«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2008-10-30 | #201, 2008-10-31 | #202, 2008-11-01


Ո՞Վ Է ՀԱՅԸ

ՍՏԵՓԱՆ ԹՈՓՉՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն անգլերեն, հայերեն, ռուսերեն մի գրքույկով տպագրել է «Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը» հոդվածը (Լոս Անջելես, 2008, 29 էջ): Չափազանց կարեւոր համարելով հարցի ճշտումը (նաեւ մատուցումըՙ այլազգիներին ու հայերենին չտիրապետող հայերին), նա ընդգծում է հինգ իրողություն. «1. Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջեւ իր հայրենիքում` Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Ջավախքի տարածքում... 2. Հայությունը կկարողանա գոյատեւել միայն այն դեպքում, եթե գոյատեւի Հայաստանը... 3. Առանց Հայաստանի հայկական սփյուռքը չի կարող ներկայացնել ազգ... 4. Վերջին տասնամյակում կտրուկ արագացել են սփյուռքում ընթացող ուծացման անողոք գործընթացները` ընդունելով աննախադեպ ծավալներ... 5. Առանց հայոց լեզվի չկա հայկական մշակույթ. լեզուն պետականության ու այդ պետականությանը ենթակա տարածքների հետ միասինՙ հայ ազգի պահպանման հիմքն ու կարեւորագույն միջոցն է...»: Վիճելի հինգ կետերը հիմնավորվում են հայտնի բացատրություններով, որոնց մանրամասնումը տվյալ դեպքում ավելորդ է: Կարեւորը հեղինակի նպատակն է: «Հայաստանի եւ հայության զարգացման, ներկա բարդագույն ժամանակահատվածում» ի՞նչ գործնական նշանակություն ունի նման հարցադրումը: «Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման եւ ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելի խոչընդոտում է համազգային խնդիրների եւ նպատակների շուրջ անհատի եւ հասարակության միավորմանը», այսինքն` ճշտումը կնպաստի «չլղոզվելուն», հանուն որի հայությունը նա բաժանում է երկու մասի` հայ եւ ծագումով հայ` ռազմավարագիտական «քերականության» վեց կանոնով: Հայ է նա, ով. «1. Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք... նրա պատմական եւ արդի սահմաններում. 2. Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ. 3. անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ` ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ. 4. արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները. 5. հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին. 6. ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով»:

Հաջո՞ղ են ձեւակերպված եւ ի՞նչ չափ ու ձեւով են ընդգրկում հայի ինքնության հատկանիշների այս «կանոնները», որոնցում լիովին չընդգրկվողները պետք է համարվեն «ծագումով հայ»:

Ստիպված ենք նշել. սովորաբար ծագումով որեւէ ազգից համարվում են այն այլազգիացածները, որոնց երբեմնի պատկանելությունը չի մոռացվել: Ասենք, ռուսացած շոտլանդացին, գերմանացին, ֆրանսիացին, հայը ռուս են, իսկ ծագումով` մեկը, մյուսը երրորդը, չորրորդը: Պուշկինը ռուս է, ծագումով` Պյոտր Մեծի «արաբի» սերնդից: Լերմոնտովը ռուս է, ծագումով շոտլանդացի: Միշտ էլ եղել են այնպիսիները, ովքեր պահպանելով ազգային ինքնության էական հատկանիշները, իրենց այլ ազգի ներկայացուցիչ, կամ կոսմոպոլիտ են համարել, եւ այդպես էլ պետք է ընդունվեն: Իսկ ովքեր դրանք կորցնելուց հետո էլ չեն հրաժարվում իրենց ազգությունից, հազիվ թե ընդունեն իրենց ինքնությունը երկրորդող, անհատի ինքնորոշման իրավունքը արհամարհող ինչ-որ կանոններ: Գերմանիայում, օրինակ, Թուրքիայից գնացած, թրքախոս հայերի համայնք կա, որի ինքնության գրեթե միակ արտահայտությունը կապն է Հայ առաքելական եկեղեցու հետ: Նրանց լոկ «ծագումով հայ» պիտակավորելը, միանգամայն անարդարացի, անօրինական եւ վնասակար խտրականություն կլինի:

Տարիներ առաջ հայ մի հեղինակ հոդված հրապարակեց` «ապացուցելով», թե եզիդները առանձին ժողովուրդ չեն, քուրդ են: Ծագումնաբանորեն նրանց քրդական ցեղ համարելը, կամ նույնիսկ գիտականորեն «ապացուցելը» գործնական նշանակություն չունի, քանզի եզիդներն իրենց առանձին ժողովուրդ են համարում: Ո՞վ իրավունք ունի բռնանալ անհատի, խմբի, ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի վրա:

Ի՞նչ է առաջարկում հեղինակը երկրորդ տեսակի հայերին. «Ծագումով հայերին օգտակար կլինի ազնվորեն, առանց ինքնախաբեության եւ երեսպաշտության նայել ճշմարտության աչքերին. նրանք ըստ էության արդեն դուրս են եկել ազգի կենսագործունեության դաշտից: Այդուհանդերձ, նրանց համար բաց է երկկողմանի ճանապարհը. վերջնական ձուլում կամ վերադարձ ազգային արմատներին... Սփյուռքի մի ստվար հատվածը վերադարձի հնարավորություն ունեցող հայեր են: Ցավոք, բուն Հայաստանում էլ քիչ չեն օտարված հայերը, ովքեր... չեն գիտակցում ամբողջ հայությանը սպառնացող ոչնչացման ընդհանուր վտանգը... Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հողերում, ազգային պետականության հովանու ներքո վերամիավորվելն է»: Այսպիսի ցանկություններով էլ շարունակվում ու ավարտվում է հոդվածը` Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ երկարատեւ պայքարի մեջ ներքաշված պայմաններում «...հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է` անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով»: Հիանալի, բայց ինչպե՞ս վարվել «գիտակցող ու ստանձնող» հայերից անջատված, առանց «երեսպաշտության ճշմարտության աչքերին նայողների» հետ:

Հակառակի պես, վերջին տարիներին մի շարք մասնագետներ զբաղված են վաղուց «դաշտից դուրս» մնացածների համակողմանի ուսումնասիրությամբ: Տարբեր երկրներում կազմակերպվում են դասախոսություններ, անգամ գիտաժողովներ, տարբեր լեզուներով տպագրվել ու տպագրվում են բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրություններ: Նշենք դրանցից մեկը. Լոս Անջելեսում, երիտասարդ եւ ճանաչված գիտնական Հովան Սիմոնյանը անգլերեն հրատարակեց չափազանց արժեքավոր մի գիրք համշենահայերի մասին: Որքան էլ «ծագումով հայերը» ներկա պայմաններում հեռու են «պատասխանատվության ստանձնումից», հրապարակումները եւ միջոցառումները շարունակում են աճել: Հուլիսի 21-ին Երեւանում սկսվեց համշենահայությանը նվիրված մշակութային շաբաթ, որին համերգներով մասնակցում էր նաեւ Թուրքիայից հրավիրված խումբը: Իրական կյանքից վերցնելով արդեն երկու վեպ է գրել իսլամացած հայերի մասին թուրք գրող Քեմալ Յալչինը: Իսկ թուրք կինոբեմադրիչ եւ լրագրող Մեհմեդ Բինայը նկարահանել է «Շշնջացող հիշատակներ» վավերական ժապավենը` իսլամացած հայերի մասին, որը ցուցադրվել է երեւանյան «Ոսկե ծիրան» փառատոնում: Եվ վերջապես, շատերի համար անսպասելի հայտնություն` Արման Հակոբյանի «Ադրբեջանի մահմեդականացած հայերը» եւ «Հայ թաթերը» («Ասպարէզ», ս. թ. մայիսի 15, հունիսի 25):

Արմեն Այվազյանը Լոս Անջելես իր վերջին այցելության ժամանակ, հունիսի 1-ին, 6-ին եւ 12-ին տեղի «ծագումով» հայկական լսարանին ներկայացրեց իր տեսությունը: «Ծագումով», քանզի ունկնդիրները (եզակի բացառությունները չհաշված) չեն «վերլուծում... հայրենադարձության բոլոր տարբերակները», մյուս վերոնշյալ հարցերում էլ, բնականաբար, տեղատվության մեջ են (թեեւ «Սփյուռքում ուծացման աննախադեպ ծավալներ...» պնդումին հակառակ, հենց վերջին երկու տասնամյակում Հայաստանից արտագաղթածների շնորհիվ ուծացումը դանդաղել է): Ուրեմն եկել էր նրանց երեսով տալու, որ կամ են, կամ վերածվում են «ծագումով հայի՞» եւ դարձի՞ բերելու: Մի՞թե չգիտի, որ ոչ մի տեսությունով ու քարոզչությամբ մարդկանց հայրենադարձել չի լինի, որ դրա համար նախ անհրաժեշտ է բազում խնդիրներ վճռել հայրենիքում, առաջին հերթին` ամրապնդել իրավական, տնտեսական հիմքը, բարձրացնել կենսամակարդակը:

Տարբեր տարիների նրա հետ եկած թուրքագետ Լուսինե Սահակյանը անդրադարձել է Թուրքիայի մահմեդականացված հայերի խնդրին (նրա կարծիքով, փոքր-ինչ չափազանցված երկու միլիոնի փոխարեն, չի բացառվում` մոտ մեկ ու կես միլիոնը: Տես, «Ասպարէզ», 28 հունիս, 2008): Թվում է, բնական երեւույթ է ամուսինների տարբեր, հակադիր կարծիքներ ունենալը, բայց տվյալ դեպքում խնդիրն իր կարեւորությամբ վեր է ամեն տարակարծությունից:

«...ո՞վ է հայը» հոդվածի հետգրությունում բերված է հատված Ռափայել Պատկանյանի «Հայ եւ հայություն» բանաստեղծությունից եւ Գարեգին Նժդեհի մի ասույթը. «Հայաստան, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցավ, եւ վաղը պիտի չուզենա մեռնել` քո զավակը չէ՛, հայ չէ՛»: Տեղին ու ժամանակին համապատասխան` միանգամայն հասկանալի խոսք: Հայաստանը թուրք-բոլշեւիկյան երկկողմանի ահռելի հարվածների տակ, անկախ պետականության կորստի ծանրագույն վիճակում: Ուրիշ ի՞նչ լեզվով կարելի է խոսել նման իրադրություններում:

Իսկ այժմ, որքան էլ բարդ, իրադրությունն օրհասական չէ եւ պարտադիր չէ հայ լինելը հաստատել մեռնելու պատրաստակամությամբ եւ բնավ ճիշտ չի լինի հայի կոչումը շնորհել միայն բացառիկ նվիրյալներին: Որեւէ ազգի բոլոր անդամներից հավասարազոր նվիրվածություն եւ խիզախություն պահանջելն առհասարակ անիմաստ է: Այդպես հեքիաթներում էլ չի լինում, եւ եթե Նժդեհի խոսքն ընդունենք բառացի, հայ պիտի համարենք միայն հերոսներին եւ աշխարհում հազիվ մի քանի տասնյակ հազար հայ գտնենք:

Ազգային ինքնության «քերականության կանոնները» հարցականներ են առաջացնում ինքնաբերաբար:

«Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,

Եվ կամ` որի մականունը հանգում է -յան մասնիկով,

Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,

Կամ` պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ»,

հարցնում է Պատկանյանը եւ պատասխանում. «Սիրե ազգըդ ո՛չ լոկ խոսքով... / Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քո գանձը, / Մի՛ խնայիլ կյանքըդ անգամ» եւ այլն: Աշխարհում քի՞չ հայրենակիցներ կան, որոնք չեն խոսում հայերեն, բայց «զոհում են իրենց գանձը», այլ երկրների քաղաքացի լինելով, թեկուզ հեռվից աշխատում են օգտակար լինել հայրենիքին, բայց լեզվի ու մշակույթի կրող չեն, կամ չեն էլ կարող դառնալ, պատրաստ չեն վերադառնալ հայրենիք եւ այլն, եւ այլն: Որեւէ ազգ նման տարանջատման, խտրության դիմո՞ւմ էՙ հանուն «ազգային պետության կառուցման եւ ամրապնդման գործընթացի»: Փաստերը սովորաբար հակառակն են հաստատում: Օրինակ, Գերմանիայի վերամիավորումից հետո Ռուսաստանի գերմանացիները, որոնք աղոտ հիշողությամբ էին կապված այդ ազգին, գաղթեցին: Ասել, թե նրանց նպատակը Գերմանիայի «կառուցման, ամրապնդման գործընթացն էր», շատ տարօրինակ կլինի: Թեեւ հաղթահարելու էին դժվարություններ` սկսած մայրենի լեզուն յուրացնելուց, վաղուց իրենց օտարացած երկրում հարմարվելուց, նրանք զանգվածաբար վերադարձան, որովհետեւ Գերմանիան անհամեմատ բարեկեցիկ եւ ապահով էր: Նախահայրերի երկիրը ընդունեց նրանց, չընկրկելով մեծ ծախսերի առաջ եւ «ինքնության» կանոններ չքննարկելով: Եվ հակառակը` Մերձավոր Արեւելքի արդի կացությունը հայերին դնում է արտագաղթելու դաժան փաստի առաջ: Մոտակա հայրենիք ներգաղթելու փոխարենՙ նրանք գերադասում են մեկնել անգամ հեռավոր Ամերիկա եւ Կանադա: Երբ վերջերս Կանադայի գաղթականական հիմնարկը մի հայ ընտանիքի չընդունելով, առաջարկեց գնալ Հայաստան, ընտանիքը եւ նրանց հրավիրած կանադացի բարեկամը վճռականորեն բողոքեցին, առաջարկն ընդունելով զայրույթով ու վիրավորանքով, կարծես ոչ թե հայրենիք, այլ աքսորավայր էին տեղափոխվելու: Որովհետեւ «ծագումո՞վ հայեր» են: Ոչ, որովհետեւ մարդիկ սովորաբար ձգտում են իրենց շնորհված կյանքը ապրել լավ պայմաններում: Հայաստանում կենսամակարդակը համեմատական լիներ Կանադայի կենսամակարդակին, ծագումը մոռացածներն անգամ մի օրում հայ կդառնային, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն ավելի բարեկեցիկ լիներ, տեղի գերմանացիները չէին էլ հիշի, թե ապուպապերը գերմանացի են եղել, հիշեին էլ, իրենց այնտեղի բարեկամներին կբերեին Ռուսաստան:

Եթե Հայաստանի բարձր պաշտոնյաներն ու մեծահարուստներն անգամ վստահություն չունեն եւ անշարժ գույք են գնում, բիզնեսներ բացում արտասահմանյան երկրներում եւ այնտեղի բանկերում են պահում իրենց միլիոնները, ի՞նչ «հայություն» կարելի է պահանջել հասարակ, հարստահարվող մարդկանցից: «Նայելով ճշմարտության աչքերին» կարելի է հուսահատվել, քանզի հայության մեծամասնությանը դժվար կլինի անգամ «ծագումով հայ» տեսակի տակ դնել: Նրանց առաջին հերթին ո՛չ ծագումն է հետաքրքրում, ո՛չ հայը, այլ հարուստին` դրամի կուտակումը, աղքատին` մի կտոր հաց ճարելը: Պատահակա՞ն է, որ բնակչության ահռելի մի զանգված եւս առաջին իսկ հնարավորության դեպքում կլքի հայրենիքը: Ուստի կարծում ենք, «կառուցման եւ ամրապնդման գործընթացի» հետ առնչություն չունի հայ եւ ծագումով հայ տարանջատումը: Այն կվնասի, հայի «մյուս» տեսակին ավելի կօտարի, քան կմոտեցնի ազգին ու հայրենիքին: «Ճշմարտության աչքերին» նայելը ներկա պայմաններում ավելի ոչ լիարժեքության բարդույթի, քան «վերադարձի» հիմնավոր հրավեր է: Այս տարանջատումն իր հերթին աշխատելու է հայաստանցի, ղարաբաղցի, սփյուռքահայ եւ մյուս տարանջատումների օգտին: Իսկ դրանց վնասակարությունն ակնհայտ է, անվիճելի նաեւ Արմեն Այվազյանի համար: Ուրեմն ինչու՞ եղածին ավելացնել եւս, թեկուզ ավելի ընդհանուր, մեկը:

«Գործընթացն» այսպիսով, ոչ թե «չլողզվող» ազգային ինքնությունում, այլ ուրիշ տեղ պիտի որոնել: Քանզի «լղոզումը» սովորաբար հետեւանք է, եւ ոչ թե պատճառ: Կվերացվեն պատճառները, կվերանա եւ հետեւանքը:

«Ազգային պետության կառուցման եւ ամրապնդման գործընթաց» ձեւակերպումն արդեն շեշտում է տարրական ճշմարտությունը, որ դա հենց պետության խնդիրն է: Այն, որ հայը եւ ծագումով հայն այստեղ էական դեր չունեն, կարելի է համոզվել` դիմելով, ասենք, բանակի կազմակերպման խնդրին: Բանակում ծառայելը երկրի բոլոր զինապարտ քաղաքացիների պարտականությունն էՙ անկախ ազգությունից, անկախ վեց կանոններից: Հայաստանի ազգային փոքրամասնություններից պահանջելը, որ իրենց բնակավայրը միակ հայրենիք համարեն, «ամուր հոգեբանական կապվածություններ» ունենան, իրենց երեխաներին անպայման «ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկեն», եւ այլն, ի՞նչ կնշանակի, եթե ոչ անթույլատրելի խտրականություն, մարդու իրավունքների բռնադատում, դրանց բոլոր անցանկալի հետեւանքներով հանդերձ: Քանի որ միակը չես համարում, կապված, ընդգրկված չես, հետեւաբար «ուժեղ... ռազմավարական ռեսուրս» չես, հետեւաբար քեզ բանակ չենք տանի, կզրկենք ինչպես քաղաքացիական պարտականություններից, այնպես եւ իրավունքներից, կվռնդենք երկրից, կամ կտեղավորենք հատուկ ճամբարներում: Ահա թե ուր կարող է հասցնել նման կանոնների հետեւողական կիրառումը` անկախ դրանց հեղինակի ցանկությունից: Միակ հայրենիքի սկզբունքը կասկածի տակ է դնում նաեւ հայապահպանության հիմնական միջոցներից` երկքաղաքացիության օրենքի գործադրումը: Արդարացի կլինի՞ արտասահմանյան երկրների քաղաքացի հայերին պարտադրել, որ իրենց տուն ու տեղ դարձած երկրները թեկուզ երկրորդ հայրենիք չհամարեն, դառնան հայ, միակ հայրենիք` Հայաստանի քաղաքացի, մյուսից հրաժարվելուց հետո:

Հայաստանն արդի Արցախի հետ թերբնակեցված է: «Ամրապնդման գործընթացի» համար աշխարհի ամբողջ հայությունն էլ հավաքվի, բավարար ռազմավարական ռեսուրս չի դառնա թուրք-ադրբեջանական շրջապատման պայմաններում: Բավարար էլ լիներ, երկրի ապահով ապագայի տեսանկյունից հատկապես մեծագույն սխալ կլիներ առաջնորդվելը ոչ միայն հայ-ծագումով հայ տարանջատումով, այլեւ ազգությունից հեռացած, իսլամացած եւ այլ հայության անտեսումով: Հայություն, որ զանգվածաբար դարերով շարունակում է ապրել իր պատմական հայրենիքի առանձին մասերում: Հայաստանի հեռանկարային կառուցման ավելի «ուժեղ ռազմավարական ռեսուրս» դյուրին չէ պատկերացնել:

«Հայաստանի եւ հայության զարգացման, ներկա բարդագույն ժամանակահատվածում» հրամայականը ոչ թե ազգության տեսակավորումն է, այլ հայահավաքը եւ բնակչության անշեղ բնական աճի ապահովումը: Թուրքիայում եւ Ադրբեջանում, բնակչության առանց այն էլ բարձր աճի պայմաններում, ամեն ինչի դիմում են ազգային փոքրամասնություններին թուրքացնելու, իրենց նպատակներին ծառայեցնելու համար: Դժվար է ճշտել անգամ, թե արցախյան գոյամարտում թշնամու բանակի ո՞ր մասն էր ադրբեջանցի: Հայտնի է, որ քանակական համեմատությամբ այլազգիներից շատ ավելի զինվոր էին տանում, քան իրենցից: Ահա ճիշտ ռազմավարությունը: Իսկ թե ի՞նչ «ռազմավարություն» է հայ-ծագումով հայը, դատեցեք ինքներդ:

2006-ին Լոս Անջելեսում եւ Փարիզում հիմնվեցին Արեւմտյան Հայաստանի «լիազոր իշխանություններ», որոնց գլխավոր խնդիրը 1920-ի օգոստոսի 10-ին կնքված Սեւրի դաշնագրի հիման վրա աշխարհով սփռված արեւմտահայության իրավունքի պաշտպանությունն է: Այդ առիթով գրված «Հայության կազմակերպման խնդիները հայկական հարցի արդի փուլում» հոդվածում Արմեն Այվազյանը նշեց. «Հայաստանի մի մասի` Արեւմտյան Հայաստանի վտարանդի իշխանության հիմնումը... մեր համոզմամբ, սխալ ու վտանգավոր ուղի է» (այս եւ հետագա մեջբերումները` «Ասպարէզ», 22 փետրվար, 2007): Ընդունելով հոդվածի ճշմարիտ հարցադրումները, չպետք է շրջանցել եւ կարեւոր վրիպումները:

«Սխալն ու վտանգավորը» հաստատվում են վերոնշյալ իշխանությունների գործունեության հետ անուղղակի առնչություն ունեցող, 2006-ի հոկտեմբերի 25-ին` Երեւանի «Հայաստանի Հանրապետություն» եւ 31-ին` «Գոլոս Արմենիի» թերթերում տպագրված, մտավորականների ու հասարակական գործիչների ստորագրած «Ուղերձի» այն ձեւակերպումով, թե. «Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը... որ երկու անգամ փոքր է Հայաստանի առաջին Հանրապետության տարածքից, որ de jure իրավահաջորդը չէ առաջին հանրապետության, լիազորված չէ արեւմտահայերի ներկայացուցչական մարմինների կողմից ներկայացնել իրենց շահերը եւ ի վիճակի էլ չէ ստանձնելու Արեւմտյան Հայաստանի եւ արեւմտահայության ժառանգների ճակատագրին եւ ապագային առնչվող յուրահատուկ խնդիրների լուծման առաքելությունը»:

Որ ձեւակերպումը անհիմն է, կնկատի հայ ժողովրդի 20-րդ դարի պատմությանը ծանոթ դպրոցականն անգամ: Առաջին Հանրապետության սահմանները ընդգրկում էին Արեւելահայաստանի, եւ ոչ Արեւմտահայաստանի, տարածքներ: Ուրեմն առաջինը եւս չէ՞ր կարող «ստանձնել առաքելությունը»: Հարցին մոտենալով այս տրամաբանության թեկուզ ձեւական կողմով, Երրորդ Հանրապետությունը (որն անպայման իրավահաջորդն է Առաջին Հանրապետության) պետք է վերանվանենք` «Արեւելյան» Հայաստանի մի մասի Հանրապետություն: Անհեթեթությու՞ն է: Այո: Մինչդեռ անկախ նրանիցՙ պատմական Հայաստանի ո՞ր մասն է ընդգրկում եւ ժամանակի հոլովույթով ո՞ր մասերը կվերադարձվեն հայ ազգին (ոչ թե միայն արեւելահայերին կամ միայն արեւմտահայերին), Հայաստանի Հանրապետությունը de jure իրավատերն է պատմական Հայաստանի բոլոր տարածքների:

Այս անվիճելի փաստը, սակայն, պահանջում է խնդրի զարգացման տարբեր ձեւերի, միջոցների, եղանակների կիրառում, նույնը հաստատում է եւ Արմեն Այվազյանը, միաժամանակ գտնելով, որ Արեւմտյան Հայաստանի իշխանություններ ստեղծելը նպատակահարմար չէր, այլ «...արտերկրում ապրող հայությանը միավորող ներկայացուցչական ծանրակշիռ մարմիններ, որոնք ընդունակ եւ ի վիճակի կլինեն շատ ավելի արդյունավետորեն օժանդակելու հայության առջեւ դրված խնդիրների լուծմանը»:

Շատ ցանկալի էր, բայց, նույնիսկ «իշխանություն» կամ «ազգային ժողով» անհամապատասխան անունով գործելը որեւէ վտանգ չբերեց եւ չի կարող բերել, քանի որ միջազգային հանրությունը չի ճանաչի նման իշխանությունների իրավասությունը, մինչեւ առնվազն չհաստատվեն տվյալ դեպքում` արեւմտահայության հանրաքվեով: Իսկ ներկա պայմաններում ոչ միայն դրա իրագործման հնարավորությունն է հասնում զրոյի, այլեւ անհրաժեշտությունը չկա:

Բարձր գնահատելով պատրաստի ծանրակշիռ մարմիններ ունենալու, ապա եւ ստեղծելու «ողջ հայության ներկայացուցչական այնպիսի մի մարմին, որն ի վիճակի կլինի միավորել ու համախմբել ամբողջ Սփյուռքը» մաքսիմալիստական երազանքը, առ ի չգոյե այդպիսիների, ստիպված ենք պահպանել, զարգացնել, «ծանրացնել» մեծ ջանքերով ստեղծված «թեթեւակշիռները»: «Միավորե՛լ, համախմբե՛լ... ամբո՛ղջ...» կոչերով կարգին օդային ամրոց իսկ չի կառուցվի: Այդպիսի մարմին ի զորու է ստեղծել միավորված եւ համախմբված սփյուռքը (ողջ հայությունը), բայց միավորվելու ու համախմբվելու համար սփյուռքը (հայությունը) այդպիսի մարմին պիտի ունենա: Այս հոռի շրջանից դուրս գալն անհնար է, քանզի հավաքական ուժի պատգամը, որին շարունակում ենք հավատալ, անկայուն հիմքի վրա չի կառուցվի: Իսկ ավելի ճիշտ, աշխարհի որեւէ ժողովուրդ ունի՞ նման «հավաքական ուժ»: Հազիվ թե: Ուժեղ պետություն ունեցող ժողովուրդը «հավաքական ուժ» երազելու կարիք չունի, ինչպես երազում են թույլ պետություն ունեցող, կամ ընդհանրապես չունեցող ժողովուրդները:

Հազարամյակների խորքում են թաղված այն ժամանակները, երբ որսորդների խումբը, ամենաուժեղի, ամենախիզախի, ամենահմուտի առաջնորդությամբ, համախմբված գնում էր Մամոնտ որսալու: Հիմա անհատապաշտության, եսամոլության, մարդու «ազատության» (ամենաթողության) դար է, ու որովհետեւ մամոնտ էլ չկա, ընտրում ենք ոչ թե ամենաուժեղին, այլ ում` ինչպես հարմար է: Եվ ստանում ենք այն` ինչ ստացվում է: Առավել եւս, մենք, հայերս... իրար գոնե մի կերպ հանդուրժու՞մ ենք, առանց իրար վնասելու յոլա գնու՞մ ենք: Հանկարծ «ծանրակշիռ» մարմիններ ունենանք, չե՛նք հանդուրժի, քանդուքարա՛փ կանենք: Ուրիշ ի՞նչ պիտի անենք, երբ անցյալի հայկական քաղաքակրթության ստվերն իսկ չի բնակվում զանգվածների մտայնությունում, երբ համերաշխության, միասնականության գլխավոր պատասխանատու քաղաքական ուժերը եւ բարձր քաղաքական կուլտուրան հաճախ անսահման հեռու են իրարից, իսկ իշխանական այս կամ այն կարեւոր օղակում նստած որոշ ներկայացուցիչների պահվածքը չի տարբերվում սովորական խուլիգանի պահվածքից:

Ամեն ինչ իր ժամանակն ունի: Հայաստանի կառավարությունը դեռեւս չի կարող պաշտոնապես բարձրացնել Սեւրի դաշնագրի հարցը: Նախնական վիթխարի, տարիների օրնիբուն, կազմակերպված աշխատանք է պահանջվում, ճիշտ այնպես, ինչպես հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը պահանջեց` ՀՀ պետական քաղաքականության ներկա մակարդակին հասցնելու համար: Հայ դատը գլխավորապես զբաղված է ճանաչման գործով: Թեեւ այդ խնդրից հատուցման, տարածքների վերադարձի խնդիրներն անբաժանելի են, սակայն դրանց միաժամանակյա արծարծումը հազիվ թե հաջողություն ունենար: Հայ դատի աշխատանքի նշանակալի արդյունքներից հետո արդեն անհրաժեշտ էր զուգահեռ կազմակերպությունների հիմնումը Սեւրի դաշնագրի հիման վրա արեւմտահայության իրավունքի պաշտպանության խնդիրն առայժմ քայլ առ քայլ զարգացնելու համար, մինչեւ այն մակարդակին հասցնելը, երբ հնարավոր կլինի դրանք ներկայացնել միասին:

Արմեն Այվազյանը հայկական հարցի իր թվարկած ուղղություններում տեղ չի տալիս այդ խնդրին. Ա. Արցախ... Բ. Ջավախք... Գ. Հայոց Ցեղասպանություն... Դ. Հայ-թուրքական հարաբերություններում... հայերի դեմ իրականացված ցեղասպանության հետեւանքների հաղթահարման խնդիրները: (Հստակ չէ, ի՞նչ նկատի ունի «հետեւանքների հաղթահարում» ասելով): Այստեղ նորից շեշտվում է. ուղղություններից «յուրաքանչյուրը պարունակում է մեծ վտանգներ, իսկ պարտությունը հղի է աղետովՙ ողջ հայության համար»:

Սեւրի դաշնագրի հիման վրա պահանջատիրության վերաբերյալ կետ չկա: Գուցե որովհետեւ նո՞ր է ձեւավորվում: Արդ, ինչու՞ «աճպարարական հնարք» համարել «Ուղերձի» հետեւյալ կետը. «համայն հայության հատվածների միջեւ պարտականությունների եւ գործողությունների դերաբաշխումը կնպաստի ազգային խնդիրների լուծման արդյունավետությանը, կօգնի իր հարեւանների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների կարգավորմանը, ինչն, իր հերթին կնվազեցնի նրա կախումը աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր հետեւանքներից»: Ձեւակերպման երկրորդ մասը` «...կօգնի», թեեւ չասենք ավելորդ, խիստ թեական է, բայց դերաբաշխման գաղափարը «աճպարարական» չի դառնում նրա հետեւյալ պատճառաբանությամբ. «Ասել է թե` եթե Փարիզում, Մոսկվայում կամ Վաշինգթոնում Արեւմտյան Հայաստանի կառավարությունը նիստ գումարի եւ... առաջ քաշի Արեւմտյան Հայաստանի տարածքների վերադարձման կամ նյութական փոխհատուցումների հարցը, ապա Թուրքիան Հայաստանի Հանրապետությանը ոչնչում մեղադրել չի կարողանա... Սա բացարձակ միամտություն է»: Վերադարձման մասին խոսելը ոչ միայն վաղ է, պրոցեսը դեռեւս նախնական փուլում է, այլեւ նման կառույցների խնդիրը հարցի նախապատրաստումը, հասունացումը` միջազգայնացումը պիտի լինի: Ապա, քանի որ Ցեղասպանության ընդունման հարցն անբաժանելի է վերադարձման եւ հատուցման հարցից, եւ հենց այդ պատճառով Թուրքիան հակադարձում է ամենայն խստությամբ, «պարտականությունների եւ գործողությունների դերաբաշխումից» չխուսափելը ո՞ր անտեղյակ կույրի միամտությունը կարող է լինել: Բոլոր պարագաներում Թուրքիան, եւ Ադրբեջանը մեղադրելու են թե՛ ՀՀ-ին, թե՛ սփյուռքին: Առաջին իսկ հնարավորության դեպքում կոչնչացնեն հայկական երկու հանրապետություններնՙ իրենց ողջ բնակչությամբ, առանց հարցնելու` ո՞վ, ո՞ր դերաբաշխումով, ինչպե՞ս, ի՞նչ է «համարձակվել» առաջ քաշել, ո՞վ է միամիտ, ո՞վ` աճպարար, ո՞վ` ինչից է տագնապել, եւ այլն, եւ այլն:

Սկսելով ու շարունակելով նույն տրամադրությամբ, նա գտնում է, որ «նոր տարաձայնությունների եւ պառակտումների պատճառ» կարող է դառնալ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Ադրբեջանից արտասահմանյան երկրներ արտագաղթածների չմասնակցելը Արեւմտյան Հայաստանի ներկայացուցչական մարմինների ստեղծմանը: Իմիջիայլոց, դեռեւս պատճառ չի դարձել եւ հազիվ էլ դառնաՙ Հայ դատի աշխատանքներին մասնակցում են թե արեւմտահայեր, թե արեւելահայեր, շատ շատերն էլ չմասնակցելով` բոլորովին էլ «պառակտված» չեն: Անհրաժեշտ եւ գործին օգտակար լինի` բանիմաց հայրենակիցները կմասնակցեն: Չէ՞ որ ինքն էլ իրավացիորեն ընդգծում է. «Արեւմտյան Հայաստանը նույն չափով էլ արեւելահայերի հայրենիքն է, այնպես ինչպես Արեւելյան Հայաստանը` արեւմտահայերինը»: Մի հայրենիք, մի ազգ: Բայց դա, իրոք չի խանգարում «դերաբաշխմանը», թեկուզ այն պատճառաբանությամբ, որ ցեղասպանվելու հետեւանքով արեւմտահայերը «կորցրել են հինգհազարամյա կենսատարածք», դրա վրա եղած իրենց ամբողջ սեփականությամբ, որի ուղղակի պահանջատերը նրանք են: Դրանով բոլորովին չի պակասում, այլ ավելի պարտավորական է դառնում այդ տարածքի հանդեպ ողջ հայության եւ Հայաստանի Հանրապետության իրավունքը:

Եթե ամենահասարակ գրասենյակը չի կարող գործել առանց աշխատանքի բաժանման, ուրիշ ի՞նչ հնարներով կարելի է առաջ տանել բարդ, ծանր, համառ երկարամյա աշխատանք, հսկայական ուժեր ու միջոցներ պահանջող Հայկական հարցը: Մյուս կողմից, ի՞նչ բաղադրամասերի եւ տարանջատման մասին է խոսքը: Ինչու՞ են Արցախը, Նախիջեւանը, Ջավախքը բաղադրամաս, իսկ Կարսը, Սուրմալուն` ոչ (եթե նկատի ունենանք գոնե Արեւելահայաստանի տարածքները): Եվ ինչու՞ չի կարելի այդ տարածքների վերադարձման խնդիրները բարձրացնել առանձին-առանձին, եթե հանգամանքների բերումով հնարավոր չէ դա կատարել միասին: Երբ, օրինակ, 2004-ին Երեւանում մի շարք կազմակերպություններ պահանջեցին չեղյալ հայտարարել 1921-ի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի ապօրինի պայմանագրերը (որոնց արդյունքում Խորհրդային Հայաստանը կորցրեց ավելի քան 25 հազար քառ. կմ տարածություն), մի՞թե թուլացան բաղադրամասերի խնդիրները կամ ավելին` դա կխանգարի՞ Սեւրի դաշնագրի արծարծման գործին: Եվ եթե առայժմ հնարավորը միայն Արցախի Հանրապետության ստեղծումն էր, հրաժարվեի՞ն, պնդելով, թե մյուս «բաղադրամասերից տարանջատելը» կթուլացնի, ուստի վերադարձրեք բոլորը, կամՙ ոչինչ: Եվ վերջապես, Հայկական հարցի ընդամենը չորս բաղադրամասի թվարկումը, տարանջատում, ավելին` մյուսների անտեսում չէ՞, եթե դրանով թեկուզ նկատի են առնվում այսօրվա առաջնահերթությունները: Այվազյանն, ըստ էության, բոլորովին հաշվի չի առնում ոչ միայն հեռանկարային հավանական զարգացումները, այլեւ իր նշածներից դուրս առկա մյուս իրողությունները:

Հոդվածը լի է անհիմն հարցադրումներից ծագող անտեղի մտահոգություններով: Սխալաբար «...ազգային ինքնության որոշակի փոփոխությունների»` ղարաբաղցի-հայաստանցի հակադրությունների» պատճառ համարելով առանձին Արցախի Հանրապետության ստեղծումը, տագնապում է. «Նման անցանկալի երեւույթները շատ ավելի մեծ ավերածություններ կգործեն հայրենիքից հեռու... ապրող մեր հայրենակիցների հոգիներում եւ հայելային արտացոլում կստանան նաեւ բուն Հայաստանում»:

Տագնապը խորանալովՙ հասցնում է վրիպանքի. «Որքանո՞վ է նպատակահարմար Հայկական հարցի բաղադրամասերի տարանջատումը եւ «աշխատանքի բաժանում» կատարելը: Արդյո՞ք դրանով չենք թուլացնելու «Արցախի, Ջավախքի, Նախիջեւանի խնդիրները: Չէ՞ որ անիմաստ է մի կողմից ճանաչել ու դատապարտել Ցեղասպանությունը, իսկ մյուս կողմից ճանաչել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» եւ հրաժարվել ընդունելու ինչպես արցախահայության ինքնորոշման, այնպես էլ Հայաստանի ապահով ու բնական սահմաններ ունենալու իրավունքները», գրում է նա: Կարդացեք ուշադիր եւ փորձեք հիշել. Ցեղասպանությունը ճանաչող այդ ո՞ր հայածին արարածն է «մյուս կողմից ճանաչել» Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել... եւ այլն:

Հակադրվելու հակումը մղում է անիմաստ պնդումների. «Արեւմտահայության ստեղծվելիք ներկայացուցչական մարմինները երբեք չեն կարող ձեռք բերել այնպիսի բարձր կարգավիճակ, ինչպիսին ունի Հայաստանի Հանրապետությունը` որպես անկախ, միջազգայնորեն ճանաչված, սուվերեն պետություն»: Որքան հայտնի է, հայկական որեւէ կազմակերպություն իր անդամներով այնքան խելապակաս չէ, որ իրեն երեւակայի նման «բարձր կարգավիճակում»: Ընդհանրապես, Արմեն Այվազյանը զուր է երկար ու բարակ քննել «վտարանդի իշխանություններ» ստեղծելու վտանգները, փոխանակ միանգամից նշելու, որ նման կազմակերպությունները այդպիսի լիազորություն չունեն եւ պարզապես առաջարկելու` «իշխանությունը», թե «ազգային ժողովը» փոխարինել ավելի համապատասխան անունով, ինչն էլ հիմնադրումից ժամանակ անց դյուրությամբ կատարեցին Լոս Անջելեսում, «Արեւմտյան Հայաստանի ժամանակավոր լիազոր իշխանությունը» վերանվանելով «Արեւմտյան Հայաստանի պաշտպանության խորհուրդ»:

Արմեն Այվազյանի երկու հոդվածն էլ ներծծված են «Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջեւ» վերջնական կորստյան սուր տագնապով, ինչը, առավել եւս ծանր իրավիճակներում, վատ խորհրդատու է: Այլ բան է սպասվելիք վտանգի ճանաչումը, երբ պատրաստվում ես դիմագրավել այն: Բայց երբ վտանգներ ես տեսնում, որտեղ դրանք չկան, երբ ելնելով ազգային պետության ամրապնդման ճիշտ նպատակակետից` ընթանում ես ազգության ուժերը ջլատող սխալ ուղղությամբ, իրոք հետեւանքները եւ վտանգավոր, եւ վնասակար, նույնիսկՙ աղետալի կարող են լինել:

«Հայկական ինքնության գրավականները կամ ո՞վ է հայը» եւ «Հայության կազմակերպման խնդիները հայկական հարցի արդի փուլում» հոդվածները փոխկապակցված են: Դրանցում քննարկվող հարցերի կարեւորությունն ու հրատապությունը, եւ ոչ թե բանավիճելու, կամ «սխալներ բռնելու» մտադրությունը, դրդեց անդրադառնալ դրանց:

Մեր կողմից

Չնայած Հայաստանի կենսամակարդակը Կանադայի կենսամակարդակին համեմատական չէ, սակայն մենքՙ Հայաստանում ապրող եւ ամեն օր դժվարություններ հաղթահարող հայերս միամտաբար չենք խոսում ոչ մեր ծագումից, ոչ էլ ուզում ենք այն փոխել «համեմատելի կենսակերպի» հետՙ մեր խաչն է, կրում ենք առանց ծեքծեքումների, առանց դրա դիմաց Թոփչյանի լոսանջելեսյան բարեկեցությունը երազելու եւ Այվազյանիՙ «ընտրյալ» հայերից լինելու դափնիին հավակնելու: Ապրում ենք պարզապես սեփական երկրում: Մնացածը պարապ, ես կասեիՙ անհարմար խոսակցություն է: Ողջույններ երկուսին էլ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4