Ամենայն հավանականությամբ դրանք կավարտվեն Բարաք Օբամայի հաղթանակով
Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, որոնք հայտնվել են ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Ընտրություններում գրանցվել են նախագահության 23 թեկնածուներ, ինչը ռեկորդային է երկրի պատմության մեջ, իսկ ընտրությունների 5,3 մլրդ դոլար կազմող ընդհանուր ծախսերն աննախադեպ են:
Սակայն ընտրությունների ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի գլխավորությամբ ողջ աշխարհում առաջացրած շահագրգռությունների պատճառն ամենեւին էլ թեկնածուների թիվը չէ, ոչ էլ ծախսերի քանակը, այլ Իսրայելից ուղղորդվող «նոր պահպանողականներով» հագեցած նախագահ Ջորջ Բուշի վարչակարգի ներքին, արտաքին, տնտեսական ապաշնորհ քաղաքականությունն ու դրա կործանարար ազդեցությունը ԱՄՆ-ի ժողովրդի, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրների վրա` դաշնակիցները ներառյալ:
Բուշի վարչակարգը ծանր ժառանգություն է թողնում իրավահաջորդին, մասնավորապես 10 տրիլիոն դոլարի ազգային պարտք, տնտեսական անկում, ֆինանսական ճգնաժամ, Աֆղանստանի եւ Իրաքի դեմ ձախողված պատերազմներ, «Մեծ Մերձավոր Արեւելքի» գլխավորությամբ անհեռանկարային ծրագրեր, սասանված միջազգային հեղինակություն եւ համատարած հակաամերիկյան տրամադրություններ աշխարհով մեկ:
Թերեւս այս ամենի առումով պատահական չէ, որ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման ԱՄՆ-ի տնտեսական անկումն ու ֆինանսական ճգնաժամը պայմանավորում է Աֆղանստանում եւ Իրաքում ծավալվող պատերազմներով, ամերիկյան զորքերն Իրաքից դուրս բերելու պատրաստակամությամբ ընդգծում է փոփոխությունների անհրաժեշտությունը: Հակառակ նրան, վիետնամական պատերազմի մասնակից Ջոն Մակքեյնը մինչեւ վերջ պայքարելու վճռականությամբ մատնացույց է անում ԱՄՆ-ին սպառնացող ահաբեկչության վտանգը, որպեսզի ընտրություններում ենթագիտակցաբար իր կողմը գրավի դեռեւս սեպտեմբերի 11-ից խուճապի մեջ հայտնված ամերիկացիներին:
Հոկտեմբերի 31-ին հեղինակավոր «Գելափ» կազմակերպությունը հարցումներ է անցկացրել: Համաձայն դրանց, Օբաման 11 տոկոսով գերազանցել է Մակքեյնին: Հարկ է, սակայն, նշել, որ ամերիկացիների պարագայում կարեւորը ոչ այնքան հարցախույզներն են, որքան վերջիններիս ուղղորդող տպագիր եւ ոչ տպագիր մամուլը, որովհետեւ նախագահի թեկնածուները միմյանց հետ պայքարում են հենց մամուլի միջոցով, այսինքն` մամուլը նրանց համար դառնում է քարոզարշավի ծավալման գլխավոր միջոցը, իսկ ամերիկյան կենտրոնական թերթերը, ընդհանուր առմամբ, պաշտպանում են Օբամային:
Տպագիր եւ ոչ տպագիր մամուլի աջակցությունը հիմք է տալիս ենթադրելու, որ ընտրելու իրավունք ունեցող շուրջ 130 միլիոն ամերիկացիներ, այնուամենայնիվ, նախապատվությունը կտան դեմոկրատ թեկնածուին, եւ եթե որեւէ արտառոց դեպք չպատահի, ապա Բարաք Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում կփոխարինի Ջորջ Բուշին:
Որքան էլ դրա նախադեպին ծանոթ լինեն ամերիկացիները, արտառոց դեպքի պարագայում խոսքն ամենեւին էլ մահափորձի մասին չէ, այլ ամերիկացի ընտրողներին ապակողմնորոշելու, նրանց ուշադրությունը երկրի առջեւ ծառացած ներքին, արտաքին եւ տնտեսական խնդիրներից շեղելու անակնկալ որեւէ միջոց շրջանառության մեջ դնելու մասին է: Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում շրջանառվող մահափորձի վարկածին, ապա դա պետք է պայմանավորել Օբամային ձայներից զրկելու Մակքեյնի հաշվարկներով: Սակայն վերջին պահին հանրապետականները ինչ միջոց էլ շրջանառության մեջ դնեն, ստացած տպավորությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Բարաք Օբաման որպես ԱՄՆ-ի նախագահ նախընտրելի է ամերիկացիների, առհասարակ ողջ աշխարհի եւ հատկապես Մերձավոր եւ Միջին Արեւելքի համար:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