«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱ՞Ր Է ԱՐԴՅՈՔ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Կոմպլեմենտարության ձախողված բենեֆիսը Հայաստանում

Քաղաքականությունը բարդ երեւույթ է եւ հազիվ թե հարկ կա այն լրացուցիչ խճողելՙ նրա անվանակոչման մեջ ներմուծելով օտարամուտ բառ, որի իմաստ-նշանակությունը հասու չէ նույնիսկ քաղաքականության ոլորտի բարձր պաշտոնյաներին: Հիրավի, վերջին տասնամյակներում Քոչարյան-Օսկանյան տանդեմի թեթեւ ձեռքով հայոց քաղաքական լեքսիկոն ներմուծված «կոմպլեմենտարություն» (փոխլրացնող քաղաքականություն) եզրույթը միանգամայն պարադոքսալ կացության մեջ է հայտնվել. յուրաքանչյուրն, ով չի ալարում, գործածում է այդ բառը (իրեն «քաղաքական գործիչ» հորջորջած մեկի համար դա նաեւ մասնագիտական պատվախնդրության հարց է), սակայն գրեթե ոչ մեկը գոնե փոքրիշատե չի մերձենում այդ բառով նշանակվող երեւույթի գիտական, կամ առավել եւս` փիլիսոփայական նշանակության ըմբռնմանը: Երկու տարի առաջ ես դա փորձեցի պարզել ՀՀ ԱԳ նախարարություն այցելելով եւ զրուցելով երեք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եզրակացությունս անմխիթարական էր. մարդիկ հասկացողություն չունեն այդ բառի մասին եւ եթե ինչ-որ բան ասում են այդ առիթով, դա կամ մտահայեցում էՙ ինտելեկտուալ սպեկուլյացիա, կամ ՀՀ արտաքին պրակտիկ քաղաքականության ամփոփման փորձ: Նրանք նույնիսկ այդ բառի հոդաբաշխ արտաբերման խնդիր ունեինՙ «կոմպլեմենտարության» փոխարեն ասում էին «կոմպլիմենտարություն», որին համապատասխան ձեւավորում եւ գործադրում էին նաեւ այդ բառի սեմանտիկանՙ բոլորին սիրաշահել, բոլորի հետ լավ լինել եւ այլն: ԱԳ նախարարությունում որեւիցե մեկը (կամ խումբ) այդ խնդրով հատուկ չի զբաղվում (այն դեպքում, երբ, դիցուք, պրագմատիզմի եւ լիբերալիզմի քաղաքական փիլիսոփայությամբ հատուկ ակադեմիական ինստիտուտներ եւ «ուղեղային կենտրոններ» են զբաղվում), նույնիսկ նախարարության գրադարանում «կոմպլեմենտարություն» թեմայի բիբլիոգրաֆիա չի կազմված: Նմանապես անմխիթարական է մեր արտաքին քաղաքականության փիլիսոփայության սկզբունքի դերին հավակնող այդ բառի կամ անվակակոչման արտաքին ռեցեպցիան: Մեր միջին եւ ավագ սերնդի մտավորականներին քաջածանոթ քաղաքագետ Ալեքսանդր Բովինը, հայտնվելով Հայաստանում, այսպես արտահայտվեց կոմպլեմենտարության սկզբունքի մասին. «Դուք, ի՞նչ է, պատրաստվում եք սիրալիրություննե՞ր անել Ռուսաստանին: Դուք ավելի լավ է` շահերի բալանսով զբաղվեք»: Նման ոչ բարձր կարծիքի է ՀՀ արտաքին քաղաքականության այդ սկզբունքի մասին նաեւ բոլորիս քաջածանոթ Վլադիմիր Ստուպիշինըՙ ՌԴ նախկին դեսպանը ՀՀ-ում: «Կոմպլեմենտարությունն այն բառը չէ. ավելի ստույգ է դիվերսիֆիկացիա կոչել այդ կուրսը», ասում էր նա:

