«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


ՄՏՈՐՈՒՄՆԵՐ Ա.ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԱԶԳԱՆՈՒՆԸՙ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ» ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԵՍՙ «ԱԶԳ», 18 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2008 Թ.)

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մեր մտքերը ուզում ենք սկսել զորավար Արամ Գարամանուկյանի հետեւյալ ասույթով. «Կը մերժեմ ամեն պաշտօն ու պատիւ, որոնց գինը «եան»-ի ուրացումը պիտի ըլլայ», որը գալիս է հաստատելու, որ հայկական կամ հայերի ազգանունը կապվում է առաջին հերթին -յան, երբեմն -յանց, -անց, -ունց, -ենց, -ունի ազգանվանակերտերի առկայության հետ : Բերելով հոդվածի հեղինակիՙ Այվազովսկի, Փարաջանով, Թարիվերդիեւ եւ ավելացնելով Ենիկոլոպով, Էզով, Սերեբրյակով օրինակները, կարելի է համոզվել, որ, իրոք, դրանք հայկական համարել հնարավոր չէ, եթե չլինի կրողների վկայութունը: Ավելացնենք մի ավելի թարմ փաստ: Անցյալ դարի իննսունական թթ., երբ Թիֆլիսում մի քանի տասնյակ հազար հայեր պարտադրված էին վրացի դառնալ, գործընթացը ծավալվեց ազգանվանական ածանցները փոխելու միջոցով, մեծ մասամբ նույնությամբ թողնելով ազգանվանական հիմքերը:

Երբ, ինչպես նշվում է հոդվածում, կինոթատրոնում ծափահարում էին, ապա միայն յան-ով ազգանվան համար, առանց ուշադրություն դարձնելու ազգանվանական հիմքին:

Բերված փաստերը բավական են պնդելու, որ հայկական ազգանվան համար ածանցը բավարար եւ կարեւոր կռվան է:

Ազգանվան հիմքերը խիստ բազմազան են, ուր առկա են հին հրեական, հունական, իրանական, արաբական, թուրքական եւ նույինսկ ռուսական (Պապովյան,Պռոտոպապովյան, Եգորյան), վրացական (Նացվանյան, Նեղվինյան, Մեպուրնյան, Մեբուրնության) եւ եվրոպական լեզուներով (Ալիսյան, Անժելյան, Ալբերտյան, Կոպերնիկյան, Գարիբալդյան, Կավալերյան) հիմքեր:

Հայկական ազգանվան հիմքերի հին հրեական եւ հունական շերտերը մեծ մասամբ հանգում են զուտ գրական, մշակութային երեւույթների, եւ կապվում են Հին եւ Նոր կտակարանների հետՙ Սեդրակյան, Թորգոմյան, Սողոմոնյան, Իսահակյան, Սամվելյան, Մանվելյան, Մեսիայան, Մովսիսյան, Ռուբենյան, Հակոբյան, Հովակիմյան եւ Պողոսյան, Պետրոսյան, Գրիգորյան, Գեւորգյան, Աթանեսյան, Արսենյան, Մարտիրոսյան, Թադեւոսյան, Բարդուղիմեոսյան, Մակարյան:

Արաբական եւ իրանական ազգանունները մեզ են անցել բանավոր ճանապարհովՙ Իսկանդարյան, Սուլեյմանյան, Մուսայելյան, Յաղուբյան, էլիազյան, Թամամյան, Բալասանյան եւ Գյուլբայազյան, Գյուլխասյան, Դիլբարյան, Դիլբանդյան, Նուբարյան, Խուբլարյան, Նարինյան,Առուշանյան, Չինարյան, Խալաֆյան, Ջուհարյան, Դարմանյան, Ֆարմանյան: Ի դեպ, այս խմբի մեջ են դասվում հոդվածում հիշատակված Ջիգարխանյան եւ Բաբաջանյան ազգանունների հիմքերը եւ ս: Սակայն հոդվածագրի ընգծված բացասական վերաբերմունքը կապվում է թուրքերեն դրսեւ որումնորի հետ: Նա գրում է .«Մեր հնօրյա -յանը կապեցինք քոչվոր ու անհայրենիք ինչ-որ քեշիշների, ղասաբօղլիների, դամրչիների պոչից, եւ -յանից ու հենց մեզնից հայությունը մի քիչ պակասեց»: Մենք համաձայն ենք «մի քիչ»-ին, բայց այլ ելք չունեինք, քանի որ տասնիններորդ դարի վերջին տասնամյակներում, երբ արեւ մտահայոց մոտ ազգանուն կրելու զանգվածային գորցընթաց էր սկսվել եւ երբ նրանց առաջարկվում էր ներկայացնել իրենց մականունը, որին պետք է ավելացվեր -յանըՙ ազգանուն կազմելու համար, ինչպես վկայում է Հր. Աճառյանը, յուրաքանչյուր աշակերտ ներկայացրեց իր ընտանիքիՙ հասարակության մեջ հայտնի մականունը եւ արդյունքը եղավ այն, որ այսօրվա հայկական ավելի քան տասնութ հազար ազգանուններից մոտ հազար ութ հարյուրը միայն արհեստ, զբաղմունք, մասնագիտուտություն իմաստով եւ -ջի/-չի/-ճի ածանցներով թուրքերեն բառեր են:

Պետք է ավելացնել նաեւ գյուղերում բուն մականուններով կազմված ազգանուններըՙ Գարագաշյան (մրահոն),Ղարագյոզյան (սեւաչ, ի դեպ ունենք նաեւ հայացված Սեւ աչերյան ազգանունը), Չոլախյան, Թոփալյան, Բուռնազյան (մեծ քթով): Այսպիսիք ավելի մեծ թիվ են կազմում, կան նաեւ հայերենով դեպքերՙ Կաղյան, Երկանյան, Թացփեշյան, Երկնափեշյան, Կռնատյան:

Համամիտ ենք «հայի անմիտ սովորույթ» արտահայտության հետ, որ լավագույնս դրսեւ որվեց նախորդ դարի 20-30 -ական թ.թ. ,երբ մարդկանց անվանում էին Կոլխոզ, Սվարշիկ, Կանալիզացիա, Լենսեր, Սոցկառ, Կույբիշեւ , Որոշիլ, Ֆրունզե, Ժղենտ, Մելիստ, Մելս, Իլյիչ, Կովալենկո, Դոնարա, Մոլոտով, Լյուքսեմ, Ռոզալյուքսենբուրգ, իսկ Դիլիջանում ՙ Ստալին,որ հետագայում ստիպեցին դարձնել Ստալիկ:

Ավելին, այս շրջանում տիրող գաղափարախոսության ազդեցության ներքո շատերը հրաժարվեցին իրենց ազգանվան Տեր- եւ Մելիք- բաղադրիչներից:

Ազգանունը փոխանցվում է սերնդե-սերունդ եւ ապահովում ժառանգականությունը ու այն փոխելը, մեղմ ասած, անցանկալի երեւույթների տեղիք կարող է տալ: Մի թարմ օրինակ: Երեք տարի առաջ, երբ ամերիկյան ապահովագրական ընկերությանը մենք պահանջներ ներկայացրինք եւ նկատելի չափերով ապահովեցինք գումարների վերադարձը, ժառանգական կապի միակ վկայությունը ազգանունն էր, եւ երբ մեզ հանձնարարվեց միօրինականացնել ապահովագրական ընկերության անտեղյակ, երբեմն կիսագրագետ պաշտոնյայի աղավաղած գրառումները եւ ապա նույնականացնել ժառանգների ազգանունները, նկատելի դժվարությունների հանդիպեցինք , որոնք բարեբախտաբար հաղթահարվեցին եւ զգալի թվով ժառանգներ ստացան հասանելի գումարը:

Այն հարցին, թե ինչն է խանգարում ազգանունները հայերենացնել ինչպես արվեց տեղանունների դեպքում, պատասխանում ենք.

1. Ազգանունը ժառանգական կապի կրող է եւ դրանով իսկ կարեւ որ իրավական փաստ, եւ նրա փոփոխութունը կհանգեցնի լուրջ խառնաշփոթի:

2.Ինչպես իրավացիորեն նկատում է հոդվածագիրը, «ավանդապահ հայը ամեն ինչ անում է ազգանվանն իր հավատարմությունը պահելու համար»: Բերենք հետեւ յալ օրինակը:Մեր համայնքներից մեկում մի տոհմ կրում է Բոզիշանք տոհմանունը: Թվում է, թե կրողները պետք է մտածեն այն փոխելու մասին: Նրանց մտքով անգամ չի անցնում: Ավելին, զանազան խնջույքների ժամանակ հասունացած տոհմակիցներին հանդիսավորությամբ ընդունում են տոհմի շարքերը:

3. Եթե մյուս հատուկ անուններըՙ տեղանուն, ապրանքանուն հնարավուր է որոշումներով կարգավորել, իսկ անձնանունները ժամանակի ընթացքում զտվում եւ հայացվում են,ապա ազգանուն փոխելը որոշումների եւ միջամտության ենթակա չէ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4