«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


«ՄԻՍԱՔ ԹՈՌԼԱՔՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»

ՍԵՅՐԱՆՈՒՀԻ ԳԵՂԱՄՅԱՆ

Հայ ժողովրդի բացառիկ զավակների անվանաշարքում է նաեւ Միսաք Թոռլաքյանի անունը, որի կյանքն ու սխրանքը, ցավոք, մինչ այժմ արժանիորեն լուսաբանված չեն մեր պատմագրության մեջ: Այս բացը լրացվեց ամենրիկահայ հայտնի փաստաբան Վարդգես Եղիայանի նախաձեռնությամբ, ով պրպտելով եւ վեր հանելով արխիվային արժեքավոր փաստաթղթերՙ Արա Արաբյանի ընկերակցությամբ 2006-ին Լոս Անջելեսում անգլերեն հրատարակեց «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը» աշխատությունը: Վերջերս պետական պատվերով գրքի հայերեն թարգմանությունը հրատարակվեց նաեւ Հայաստանում («Գրաբեր» հրատարակչություն, Երեւան, 2008, թարգմանիչՙ Վահե Գաբուջյան ), վեր հանելով լայն հասարակայնությանը քիչ հայտնի պատմական դրվագներ ու փաստեր:

Եվ այսպես, ո՞վ է Միսաք Թոռլաքյանը: Ըստ էության Թոռլաքյանը Սողոմոն Թեհլերյանի կրկնակն է , ով 1921 թվականի հուլիսի 18-ին, Կոնստանդնուպոլսում, «Պերա Փալաս» հյուրանոցի դիմաց սպանեց Ադրբեջանի Հանրապետության նախկին ներքին գործերի նախարար Բեհբութ խան Ջիվանշիրին, ազգայնական եւ պան-թուրանական «Մուսավաթ» կուսակցության ղեկավարության անդամներից մեկին: 1918-20 թթ. Ադրբեջանի անկախ գոյության կարճատեւ ժամանակաշրջանում այս կուսակցությունն էր կառավարում Ադրբեջանը, որի ներքին գործերի նախարար Ջիվանշիրը մեղադրվում էր Ադրբեջանի տարբեր շրջաններում հազարավոր հայերի սպանության մեջ: Նրա եւ մյուս հանցակիցների իրականացրած վայրագությունների գագաթնակետը 1918-ի սեպտեմբերին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30000 հայերի կոտորածն էր: Թոռլաքյանը, լինելով անմիջական ականատեսը այդ դեպքերի, որոնց զոհ էր դարձել նաեւ նրա ամբողջ ընտանիքը, արդար վրեժ է լուծում իր եւ բոլոր անմեղ զոհերի անունից: Թոռլաքյանի դատավարությունը տեղի է ունեցել 1921 թվականի աշնանը, նույն քաղաքում գտնվող Բրիտանական զինվորական դատարանումՙ տեւելով 38 օր, եւ ավարտվել է Թոռլաքյանի արդարացմամբ , եւ նա, որպես ազատ մարդՙ Կոստանդնուպոլսից մեկնել է Հունաստան:

Ինչպես նշում է գրքի առաջաբանում Վ. Եղիայանը, «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը» կազմելու համար օգտագործվել են երկու աղբյուր. «Մեկը թրքական, մյուսը` բրիտանական: Ընդհանուր նյութը բրիտանական աղբյուրներից է, իսկ վկաների ցուցմունքները վերցված են թե՛ բրիտանական աղբյուրներից, եւ թե «Իլերի» օրաթերթի թղթակից Ահմեդ Չեմալեդդինի թրքերեն լեզվով գրված «Մեր Ժամանակների ամենամեծ եւ ամենահետաքրքիր դատավարությունը` Թոռլաքյանի դատավարությունը» գրքից:

Հիմնվելով հիշյալ աղբյուրների վրա, գրքի հեղինակները հանգամանալի ներկայացրել եւ վերլուծել են տվյալ ժամանակահատվածի բարդ եւ խառնակ պատմական ու քաղաքական իրավիճակները, այդ հենքի վրա նաեւՙ Օսմանյան Թուրքիայում երիտթուրքերի ծրագրած եւ իրակականցրած հայերի ցեղասպանության իրական դրդապատճառները:

Գրքի հայերեն հրատարակության համար գրված առաջաբանում պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Կնյազյանը գրում է. «Վարդգես Եղիայանի եւ Արա Արաբյանի «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը» աշխատությունն ունի բացառիկ գիտական եւ քաղաքական նշանակություն:

... Աշխատանքը վերաբերում է պատմական իրադարձություններով լի 1918-1920 թթ. ժամանակաշրջանի ողբերգական էջերից մեկին` Բաքվի հայության 1918 թվականի սեպտեմբերի կոտորածին: Այստեղ հարկ է նշել, որ Ադրբեջանը որդեգրել էր նորաստեղծ հանրապետությանՙ իր նախանշած տարածքը անցանկալի էթնիկական տարրերից, առաջին հերթին` հայերից մաքրելու քաղաքականությունը, որն իրականացվում էր մեթոդիկ եւ նպատակաուղղված կերպով: Այդ քաղաքականության առաջին դրսեւորումներից մեկն էլ եղավ Բաքվի հայության 1918-ի սեպտեմբերյան ջարդը:

Օսմանյան Թուրքիայի օգնությամբ Բաքուն գրավելուց հետոՙ Ֆաթալի Խան Խոյսկու կառավարությունն իր առջեւ նպատակ դրեց ապահովել Ադրբեջանի ապագա մայրաքաղաքի թաթարական նկարագիրը: Բաքուն Ադրբեջանին պետք էր առանց հայերի: Քաղաքի հայաթափման համար ԱԴՀ կառավարությունն իր պատկերացմամբ ուներ հարմար պատրվակ` 1918-ի մարտի իրադարձությունների տեսքով, որոնք որակվում էին որպես «հայերի կողմից Բաքվի մուսուլման բնակչության կոտորած»: Մինչդեռ հայտնի է, որ այդ դեպքերի ժամանակ Բաքվի հայությունն ապաստան էր տվել հազարավոր թաթարների, հայության կողմից փրկվածների թվում էր նաեւ տխրահռչակ Բեհբուդ խան Ջիվանշիրը, որը վարձահատույց եղավ նրանով, որ դարձավ սեպտեմբերին Բաքվի հայության ջարդի կազմակերպիչներից մեկը»:

Գրքում տեղ գտած վկայությունները հնարավորություն են տալիս ի մի բերել պատկերացումները Բաքվում 1918-ի սեպտեմբերին կատարվածի մասին, ըմբռնելու այդ դեպքերի բուն իմաստը եւ հեռահար նպատակները, ի հայտ են բերում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում գերմանացիների, թուրքերի, հայերի եւ ազերիների շրջանում տիրապետող մտայնություններն ու քաղաքական ռազմավարությունը:

Իրավացի է Կնյազյանը, նշելով, որ աշխատությունը կարեւորվում է նաեւ Ադրբեջանի պատմության ուսումնասիրության տեսանկյունից, մանավանդ որ հայրենական պատմագրությունը դեռեւս բավարար ուշադրություն չի ընձեռել ոչ միայն գիտական, այլեւ քաղաքական տեսակետից կարեւոր այդ բնագավառին:

Ադրբեջանական պատմագրությունը, ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս, փորձում է հատկապես խեղաթյուրել այդ շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա հակասությունների էությունը եւ պատճառները, 1918-ի մարտի դեպքերը ներկայացվում են որպես ադրբեջանցի ժողովրդի «ցեղասպանություն», մինչդեռ սեպտեմբերյան ջարդը լռության է մատնվում:

Ուստի անհրաժեշտ է չափազանց հանգամանալից ուսումնասիրել հատկապես ադրբեջանական պատմագրության մեջ արծարծվող դրույթներըՙ իրադարձություններով եւ հակասություններով լի շրջադարձային այդ փուլի մասին, ինչը հնարավորություն կտա հայ պատմագրությանը պայքարել դրանց դեմ ու գիտականորեն հերքել բազմաթիվ խեղաթյուրումները: Այդ առումով «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը» աշխատությունը մեծ ծառայություն է մատուցում` լրացնելով եւ վեր հանելով իրադարձությունների այն շղթայի օղակները, որոնք 20-րդ դարասկզբից ձգվում են մինչեւ մեր օրերը:

Պետք է նշել նաեւ, որ ինքըՙ Վարդգես Եղիայանը, հնարավոր բոլոր մեթոդներով պայքարում է պատմական խեղաթյուրումների եւ անարդարությունների դեմ: Ինչպես հայտնի է, նրա տարիների քրտնաջան ու նվիրյալ աշխատանքի շնորհիվ ապահովագրական երկու հզոր ընկերություններՙ ամերիկյան «Նյու Յորք լայֆ ինշուրանսը» եւ ֆրանսիական «Աքսան» ստիպված եղան փոխհատուցում վճարել այս ընկերություններում իրենց կյանքը ապահովագրած ցեղասպանության զոհերի ժառանգներինՙ կամա-ակամա իրավական հարթության վրա ճանաչելով հայերի ցեղասպանությունը: Այս հսկայածավալ աշխատանքի ընթացքում Եղիայանին հաջողվեց ձեռք բերել ոչ միայն խնդրո առարկային վերաբերող նյութեր, այլեւ ցեղասպանությանն առնչվող տարաբնույթ արխիվային փաստաթղթեր, որոնք լրացնելով փաստահավաքչական տարիների նրա աշխատանքըՙ դարձան ԱՄՆ-ում Եղիայանի արդեն իսկ հիմնած «Հայկական դատը եւ հայոց ցեղասպանությունը» մատենաշարի հաջորդական գրքերը: Դրանց թվին է պատկանում նաեւ «Միսաք Թոռլաքյանի դատավարությունը», որին արդեն իսկ հաջորդել է եւս երկու կարեւոր հրատարակություն. ԱՄՆ-ում հայերի քաղաքական գործունեության հիմնադիր Վահան Քարտաշյանին նվիրված աշխատությունը եւ Ռաֆայել Լեմկինի «Զեկուցագրեր հայոց ցեղասպանության մասին» փաստաթղթերի ժողովածուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4