկաուտի ենթարկել: Պատրաստ եմ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Գերազանց մարզավիճակում եմ գտնվում եւ կփորձեմ ռինգում ցուցադրել այն ամենը, ինչը նախապատրաստել եմ մարզումների ու պարապմունքների ընթացքում: Կապացուցեմ, որ ընդունակ եմ դիտարժան մենամարտ վարել: Այս մենամարտից հետո ցանկանում եմ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտել: Ցանկանում եմ հնարավորինս արագ վեր բարձրանալ ու լավագույնը ճանաչվել: Դրա համար անհրաժեշտ է առաջիկա մենամարտում տպավորիչ հաղթանակ տոնել: Արդեն իմ մասին խոսել տվել եմ, իսկ շուտով կդառնամ թիվ 1 բռնցքամարտիկը քաշային իմ կարգում»:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նկար 1. Վազգեն Բադալյանը, Վախթանգ Դարչինյանը, Ռիկի Հատոնը եւ Վիկտոր Օգանովը ԱՄՆ-ում մարզումներից առաջ
Նկար 2. Քրիստիան Միխարեսն ու Վախթանգ Դարչինյանը