Նկատենք, որ այդ անվանի քաղաքագետներն ու քաղաքական գործիչները միանգամայն նպաստավոր, ընդգծված բարյացակամ վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ, որը, սակայն, բավարար չի լինում, որպեսզի այդ մեծարգո պարոնայք խուսափեն կոմպլեմենտարության վերաբերյալ տրիվիալ, նույնիսկ անհեթեթ ըմբռնումից: Եթե այդօրինակ ըմբռնումը նրանց մտավոր թերացումն է, ապա դա ՀՀ ԱԳ նախարարության ուղղակի մեղքն է, քանզի սեփական քաղաքականության արդյունավետ լուսաբանում եւ քարոզչություն չի իրագործվել: Արծարծվող խնդրի վերաբերյալ պատշաճ ուշադրություն չի ցուցաբերվել նաեւ հանրապետության գիտական (հատկապես քաղաքագիտական եւ փիլիսոփայական) հասարակայնության կողմից: Առկա հատուկենտ հրապարակումները բացառապես քաղաքական բնույթի են եւ ոչ քաղաքագիտական: Կարծես թե խոսքը վերաբերվում է ծայրեծայր մշակված-իմաստավորված մի երեւույթի, եւ ոչ թե քաղաքագիտական ստանդարտ ըմբռնումներն անդրանցնող, գրեթե տարաշխարհիկ մի սկզբունքի մասին, որ հայերիս բնորոշ հատուկ հավակնոտությամբ որդեգրել ենքՙ առանց դույզն իսկ մեզ նեղություն տալու հասկանալ եւ որոշելՙ ի զորո՞ւ ենք այդ սկզբունքը իրագործել քաղաքական Praxis-ում...

2. «Կոմպլեմենտարություն» հասկացությունը եւ մետաֆիզիկան

Իհարկե, առնվազն խնդրահարույց է որեւէ հասկացության` փոքրիշատե ակադեմիական ներկայացումը հանրամատչելիության ձգտող օրաթերթում: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ առանց մեծ խաթարումների ընթերցողին հաղորդել կոմպլեմենտարության արդիական գիտական ըմբռնման հիմնական բովանդակությունը: Առավել ստույգ եւ համապարփակ գիտելիք այդ թեմայի վերաբերյալ ընթերցողը կարող է գտնել իմ հեղինակած մենագրական հետազոտության մեջ (Ֆելիքս Կարապետյան, Կոմպլեմենտարություն, Երեւան, 2006):

Կոմպլեմենտարությունը նյութական-մատերիական եւ հոգեւոր-իդեական աշխարհների կազմակերպման համընդհանուր (ունիվերսալ) եղանակ է: Թեեւ այդ բառը շուրջ երկու հազար տարվա վաղեմություն ունի, սակայն դրա գիտական նշանակությունը հիմնականում ձեւավորվել է XX դարումՙ հարդյունս քվանտային ֆիզիկայի եւ կենսաբանության մեծագույն հայտնագործությունների: Իրենց կոնկրետ տեսքով այդ գիտական արդյունքները կարծես թե հեռու են իրարից, սակայն նրանց միջեւ էական նմանություն կարելի է հայտնաբերել, եթե նկատի առնենք մտքի կազմակերպման տրամաբանական ձեւը (կառուցվածքը), որ թույլ է տալիս կոմպլեմենտարության քվանտաֆիզիկական եւ կենսաբանական կոնցեպտները դիտել որպես «կոմպլեմենտարություն» ընդհանուր գիտական հասկացության տարատեսակներ (համապատասխանաբարՙ ոչ դասական եւ դասական բնույթի): «Կոմպլեմենտարություն» մտածաձեւով առաջադրվող մտային բովանդակության կազմակերպման սկզբունքները երեքն են.

