«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ԺԱՄԱՆԱԿԻ ԶԱՐԿԵՐԱԿԸ

Գիտնականի հայացքով, քաղաքացիական դիրքորոշմամբ

ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ

«Դուք եք ժողովրդի համար, եւ ոչ թե հակառակը: Ժողովրդի կողմից Ձեր ընտրված լինելը դեռ չի նշանակում, որ Դուք հանրապետությունում եզակի անձնավորություն եք, միակ գիտակն ու արժանավորը: Մի գայթակղվեք այդ մտքով: Ես, եւ ոչ միայն ես, համոզված եմ, որ արժանավոր մարդիկ շատ կան Հայաստանում»:


Այսպես կարելի է բնութագրել ականավոր գիտնական, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մերօրյա ամենահին անդամ, գիտության խոշոր կազմակերպիչ, հասարակական ականավոր գործիչ` ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանիՙ օրերս լույս տեսած «Ժամանակի զարկերակը» ինքնատիպ աշխատությունը: Դա չի նվիրված իր նախասիրած գիտական ուղղության` մեխանիկայի հարցերի քննարկմանը, որի բնագավառում նա վաղուց միջազգային ճանաչման արժանացած խոշոր մասնագետ է, մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադիրներից մեկը եւ նրա անվիճելի լիդերը: Այս հետաքրքրական, արժեքավոր եւ շատ կողմերով ուսանելի հատորը հեղինակի հրապարակախոսական աշխատանքների ժողովածուն է, թեեւ քաղաքական, ազգային, գիտական եւ գիտակազմակերպչական հարցերը նրանում նույնպես ներկայացված են խոշոր պլանով, թանձր գույներով եւ առանցքային-հայեցակարգային բնույթ են կրում:


Մեր նպատակը Սերգեյ Համբարձումյանի «Ժամանակի զարկերակը» աշխատության մասին գրախոսական գրելը չէ` իր դասական իմաստով, մենք մեր առջեւ նման խնդիր չենք դրել, այլ կփորձենք առանձնացնել նրանում իրենց արտացոլումը գտած այն տեսադրույթները, որոնք չեն կորցրել իրենց թարմությունն ու այժմեականությունը, բացահայտել այն արժեքային համակարգը, որի վրա խարսխված է այն, ապա եւ ներկայացնել հեղինակի մտորումները Հայաստան պետության, հայ ժողովրդի` որպես մայր հողի վրա բնակվող եւ սփյուռքում հայտնված հայության միասնություն, ապագայի եւ հեռանկարների վերաբերյալ:

Երբ կարդացի աշխատության վերնագիրը` «Ժամանակի զարկերակը», չեմ թաքցնում, այն առաջին հայացքից ինձ թվաց որոշ իմաստով հավակնոտ: Սակայն ավարտելով ընթերցումը, համոզվեցի, որ հեղինակը հիմք ուներ նման խորագիր ընտրել, որն արդարացված է նրանում հեղինակի կողմից քննարկվող արդիական հարցերի լայն շրջանակներով եւ բազմազանությամբ, նրանց սրությամբ, որոնց մի մասը բախտորոշ նշանակություն ունի Հայաստանի եւ հայ ժողովրդի գոյության եւ զարգացման տեսանկյունից, եւ բնականաբար, չի կարող չհուզել ամեն մի հայի եւ ընդհանրապեսՙ հայությանն ամբողջությամբ վերցրած: Հեղինակը հիմնահարցերը չի քննարկում կամ լուսաբանում պասիվ կամ կողմնակի դիտորդի դիրքերից, նա անտարբեր չէ նրանց նկատմամբ: Ընդհանրապես անտարբերությունը նրան բնորոշ չէ, նա հարցերը քննարկում է կրքոտ, սակայն անաչառ եւ անկողմնակալ, դրանք լուսաբանում է հիմնավոր եւ համոզիչ կերպով, եւ, որը շատ կարեւոր է, առարկայականորեն` ելնելով գիտական չափանիշներից, ապրում է դրանցով, առանձին դեպքերում չթաքցնելով իր խորն անհանգստությունը, չվախենալով, անգամ «չամաչելով» ցուցադրել իր կսկիծը, ինչպես վայել է հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող գիտնականին: Այլ կերպ ասած, նա, իրոք, իր ձեռքը պահում է ժամանակի զարկերակի վրա, որի դիմաց վարձահատույց է լինում քննարկվող հարցերը ընթերցողին ավելի հասկանալի ու մատչելի մատուցելու հաճույքն ապրելով, որը, լինենք անկեղծ, յուրաքանչյուր հեղինակի երազանքն է:

Ժողովածուի ատաղձը կազմում են նրա հոդվածները, հարցազրույցները, ելույթները գիտական զանազան ֆորումներում եւ երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում, նամակները` հասցեագրված տարբեր երկրների ղեկավարներին, ականավոր գիտնականներին, արվեստի գործիչներին, ինչպես նաեւ առանձին հատվածներ նախկինում հրատարակված իր գրքերից, որոնց մի մասը հայերեն է, իսկ մի մասն էլ` ռուսերեն:

Թեմատիկ առումով այն շատ ընդգրկուն է ու բազմապլան, եւ ներառում է այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի պետական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտական եւ գիտակազմակերպչական, կրթական-մշակութային ոլորտներին, միջազգային հարաբերություններին, բանակին, հայերի միասնությանը, հայոց ցեղասպանությանը եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, գավառականության եւ դիլետանտության դեմ պայքարին, հայ ժողովրդի եւ հայոց պետության ապագային եւ այլն: Եվ որպես կանոն հեղինակը վերոնշյալ խնդիրներին անդրադառնում է ոչ թե հպանցիկ կերպով կամ մակերեսայնորեն, այլ ենթարկում է քննության, վերլուծում այս կամ այն երեւույթի պատճառները եւ ներկայացնում իր տեսակետները, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ, թարմությամբ եւ հավաստիությամբ: Ընթերցողի զարմանքն է հարուցում հեղինակի հետաքրքրությունների լայն շրջանակը: Նա իրեն կաշկանդված չի զգում որեւէ հարց քննարկելիս, բացի այն մտահոգությունից, որ իր ասածը որեւէ շեղում չունենա ճշմարտությունից: Ճշմարտության հարցը եւ իր արտահայտած տեսակետների հիմնավորված եւ համոզիչ լինելու հանգամանքը ակադեմիկոս Ս. Համբարձումյանի գլխավոր մտահոգություներն են: Ահա թե ինչ է նա գրում այդ մասին. «Ճշմարտություն ասելը համարվում է համարձակություն: Ես հավատացած եմ, որ կարգին մարդու մոտ խոսքը չի բաժանվում գործից: Նա ասում է այն, ինչ մտածում է: Այնպես որ ճշմարտություն ասելը` կարգին մարդու պարտքն է»:

Այս ժողովածուին բնորոշ են մի շարք առանձնահատկություններ, որոնք այն դարձնում են ինքնատիպ ուսումնասիրություն: Դրանք վերաբերում են աշխատության կոմպոզիցիային, մեթոդոլոգիային, քննարկվող հարցերի բնույթին, հեղինակի սեփական մեկնություններին եւ գրավոր նշում-դիտողություններին` տարիներ առաջ գրված իր իսկ սեփական հրապարակումների վերաբերյալ, որի շնորհիվ ավելի է ընդգծվում հեղինակային սկզբունքային դիրքորոշումըՙ նախկինում իր շոշափած հայեցակարգային բնույթի հիմնախնդիրների նկատմամբ:

Առաջին եւ ամենակարեւոր առանձնահատկությունը վերաբերում է ժողովածուի ժամանակագրական սահմաններին: Այն ընդգրկում է ուղիղ երեսուն տարի` 1975-2005 թթ., որը հեղինակը համարում է բախտորոշ հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ եւ չի սխալվում: Բայց յուրահատկությունն այն է, որ նա այդ երեսուն տարին բաժանում է երկու հավասար մասերի` առաջին տասնհինգ տարին հատկացնելով խորհրդային պետության գոյության վերջին, հոգեւարքային շրջանին եւ այդ ժամանակահատվածում մեր հանրապետությունում տեղի ունեցած կարեւոր քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական եւ գիտամշակութային իրադարձությունների քննարկմանը, իսկ երկրորդ տասնինգ տարին հատկացված է Հայաստանի անկախության շրջանին, Երրորդ հանրապետության բարդ, իրադարձություններով հարուստ եւ հակասական պատմության անկյունաքարային հարցերի լուսաբանությանը: Մեթոդոլոգիական առումով սա նորություն է, որի շնորհիվ Հայաստանի անկախության պատմական իրողությունը դառնում է յուրատեսակ ջրբաժան գիծ երկուՙ միմյանցից տարբեր, նույնիսկ կարելի է ասելՙ միմյանց հակադիր պատմական երկու դարաշրջանների միջեւ, ու այդ հանգամանքը դառնում է ելակետային հեղինակի համար` պատամաքաղաքագիտական եւ գիտակամշակութային հիմնախնդիրներին անդրադառնալիս: Այդպիսի մոտեցման շնորհիվ ընթերցողը ակամայից համեմատում է այդ երկու տարբեր դարաշրջանները, տեսնում ինչպես կորուստները, այնպես էլ ձեռքբերումները: Մյուս կողմից դա օգնում է, որ նոր սերունդը, հատկապես նրա այն մասը, որ կյանք է մտել Հայաստանի անկախության շրջանում, ծանոթանա եւ որոշակի գաղափար կազմի պատմական այն շրջանի մասին, երբ Հայաստանը կազմում էր Խորհրդային Միության մի մասը: Մենք կավելացնեինք նաեւ, որ անգամ հին սերունդը, որը ձեւավորվել եւ ապրել է խորհրդային շրջանում, հնարավորություն է ստանում թարմացնել իր հիշողությունները եւ նորովի գնահատել անցած-գնացած պատմական շրջանի հիմնախնդիրները, անցքերը եւ իրադարձությունները: Դրա փայլուն օրինակն է 1988-ի հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահությունում Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման սղագրական նյութերի զետեղումը գրքում եւ Մ. Գորբաչով-Ս. Համբարձումյան դուելը` մենամարտը, որը լայն միջազգային հնչեղություն ունեցավ: Այդ մենամարտն ավարտվեց հայ ակադեմիկոսի փայլուն հաղթանակով եւ Խորհրդային Միության ղեկավարի խայտառակությամբ, որից հետո ավելի ամրապնդվեց վերջինիս պրիմիտիվ, գավառական քաղաքական-պետական գործիչ լինելու համբավը: Բազմաթիվ քաղաքական եւ հասարակական գործիչներ դատապարտեցին Մ. Գորբաչովի անտակտ պահվածքը եւ նրա բացահայտ հակահայկական եւ ադրբեջանամետ դիրքորոշումը ղարաբաղյան հարցում: Պետության «առաջին» դեմքի խիստ քննադատությամբ հանդես եկավ ակադեմիկոս Ա. Սախարովը, ընդգծելով, որ Գերագույն Խորհրդի նախագահության նիստն ամբողջությամբ եւ Մ. Գորբաչովի վարքագիծը մասնավորապես ճնշիչ տպավորություն գործեցին, իսկ «Ս. Ա. Համբարձումյանը կարողացավ նրան արժանի պատասխան տալ»: Նման փաստերով հարուստ է այս արժեքավոր գիրքը:

Մյուս կարեւոր առանձնահատկությունը, որը կարելի է նորամուծություն անվանել, հեղինակի մեկնությունները եւ նշում-դիտարկումներն են նախկինում իր հրատարակած եւ այժմ այս գրքում տեղ գտած աշխատանքների վերաբերյալ, որոնց հրապարակումից հետո անցել են տասնամյակներ: Համարյա բոլոր հոդվածների եւ ելույթների վերաբերյալ նա վերջում տալիս է իր մեկնությունները, հաստատում, ուղղում, անգամ վերանայում դրանցում տասնամյակներ առաջ արտահայտած իր տեսակետները: Նա դիմել է նման նորամուծությանՙ հավանաբար հաշվի առնելով, որ եկել են նոր ժամանակներ, հայ ժողովրդի առջեւ ծառացել են նոր խնդիրներ, գիտությունը կոչված է լուծելու նոր կենսական հարցեր: Այսպես, օրինակ, անդրադառնալով 1989-ի ապրիլի 22-ին մոսկովյան «Սովետսկայա կուլտուրա» թերթում տպագրված «Թեժ գոտեմարտերն անխուսափելի են» իր հոդվածին, ակադեմիկոս Ս. Համբարձումյանն այդ հոդվածը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Այն օրերին ես բավարար չափով չէի հասկանում երկրի քաղաքական իրադրությունը եւ գրեցի պառլամենտում առաջիկա թեժ գոտեմարտերի մասին: Իրականում գոտեմարտերը ոչ միայն թեժ էին, այլեւ հրակարմիր-արյունալի, եւ արդյունքում նրանք դարձան տրոհման (Խորհրդային Միության-Ն.Հ) կատալիզատոր»: Կարծում ենք, որ ոչ ամեն ոք կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն եւ հրապարակավ ընդունել այս կամ այն իրողության վերաբերյալ իր ոչ բավարար տեղյակ լինելը, մանավանդՙ ակադեմիկոսի տիտղոսի եւ ականավոր գիտնականի համբավի տեր անձնավորությունը: Բայց վստահ ենք, որ դրանից նրա հեղինակությունը ոչ միայն չի սասանվում, այլեւ, ընդհակառակը, ավելի է բարձրանում որպես անաչառ գիտնականի, որի համար բարձրագույն չափանիշը ճշմարտությունն է:

Շատ հաճախ ակադեմիկոս Ս. Համբարձումյանը նախկինում որեւէ հարցի վերաբերյալ արտահայտած իր այս կամ այն տեսակետը այժմ տարածում է մերօրյա հայ իրականության վրա: Ժամանակին անդրադառնալով ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի աշխատանքներին, նա հրապարակայնորեն առաջ քաշեց «Պառլամենտական վիճաբանությունների կուլտուրայի» տեսադրույթը, ընդգծելով նման կուլտուրայի բացակայությունը Խորհրդային Միությունում եւ դրա բացասական հետեւանքները մեր պետական կյանքում: Իսկ այժմ սույն գրքում դեռեւս 1989-ին արտահայտած իր այդ տեսակետը մեկնաբանելիս, նա իրավացիորեն հարկ է համարել շեշտել. «Ուզում եմ նշել, որ պառլամենտական դեբատների կուլտուրայի վերաբերյալ մեր հոդվածում առաջ քաշված թեզը մինչեւ օրս մնում է ակտուալ, այդ թվում եւ Հայաստանի պառլամենտի համար»: Կարծում ենք, որ ամեն ոք կհամաձայնի այդ եզրակացության հետ:

Նման մոտեցման շնորհիվ յուրատեսակ կամուրջ է գցվում հեղինակի` խորհրդային ու Հայաստանի անկախության շրջանում արտահայտված մտքերի, տեսակետների, կարծիքների եւ եզրակացությունների միջեւ: Դա ոչ միայն ընդհանուր հայեցակարգային մոտեցում է, որի օգնությամբ գենետիկական կապ է դիտարկվում երկու տարբեր դարաշրջանների մի շարք հիմնախնդիրների լուսաբանության բնագավառում, այլեւ ակնառու է դառնում հայեցակարգային այդ տեսադրույթների պիտանիությունը եւ նրանց կիրառելիության աստիճանը երկու տարբեր դարաշրջանների առանցքային հիմնախնդիրների հարցում:

Այս գրքում առանձնահատուկ տեղ են գրավում պետության, պետական կառավարման եւ անկախության խնդիրների լուսաբանությունը: Ակադեմիկոս Ս. Համբարձումյանը բազմիցս նշում է. «Ես քաղաքական գործիչ չեմ»: Դա թերեւս ճիշտ է նրա մասնագիտության առումով եւ պաշտոնավարության տեսանկյունից: Սակայն դրա հետ միասինՙ գրքի տարբեր հատվածներում արտահայտված մտքերը, տեսակետները, կարծիքները կամ եզրակացությունները վկայում են առ այն, որ նա հիանալի է տիրապետում քաղաքագիտության օրենքներին եւ քաջածանոթ է նրա գաղտնիքներին, ինչը նրան բարոյական իրավունք է տալիս խոսել եւ գրել այնպիսի նյութերի վերաբերյալ, որոնք անմիջականորեն վերաբերում են քաղաքագիտության մարզին: Դրա իրավունքը նա ունի նաեւ այն պատճառով, որ եղել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության անդամ եւ մասնակցել նախկին Խորհրդային Միության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքներին, իսկ երբեմն շատ ակտիվ մասնակից է եղել որոշ հարցերի քննարկման, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի դիմակայության, գիտության եւ բարձրագույն կրթության եւ այլ հարցերի պարագայում: ԳԽ նախագահության անդամ լինելը հնարավորություն է տվել ակադեմիկոս Ս. Համբարձումյանին մոտիկից դիտել երկրի ղեկավարության աշխատանքային արատավոր ոճը, որը արդարացիորեն նրա դժգոհությունն էր առաջացնում, հստակ պատկերացում կազմել նրա առաջնորդների, առաջին հերթինՙ Մ. Գորբաչովի մտավոր ցածր մակարդակի, ցինիզմի հասնող եւ ստախոսության աստիճանի երկերեսանի քաղաքականության, երկրի առաջեւ կանգնած նոր խնդիրները ճիշտ գնահատելու անկարողության, հին եւ քարացած, իրենց դարը վաղուց ապրած դոգմաներին հավատարիմ մնալու նվիրվածության մասին եւ այլն: Նա մատնանշում է նաեւ բանսարկությունը եւ մրցակցությունը կուսակցության լիդերների միջեւ: Եվ նա ցավով այդ օրերին արձանագրում է. «Նրանք ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, որ երկրում միանգամայն օրինաչափորեն եւ բնականորեն սկսվել է այլ քաղաքական իրադրության ձեւավորում...Ավաղ, ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովը դա չհասկացավ»: Հեղինակը մատնանշում է երկրի ղեկավար կորիզի որոշ անդամների ոչ կոմպետենտ լինելը, համապատասխան գիտելիքների չտիրապետելը: Որպես օրինակ նա նշում է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահ Ա. Գրոմիկոյին, որը, բանից պարզվում է, ոչ մի գաղափար չի ունեցել պրեզիդենտական կառավարման ձեւի մասին, երբ այդ հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու տեսանկյունից փորձում է նրա հետ քննարկել ակադեմիկոս Ս. Համբարձումյանը: Այդ բոլորը` այլ գործոնների հետ միասին, հանգեցրին Խորհրդային Միության ժողովուրդների հիասթափությանը, կոմունիստական կուսակցության եւ խորհրդային պետության, նրանց ղեկավարների հեղինակության եւ վարկի անկմանը, հավատի կորստյանըՙ վերակառուցման քաղաքականության հանդեպ:

Այդ գործընթացից դուրս չմնաց նաեւ հայ ժողովուդը: Բուռն իրադարձությունների այդ օրերին, որոնք համակել էին ամբողջ երկիրը, հեղինակը գրում է. «Կյանքը ցույց տվեց, որ հայ ժողովուրդը մոլորված էր ԽՄԿԿ իմաստնության հարցում, քանի որ մինչեւ օրս հայերի բարձրացրած հարցերն իրենց արդարացի լուծումը չեն գտել` համաձայն քաղաքակիրթ աշխարհի տարրական կանոնների: Ըստ երեւույթին մեր հասարակության համար համաշխարհային չափանիշներն ընդունելի են միայն խոսքով», ինչը ի վերջո հանգեցրեց Խորհրդային Միության փլուզմանը: Ուշադրության է արժանի նաեւ ակադեմիկոսի տեղեկությունն այն մասին, որ Խորհրդային Միության պառլամենտն ամեն անգամ, երբ Հայաստանի դեպուտատական խումբը ներկայացնում էր որեւէ առաջարկություն Լեռնային Ղարաբաղի կամ այլ հարցի շուրջ դրանք սվիններով էր դիմավորում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի ղեկավարությունը: Դա, հասկանալի է, կատարվում էր Մ. Գորբաչովի գիտությամբ, հավանությամբ եւ խրախուսանքով:

Ակադեմիկոս Ս. Համբարձումյանը, ինչպես վկայում են 1990-ի նրա գրառումները, բարձր է գնահատել հայկական պառլամենտի կողմից ընդունված Անկախության հռչակագիրը, բնութագրելով այն «բավականին ճկուն, որն ուղիներ է հարթում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրների արմատական լուծման համար», այդ թվում եւՙ անկախության հարցում: «Հայաստանի Հանրապետությունն անպայմանորեն պետք է լինի իսկապես անկախ պետություն», գրում էր այդ օրերին ակադեմիկոսը, ավելացնելով, որ երկիրն անկախ պետք է լինի թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական առումով, նաեւՙ «գոհացնի հայության այն հատվածին, որը բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս»:

Ինչպես հատնի է, մի շարք առարկայական եւ սուբյեկտիվ պատճառներով անկախ Հայաստանի զարգացման առջեւ ծառացան բազում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ազգային, արտաքին քաղաքական եւ այլ բարդ հարցեր, որոնք շատ ծանր դրության մեջ դրեցին հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Ակադեմիկոսն այդ հարցերին անդրադառնում է իր մի շարք հոդվածներում, ելույթներում, ուղերձներում, օգտագործելով յուրաքանչյուր հարմար առիթՙ վերոնշյալ հարցերի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելու համար: Այդ առումով ուշադրության է արժանի նրա` «Կարող է շրջադարձային լինել, եթե...» 1993-ի ամանորյա ուղերձը` հրապարակված «Հայաստան» թերթի դեկտեմբերի 31-ի համարում, որտեղ նա նշում է, որ ինքը լավատես է եւ հույս է տածում , որ «հանրապետության կառավարողները իրենց մեջ ուժ եւ կարողություն կգտնեն հրաժարվելու հին ու նոր իրարամերժ ու դոգմատիկ գաղափարներից» եւ «համախմբելու մեր հուսալքված ժողովրդին եւ, վերջապես, հանրապետությունը դուրս բերելու այս համընդհանուր ծանր ու դժվարին վիճակից»: Սակայն նա այնքան էլ լավատես չի եղել, որ դա ի վիճակի են ի կատար ածել օրվա իշխանավորները, որի հաստատումն է նրա իսկ արմատական բնույթի առաջարկությունը` անհապաղ Հայաստանի փրկության կոմիտե ստեղծելու վերաբերյալ, որն ինքնին կարեւոր նորություն էր Երրորդ հանրապետության պետական շինարարության ասպարեզում: Կարեւորելով այդ հարցի նշանակությունը, անհրաժեշտ ենք համարում ուղերձի այդ հատվածն ամբողջությամբ մեջբերել. «Ըստ իս` ժողովուրդն այսօր կարող է համախմբվել արտակարգ լիազորություններով օժտված հանրապետության փրկության կոմիտե ստեղծելու գաղափարի շուրջ: Անհապաղ ստեղծված նման կոմիտեն իր կազմում պետք է ունենա ժողովրդի կողմից ընդունված եւ հարգված խիստ սահմանափակ թվով մտավորականներ, գործարար մարդիկ, պետական եւ քաղաքական գործիչներ... Այնժամ 1993 թվականը կարող է շրջադարձային լինել մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի համար»:

Հայտնի է, որ նման փրկության կոմիտե չստեղծվեց եւ ոչ մի շրջադարձ էլ տեղի չունեցավ: Տասնհինգ տարի անց, 2008-ին հրատարակված իր այս նոր աշխատությունում, կրկին վերադառնալով այդ խնդրին եւ տալով սեփական մեկնաբանությունը, հեղինակը գրում է. «1993-ը հույսերի տարի էր, բայց, ավաղ, նա եւս շրջադարջային չեղավ, շրջադարձային չեղան եւ հաջորդ տարիները: Մեր հավատը, թե երկրի երիտասարդ կառավարողները ի զորու կլինեն բարգավաճ Հայաստան ստեղծելու, պակասել է»: Կարծում ենք, ամեն ինչ ասված է շատ պարզ եւ հասկանալի: Հետագայում եւս նա անդրադառնում է հանրապետության ղեկավարման եւ ղեկավարների հարցերին, զարգացնելով բավականին հետաքրքիր մոտեցումներ: Այսպես, օրինակ, 2003-ի հուլիսին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ, որը վերնագրված է «Իշխանությունը պիտի հենվի ինքնուրույն մտածող անձերի վրա», ակադեմիկոսը հետեւյալ ուշագրավ միտքն է արտահայտել. «Այսօր իշխանության գլուխ են կանգնած բավականին կրթված, խելացի եւ նախաձեռնող մարդիկ, երիտասարդ, ունակ, բայց պետությունը կառավարելու համար անհրաժեշտ է նաեւ իմաստնություն»: Կարծում ենք, որ երիտասարդ լինելն ինքնին բացարձակ առավելություն չէ, որի առջեւ պետք է նահանջեն մնացած բոլոր արժեքները: Առանց իմաստնության ամեն ինչ դատապարտված է ձախողման. «Իսկ իմաստնությունը գալիս է տարիների ընթացքում ապրած ակտիվ կյանքով, իսկ դա էլ ըստ էության ոչ բոլորին», նշում է ակադեմիկոսը: Եվ կարծեք թե ամփոփելով իր մտքերը եւ այլեւս չդիմանալով բազում անարդարություններին, սխալներին ի տես ժողովրդի ծանր դրության, ակադեմիկոս Ս. Համբարձումյանը «Բաց նամակ ՀՀ ապագա նախագահին» իր օրիգինալ ուղերձում շպրտում է ապագա նախագահների երեսին. «Դուք եք ժողովրդի համար, եւ ոչ թե հակառակը: Ժողովրդի կողմից Ձեր ընտրված լինելը դեռ չի նշանակում, որ Դուք հանրապետությունում եզակի անձնավորություն եք, միակ գիտակն ու արժանավորը: Մի գայթակղվեք այդ մտքով: Ես, եւ ոչ միայն ես, համոզված եմ, որ արժանավոր մարդիկ շատ կան Հայաստանում»: Հիրավի, սա քաղաքացիական խիզախության մի փայլուն դրսեւորում է:

Վերոնշյալ հարցերը այժմ էլ չեն կորցրել իրենց այժմեականությունը եւ հույժ կարեւոր անհրաժեշտությունը:

«Ժամանակի զարկերակը» գրքի կենտրոնական թեմաներից են գիտության եւ գիտության նկատմամբ իշխանությունների քաղաքականության հարցերը, որոնց վերաբերյալ հեղինակն արտահայտում իր սեփական տեսակետները, մեզ ներակայացնում իր մոտեցումները, իրեն բոլորովին կաշկանդված չզգալով խստորեն քննադատելու Հայաստանի իշխանությունների անհեռատես քաղաքականությունը` մի կողմից, եւ ձաղկելով գիտության բնագավառում անցման շրջանուն հաստատուն տեղ գրաված հոռի բարքերը` մյուս կողմից: Ս. Համբարձումյանը գիտության հարցերի քննարկմանը մոտեցել է երկու տեսանկյունից` բուն գիտության զարգացման շահերից եւ Հայաստանի ազգային անվտանգության, նրա զարգացման, առաջընթացի եւ հզորացման մտահոգությունից: Նա այն տեսակետի ջերմ պաշտպանն է, որ «Ժողովրդի անվտանգ եւ բարեկեցիկ կյանքի երաշխիքներից մեկը հանրապետության գիտությունն է, նրա բարձր մակարդակը»: Դրանով հանդերձՙ նրա համար անհասկանալի եւ անընդունելի է անկախ Հայաստանի ղեկավարության գրաված, մեղմ ասած, անտարբեր դիրքը գիտության զարգացման եւ նրա զարգացումն ապահովելու հարցում: Եվ քննադատելով այդ տարօրինակ դիքորոշումը, ակադեմիկոս Ս. Համբարձումյանը «Մի քանի խոսք գիտության եւ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» իր սկզբունքային բնույթի հոդվածում, որը 1997-ի նոյեմբերին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, գրում է. «Կասկածից վեր է, որ հանրապետության ղեկավարությունը եւս պետք է վերանայի իր վերաբերմունքը դեպի գիտությունը, դեպի գիտնականները, դեպի գիտությունների ակադեմիան: Նա պետք է գիտենա, որ Հայաստանի ներկայի եւ ապագայի համար, երկրի ազգային անվտանգության համար գիտությունն ամբողջությամբ ունի բախտորոշ նշանակություն: Ուրեմն` պետությունը պարտավոր է անխափան պատշաճ մակարդակով ֆինանսավորել հիմնարար գիտությունները»: Ակադեմիկոսի կարծիքով «Հայաստանի գիտությունը հիմնականում պետք է խարսխվի երկու գլոբալ ուղղությունների վրա` հիմնարար գիտությունների եւ հայագիտության» : Հանրապետության այսօրվա գիտության եւ բարձրագույն կրթության համակարգը համարելով հիվանդացած, նա հարց է բարձրացնում բուժել այդ համակարգը եւ այն դուրս բերել ստեղծված ծանր վիճակից, որին կարելի է հասնել առաջին հերթին նրա նկատմամբ Հայաստանի ղեկավարության նպաստավոր քաղաքականության եւ աջակցության շնորհիվ:

Սակայն իրենց անելիքներն ունեն նաեւ գիտնականները` գիտական մթնոլորտը հանրապետությունում առողջացնելու եւ գիտության դռներն անարժանների առջեւ փակելու առումով: Հեղինակը գտնում է, որ գիտությունը կանգնած է ինքնամաքրման խնդրի առջեւ, անհրաժեշտ է անհաշտ պայքար մղել գավառականության եւ գիտական դիլետանտիզմի դեմ, որը կործանարար է գիտության զարգացման համար: Նրա քննադատության սլաքն ուղղված է այն գիտնականների դեմ, որոնք սիրում են իրենք իրենց գովազդել եւ իրենց անվան շուրջն աղմուկ բարձրացնել: «Մեր օրերում տաղանդը որոշվում է աղմուկով, որն ինքն է հարուցում: Իսկական գիտությունը գովազդ չի սիրում, գովազդը հակացույց է գիտությանը», ցավով նշում է ակադեմիկոսը: Նա նաեւ սուր քննադատության է ենթարկում բոլոր այն «գիտության հեղափոխականներին», որոնք գիտությունը «վերակառուցելու» անվան տակ փորձում են քանդել վաղուց ձեւավորված գիտական համակարգը Հայաստանում, վերացնել գիտությունների ակադեմիան` որպես գիտական կենտրոն, եւ այն վերածել ինչ-որ ակումբի: Ըստ որումՙ դա ասվում է մի ակադեմիայի մասին, որը համաշխարհային ճանաչում ունեցած գիտական կենտրոն է, մեծ ճանաչում եւ փառք է բերել մեր հանրապետությանը, եւ որի շարքերում այսօր էլ կան ականավոր գիտնականներ եւ խոշոր մասնագետներ: Այդ հարցին վերաբերող նյութերում հատկապես արժեքավոր են ակադեմիկոս Ս. Համաբարձումյանի դիտարկումները հայ գիտության, ազգային ակադեմիայի անցած ուղու, նրա միջազգային ճանաչման մասին: Երախտագիտության է արժանի հեղինակի կողմից գիտության բնագավառում այնպիսի հայ անվանի գիտնականների հիշատակումը եւ նրանց գիտական վաստակի ճանաչումը, ինչպես Հ. Օրբելին, Վ. Համբարձումյանը, Ա. Շահինյանը, Ա. Ալիխանովը, Ա. Ալիխանյանը, Հ. Բունիաթյանը, Խ Կոշտոյանցը, Մ.Աբեղյանը, Հ. Մանանդյանը, Լ. Հովհաննիսյանը Հ. Աճառյանը, Ա. Մնջոյանը, Ի. Մաղաքյանը եւ շատ ուրիշներ: Նրանցից շատ-շատերը եղել են մեծահամբավ գիտնականներ, իսկ ոմանք էլ գիտական դպրոցների հիմնադիրներ: Նա չի խուսափում նրանց արժանիքները գնահատելուց եւ արժանին մատուցելու նրանցից շատ շատերին: Ս. Համբարձումյանը նրանց մեջ, իհարկե, առանձնանցնում է Վիկտոր Համբարձումյանին, որին բնութագրում է որպես «տաղանդավոր, համաշխարհային համբավ ունեցող գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը, որն օժտված էր կազմակերպչական վիթխարի կարողություններով»: Իսկ Վիկտոր Համբարձումյանի` Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ ընտրվելը հեղինակը համարում է բարեբախտություն ակադեմիայի եւ ամբողջ հայ գիտության համար, որով սկսվում է նոր փուլ հայկական ակադեմիայի պատմության մեջ:

Հեղինակը, քննարկելով հայ գիտության զարգացման հարցերը եւ նրա հնարավորություններն ու հեռանկարները, մի կարեւոր դիտարկում էլ է կատարում, որը ցանկության դեպքում կարող է եւ սխալ մեկնաբանվել: Նա այն միտքն է արտահայտում , որ հայերը զբաղվում են բարձր գիտությամբ, որի արդյունքների հետ հաշվի են նստում, իսկ հաճախ էլ օգտվում են մեծ տերությունների գիտնականները: Ինքն իրեն հարց տալով, թե ինչպե՞ս բացատրել այդ երեւույթը, ակադեմիկոս Ս. Համաբարձումյանը պատասխանում է. «Բանն այն է, որ հայ գիտնականնների նվաճումների արմատները խորը նստած են ժողովրդի մենթալիտետում: Հայ ժողովրդի գենետիկական ուղղվածությունն ամբողջապես ստեղծագործությունն է, ստեղծագործական մտածելակերպը: Հնագույն ժամանակներից հայերն ունեին երեք հավատամքներ` գիտություն, արվեստ եւ կրթություն, որոնց շուրջը կառուցվում է ամբողջ կյանքի համակարգը: Ահա դրանում էլ պետք է փնտրել հայ գիտության հաջողությունը» : Եվ որպեսզի սխալ չհասկացվի եւ չմեղադրվի զանազան «իզմերի» մեջ, ակադեմիկոս Ս.Համբարձումյանն ավելացնում է` «Վստահ եմ, որ հայերը աշխարհում այդպիսի մենթալիտետով միակ ժողովուրդը չեն»:

Գրքում չափազանց լայն է ներկայացված Ղարաբաղյան հիմնախնդիրը: Հեղինակն անդրադառնում է նրա պատճառներին եւ էությանը, Կենտրոնի քաղաքականությանը, որը սկզբից եւեթ, ինչպես իրավացիորեն նշում է նա, եղել է սխալ եւ ադրբեջանամետ, նա ուշադրություն է հրավիրում ադրբեջանական վանդալիզմին, որը շատ ծանր նստեց հայ ժողովրդի եւ նրա հոգեբանության վրա, շեշտում միջազգային հանրության եւ կազմակերպությունների անտարբերությանը, այդ հարցը սխալ սկզբունքների վրա «կարգավորելու» փորձերը, որը խարսխված է հայ ժողովրդի պատմական եւ ազգային իրավունքների անտեսման վրա եւ այլն: Ընթերցողը, ծանոթանալով այս հրատարակությանը, կարող է համոզվել, թե ինչպիսի հետեւողականությամբ է ակադեմիկոս Ս. Համբարձումյանն իր դեպուտատ գործընկերների հետ միասին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդում պայքար ծավալել հայ ժողովրդի օրինական շահերը պաշտպանելու համար: Մենք արդեն նշել ենք Գորբաչով-Համբարձումյան մենամարտի մասին: Ավելացնենք, որ, ինչպես վկայում են գրքում զետեղված նյութերը, ակադեմիկոսը ղարաբաղյան հիմնախնդրի արդար լուծման համար դիմել է Ռուսաստանի պրեզիդենտ Բ. Ելցինին, ԱՄՆ-ի պրեզիդենտ Բ. Քլինթոնին, ականավոր գիտնականներին, ԽՍՀՄ-ի, Ուկրաինայի եւ Բելառուսի գիտնականներին, համաշխարհային մեծ ճանաչում եւ հեղինակություն վայելող թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչին եւ այլոց, սակայն նրա դիմում-ուղերձները մնացել են անպատասխան:

Ակադեմիկոս Ս. Համբարձումյանը տվել է նաեւ ղարաբաղյան շարժման, նրա բնույթի իր սահմանումը, որը շատ կողմերով տարբերվում է ժամանակին տրված այլ սահմանումներից ու բնութագրումներից, որոնք տիրապետող էին հասարակությունում: 1988-ի դեկտեմբերի 1-ին, ելույթ ունենալով Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամների հետ Հայաստանի, Ադրբեջանի դեպուտատների եւ ԼՂԻՄ-ի ներկայացուցիրների հանդիպման ժամանակ, եւ քննադատության ենթարկելով Կենտրոնի դիրքորոշումն այդ կոնֆլիկտի լուծման գործում, նա հայտարարում է. «Ղարաբաղյան շարժումը պետք է որակվի որպես վերակառուցման եւ ժողովրդավարության ոգով մի շարժում, որպես ազգային քաղաքականության համամարդկային սկզբունքները վերականգնելու ժողովրդի ձգտում, որոնց անկյունաքարերն են ինքնորոշումը, ազգերի ու ժողովուրդների հավասարությունը, անհատի ազատությունը»:

Ակադեմիկոս Ս. Համբարձումյանը չէր կարող անտեսել նաեւ մի այնպիսի կարեւոր հարց, ինչպիսին Հայոց ցեղասպանության հարցն է: Չցանկանալով մտնել մանրամասնությունների մեջ, նշենք` նա այն հազվագյուտ հայ մտավորականներից է, որ այդ հարցի քննարկումը դեռեւս անցյալ դարի 80-ական թվականներին դուրս է բերել միջազգային ասպարեզ եւ հարուցել համապատասխան դիվանագիտական դեմարշ: Դրա վկայությունն է «Պրավդայում» 1985-ի ապրիլի 24-ին հրապարակված նրա «Դատապարտված է մարդկության կողմից» հոդվածը, որն առաջ բերեց Թուրքիայի պաշտոնական բողոքը: Հոդվածը տպագրվել է Հայոց ցեղասպանության 70-ամյակի առիթով: Նշելով, որ «մարդկության դեմ կատարվող ամենածանր արյունալի ոճրագործություններից մեկը ցեղասպանությունն է», նա այդ համատեքստում է դիտարկում Հայոց ցեղասպանության իրագործումը: Ակադեմիկոս Ս. Համբարձումյանը գրում է. «Իմպերիալիզմի ծնունդ հանդիսացող ցեղասպանության խոշորագույն ակտը եղավ յոթանասուն տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կառավարողների կազմակերպած հաշվեհարդարը հայ ազգաբնակչության նկատմամբ: Դրա հետեւանքով զոհվեց ավելի քան մեկուկես միլիոն բոլորովին անմեղ մարդ... Արեւմուտքում տեղ-տեղ հնչում են այնպիսի ձայներ, որոնք փորձում են ժխտել Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության փաստը»: Խորհրդային ամենահեղինակավոր լրագրում տպված հոդվածին ապրիլի 26-ին հետեւեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ ասված էր. «Այնպիսի թերթում, ինչպիսին Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտկոմի պաշտոնաթերթ «Պրավդան է», մեր երկրի հասցեին մի շարք զրպարտությունների երեւան գալը, որոնք այն ուղղվածությունն ունեն, ինչ որ տեռորիստների պնդումները, եւ զուրկ են գիտական որեւէ հիմքից, ընկալվել է մեծ ցավով»: Վերջերս, իր այս նոր աշխատության մեջ անդրադառնալով մոտ 20 տարի առաջ հրապարակված իր այդ հոդվածին եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի փորձերին, Ս. Համբարձումյանը հետեւյալ մեկնաբանությունն է արել. «Քաղաքակիրթ աշխարհը, հենվելով անհերքելի փաստերի վրա, գիտե, որ XIX դարի վերջերից հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում եւ XX դարի 20-ական թվականներից Ադրբեջանում, գիտականորեն հիմնավորված է եւ ընդմիշտ դատապարտված մարդկության կողմից»:

Ուշադրության է արժանի նաեւ Ս. Համբարձումյանի 2001-ի բաց նամակը ԱՄՆ-ի պրեզիդենտ Ջորջ Բուշ կրտսերին, որտեղ հիշեցնելով նրան իր նախընտրական արշավի ժամանակ «Հայերը եղել են ցեղասպանության օբյեկտ» բառերը, ակադեմիկոսն ասում է. «Մենք սպասում ենք իրավական ակտերի, որոնք հաստատեն ասվածը, այսինքն, ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության ճանաչումը, որի պրեզիդենտն եք արդեն Դուք ընտրվել»: Բուշը շարունակում է խուսանավել այդ հարցում, որի արդյունքում ունենք այն, ինչ որ ունենք` ԱՄՆ-ը դեռեւս չի ճանաչել հայերի ցեղասպանությունը:

«Ժամանակի զարկերակը» հոդվածների ժողովածուն կազմված է ժամանակագրական սկզբունքով, որի շնորհիվ նա որոշակի իմաստով իրականացնում է տարեգրության գործառույթ, ավելի բարձրացնելով այս ինքնատիպ հրատարակության գիտական արժեքը եւ հասարակական հնչողությունը: Նրանում ընդգրկված նյութը եւ քննարկվող հարցերի շրջանակները կարող են բավարարել անգամ ամենախստապահանջ ընթերցողին: Իսկ հայ ակադեմիկոսը կարող է հանգիստ լինել, որ իր աշխատանքը զուր չի անցել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4