Ինչպես տեղեկացանք պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հոկտեմբերի 28-ի լուսադեմին` ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցները, օպերատիվ տեղեկատվության հիման վրա, կանխել են ոսկեղենի ապօրինի ներկրման հերթական փորձը: Դեպքը հայտնաբերվել է Ստամբուլ-Երեւան չվերթի մաքսային հսկողության ժամանակ. չվերթի ուղեւոր` ՀՀ քաղաքացի, Գյումրիի բնակիչ Ա. Մալխասյանը փորձել է առանց հայտարարագրման եւ մաքսային ձեւակերպման հանրապետություն ներմուծել մոտ 6,5 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր, որոնք հայտնաբերվել են վերջինիս գոտկատեղի հատվածում եւ ոտքին հարմարեցված հատուկ գաղտնարաններից, վերնաշապիկի` հատուկ այդ նպատակով կարված գաղտնի գրպաններից:
Համաձայն Ա. Մալխասյանի բացատրության` ոսկյա զարդերը ձեռք էր բերել Թուրքիայում, այնուհետեւ դրանք, ձեռքի պայուսակի մեջ թաքցրած, դուրս է բերել Ստամբուլի օդանավակայանի ավիացիոն անվտանգության գոտուց, ապա ոսկեղենը տեղավորել մարմնին հարմարեցված գաղտնարաններում, իսկ արդեն «Զվարթնոց» օդանավակայանում փորձել է անցնել մաքսային հսկողության «Կանաչ ուղիով»:
Զարդերն ուղարկվել են փորձաքննության, դրանց նախնական շուկայական արժեքը կազմում է ավելի քան 36 մլն դրամ (120 հազար դոլար):
Կատարվում է քննություն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