ա) հետազոտվող առարկայում երկյակ հակընդդեմ կառուցվածքագործառնական բնութագրիչների առանձնացումը,

բ) երկյակ ընդդիմության յուրաքանչյուր կողմի առնչվածությունը հետազոտվող օբյեկտի ամբողջականությունը,

գ) երկյակ ընդդիմության հարաբերակցության ըմբռնումը` որպես առարկայի ամբողջականությունը ապահովող բեւեռներ, որոնք իրար փոխբացառելովՙ փոխպայմանավորում եւ փոխլրացնում են միմյանց:

Արդյունքում կարելի է կոմպլեմենտարության ընդհանուր գիտական սահմանումը առաջադրելՙ կոմպլեմենտարությունն ամբողջության մեջ երկյակ հակընդդեմ համադասավորություն ունեցող բաղադրիչների ոչ համադրական միավորման կապի կարգն է:

Կոմպլեմենտարություն հասկացությունն, ուրեմն, օբյեկտիվ, առարկայական հակասության մտածելու ձեւ է, այնպիսին, որը բացառում է էկլեկտիկան եւ անտինոմիան, ենթադրում ոչ թե փոխբացառող-փոխոչնչացնող, այլ փոխպայմանավորող առնչություններ, որ ամբողջացման եւ ամբողջապահովման հիմքն են, ինչպես հարավային եւ հյուսիսային բեւեռները` մագնիսում, դրական եւ բացասական էլեկտրական լիցքավորված մասնիկները, մարդու ուղեղի կիսագնդերի գործառույթները եւ այլն:

3.Հնարավո՞ր է կոմպլեմենտար քաղաքականությունը

«Ինչպե՞ս» հարցի պատասխանը ակնհայտ է` քաղաքականության մեջ կոմպլեմենտարության հասկացության կիրառմամբ, որպես քաղաքական մոտիվացիայի, քաղաքական մտածողության, քաղաքական առարկայական գործունեության (պրակտիկայի), քաղաքական հարաբերությունների հաստատման հիմք եւ կարգավորիչ:

Կոմպլեմենտարիստական քաղաքական ակցիան (իդեական եւ առարկայական-պրակտիկ) քաղաքական գործակիցների կոնֆորմացումն (համաձեւացումն) էՙ նրանց միջեւ այնպիսի հարաբերությունների հաստատումը, որոնք միտված լինեն կանխատեսելի հասարակական-քաղաքական իդեալի իրագործմանը:

Այսպիսով, քաղաքականությունը կոմպլեմենտարորեն կառուցել հնարավոր է, եթե, փոխվում են ավանդական կամ արդիական քաղաքական համակարգերի ոչ թե դրվագներ, այլ ամբողջ հարացույցը (պարադիգմա): Ընդսմին` վերջինս ոչ թե հերթական-շարքային բնույթի է, այլ հակադրվում է առկա քաղաքական հարացույցերի ողջ համախմբին, հետեւաբար այն գերհարացույց է (մեգապարադիգմա): Հիրավի, արդի բոլոր քաղաքական հարացույցերը (լիբերալիզմ, կոնսերվատիզմ, պրագմատիզմ, սոցիալիզմ, նացիոնալիզմ) կառուցված են միեւնույնՙ հատուցման (Talion) սկզբունքով: Այնինչ կոմպլեմենտարիստական քաղաքական հարացույցի հիմքը փոխհատուցումն է (կոմպենսացիան):

4. Իրագործելի՞ է, արդյոք, կոմպլեմենտար քաղաքականությունը

Առհասարակ, գոյություն ունի հայտնի առնչությունՙ որքան հիմնարար (ֆունդամենտալ) է գաղափարը, այնքան ոչ անմիջական եւ ոչ միանշանակ է նրա առարկայացում-իրագործումը: Իսկ կոմպլեմենտարությունը գիտության եւ փիլիսոփայության ամենահիմնարար գաղափարներից է: Եվ առհասարակ` թե՛ այդ գաղափարը, եւ թե՛ դրա իրագործման փորձը բոլորովին էլ նորություն չէ (այն էլՙ հայաստանյան նորություն): Պարզապես համապատասխան անվանակոչությունն (նոմենկլատուրան) է բացակայել: Ես խոսում եմ Քրիստոսի բարոյական վարդապետության մասին, որ աշխարհում ամենահայտնի գաղափարաբանությունն է, որի կենտրոնական գաղափարը կոմպլեմենտարությունն է (այդ թեզը ես պատշաճ հիմնավորվածությամբ առաջադրել եմ վերոհիշյալ իմ մենագրության մեջ): Արդ, Արեւմուտքում (եւ ոչ միայն Արեւմուտքում) այդ անվերապահորեն գերակայող կրոնական գաղափարաբանությունը 2000 տարվա ընթացքում իրագործված-առարկայացվա՞ծ է: Ակնհայտորեն, պատասխանը ոչ միանշանակ է եւ առավելապես միտում է դեպի բացասական տարբերակը:

Այնուհանդերձ, պատմական փաստ է քրիստոնեության (Երուսաղեմի) հաղթանակը Հռոմեական կայսրության նկատմամբ, այն պարագայում, երբ նրա հզոր հարեւանները (Իրանը, Կարթագենը) պարտվեցին: Այդ հաղթանակը, ամեն ինչից զատ, ապահովվեց երկու հիմնասյուներովՙ գաղափարի հզորությամբ ու պահանջելիությամբ եւ գաղափարակիր առաքյալ-քարոզիչների անձնուրաց միսիոներական մոլեռանդությամբ: Նմանապեսՙ կոմպլեմենտարության գաղափարը քաղաքականության մեջ հզոր, հիրավի աշխարհափրկիչ (սոտերիոլոգիական) գաղափար է, մնում են անձնուրաց (նաեւ ազգուրաց), մոլեռանդության հասնող միսիոներ-գաղափարակիր անձինք եւ պետություններ գտնել:

Վերջում, դառնալով խորագրի հարցադրմանը, ազնիվ հետեւողականության պարագայում մենք պարտավոր ենք արձանագրել, որ, ավաղ, Հայաստանում ըստ արժանվույն չի գնահատվել եւ գիտակցվել, որ այդպես անվանակոչելով ՀՀ արտաքին քաղաքականությունը, ձեւակերպում են մի հզորագույն հավակնոտության նախագիծ, որի համեմատությամբ մեր մյուս հայտնի հավակնոտ նախագծերը (առողջապահության, ֆինանսաբանկային եւ այլն) պարզապես համեստագույն նկրտումներ են:

Մի թռուցիկ իսկ հայացքը ՀՀ արտաքին քաղաքական praxis-ի վրա, օրինակ, թե ինչպե՞ս են նույնությամբ, առանց դույզն իսկ փոխակերպման (տրանսֆորմացիայի), ընդօրինակվում ՆԱՏՕ-ի եւ Հավաքական անվտանգության կազմակերպության ռազմավարությունները. պարզվում է, որ այդ քաղաքականությունը կարող է ամեն կերպ կոչվել, սակայն ոչ երբեք` կոմպլեմենտարիստական: Սա արդի Հայաստանում լայն տարածում գտած պսեւդոմորֆոզների դասական օրինակ էՙ գավառական մոդեռնի տարբերակով, երբ հնչեղ անվան տակ քողարկվում է միանգամայն անբարետես, երբեմն նաեւ ուղղակի հոռի բովանդակություն (այդ մասին ես առավել հանգամանալից անդրադարձել եմ «Առավոտ»-ի թիվ 999-ում/: Առավել համարժեք (ադեկվատ) անվանակոչության պարագայում ՀՀ real politic-ը կարող է կրել բազմավեկտորություն, երկակի (բազմակի) ստանդարտներ, պատեհապաշտական խուսանավում եւ նմանատիպ այլՙ ոչ-կոնցեպտուալ, ոչ-արժանապատիվ որակավորումներ, որոնցից խուսափել, ցավոք, անհնար է, քանզի իրերի բնույթն է այնպիսին, որ նրանք տենչում են կոչվել իրենց ստույգ անուններով...

ՖԵԼԻՔՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4