Ինչու նախագահները ստորագրեցին այդ փաստաթուղթը
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մեյենդորֆ դղյակում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր, որն առաջին փաստաթուղթն էր 1994-ի զինադադարի պայմանագրի կնքումից հետո, որի տակ կա միաժամանակ երկու հակամարտող կողմերի ստորագրությունը: Այս առումով փաստաթուղթը իսկապես պատմական է, քանի որ թվում է, թե պաշտոնական Մոսկվային հաջողվեց անել անկարելինՙ երկու երկրների նախագահներին համոզել ստորագրել միաժամանակ նույն փաստաթուղթը: Սակայն, իհարկե, կարեւորը այն է, թե ի՞նչ է իրականում Մեյենդորֆյան հռչակագիրը, եւ ի՞նչ են շահում կողմերը այն ստորագրելով: Նշենք, որ ներկայացված թարգմանությունը պաշտոնական չէ եւ կատարվել է որոշակի կրճատումներով: Կներկայացնենք հիմնական այն դրույթները, որոնք հատկապես կարեւոր են այս հռչակագրում եւ որոնք կարող են ազդել ղարաբաղյան հարցի զարգացումների վրա: Եվ այսպես, 5 կետից բաղկացած փաստաթղթի առաջին կետում ասվում է, որ կողմերը «նպաստելու են Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ ապահովելու են տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատումըՙ միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական միջոցներով լուծելով...»: Այլ կերպ ասած, առաջին իսկ կետով կողմերը հավաստում են, որ խնդրի ռազմական լուծում չի լինի, գոնե մոտակա մի քանի տարիների ընթացքում, եւ բանակցային գործընթացը կշարունակվի միայն միջազգային օրենքների սահմաններում կամ, ավելի ճիշտ, դրանց համադրությամբ: Սա, իհարկե, ոչ մի կերպ չի նշանակում, թե Ալիեւը կդադարի ռազմատենչ հայտարարություններ անելուց, սակայն միաժամանակ նշանակում է, որ այդ ռազմատենչության սրությունն այլեւս նախկինը չի լինի:
Երկրորդ` կողմերը «հաստատում են կարեւոր նշանակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությանՙ հաշվի առնելով հանդիպումը Մադրիդում 2007-ի նոյեմբերի 29-ին եւ դրան հետեւած քննարկումները քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների մշակման նպատակով», այլ կերպ ասածՙ հարցի հետագա քննարկումների համար որպես հիմք ծառայելու են մադրիդյան սկզբունքները, ինչին բազմիցս անդրադարձել ենք, եւ նոր սկզբունքներ, գոնե մոտ ապագայի համար, չեն մշակվի:
Երրորդ` կողմերը համաձայնում են, որ «խաղաղության հաստատումը պետք է ուղեկցվի իրավաբանորեն պարտադրվող միջազգային երաշխիքներով նրա բոլոր էտապներում», սա, թերեւս, այս հռչակագրի ամենաանկեղծ կետն է, որտեղ ուղղակիորեն ասվում է, որ առանց միջազգային տերությունների համաձայնության կողմերը չեն կարող առանձին դրսեւորումներ ունենալ, օրինակՙ հարցը տեղափոխել ՄԱԿ, եւ բանակցային գործընթացի ողջ ընթացքում ստիպված են լինելու հաշվի առնել միջնորդ տերությունների կարծիքը, այսինքնՙ նրանց միջամտությունը շարունակելու է ակտիվ լինել:
Չորրորդ կետում նշվում է, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են շարունակել աշխատանքը, այդ թվում նաեւ բարձր մակարդակով հանդիպումների միջոցով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական լուծման համար եւ հանձնարարել են իրենց արտգործնախարարներին ակտիվացնել հետագա քայլերըՙ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»: Այս կետով թերեւս մեկ անգամ եւս հաստատվում է, որ հակամարտության բանակցային գործընթացում որպես միջնորդ հանդես են գալիս միմիայն Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, այսինքնՙ այլ երկրների, մասնավորապես Թուրքիայի եւ Իրանի ցանկությունը, իրենց տեղը ունենալ միջնորդական գործընթացներում, ի սկզբանե մերժվում է: Կարող ենք փաստել, որ այդ երկրների վերջին շրջանի ակտիվությունը փաստորեն ոչնչի չհանգեցրեց: Իսկ ամեն տեսակի խոսակցությունները Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխման հնարավորության մասին դառնում են անիմաստ:
Եվ վերջապես վերջին կետում ասվում է, որ կողմերը «կարեւոր են համարում նպաստել կարգավորման գործընթացի համատեքստում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված պայմանների ստեղծմանը», այս կետը թերեւս դեկլարատիվ բնույթ է կրում, որը հարկավոր էր հռչակագրին գեղեցիկ վերջաբան տալու համար:
Սակայն հիմնական հարցը, որին պետք է պատասխանել, սա է` ինչո՞ւ էր հարկավոր այս հռչակագրի կնքումը: Կարծում եմՙ առաջին հերթին այն անհրաժեշտ է համանախագահող երկրներին, որոնք ընդգծված դժկամությամբ էին հետեւում այլ երկրների փորձերինՙ խառնվելու տարածաշրջանի զարգացումների վրա արմատական ազդեցություն ունեցող այս հակամարտության լուծման գործընթացին: Երկրորդՙ սա հարկավոր էր Ռուսաստանին, որը մեկ անգամ եւս փաստում է, որ առանց իրեն տարածաշրջանում ոչ մի հարց չի լուծվում եւ հետեւաբար հարցի լուծման համար կարեւորագույն վայրը ոչ թե Վաշինգտոնն է կամ Փարիզը, այլ Մոսկվան: Այսինքն, Հարավային Կովկասում իր դիրքերը ամրապնդող Ռուսաստանին հարկավոր էր իր հզորացման մասին մի հայտարարություն եւս եւ Մեյենդորֆյան հռչակագիրն այս առումով փայլուն PR ակցիա էր նրա համար, հատկապես վրացական հակամարտության ֆոնի վրա:
Այսուհանդերձ, հռչակագրի ընդունումը հայտարարել որպես այս կամ այն կողմի դիվանագիտական հաղթանակ կամ պարտություն, իսկ այդպիսի փորձերի մասին մենք դեռ բազմիցս կլսենք, սխալ կլինի, քանի որ պարզ է, որ սկսվում է բանակցությունների մի նոր շրջան, որտեղ իրենց դիրքերն ամրապնդող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մատնանշում են գործընթացի նոր սկիզբը: Այսինքն, հետագա խոսակցություններն այս ձեւաչափի փոփոխման մասին դառնում են անիմաստ, իսկ հակամարտող կողմերն իրենց ջանքերն ուղղում են միայն այս` Մինսկի խմբի ձեւաչափի սահմաններում խնդրի լուծմանը: Պարզ է նաեւ, որ Ռուսաստանի նախագահի ներկայությամբ կնքված հռչակագիրը նրան հնարավորություն է տալու էլ ավելի ակտիվ կերպով ներքաշվելու այս գործընթացի մեջ, միաժամանակ Ադրբեջանին զրկելով, գոնե մոտ ապագայի համատեքստում, հարցի ռազմական լուծման մասին խոսելուց: Իսկ թե նախագահներն ի՞նչ պայմանավորվածությունների են եկել այս հռչակագրից դուրս, սա թերեւս այն հարցն է, որն իսկապես արժեք ունի եւ որի մասին պարզ կլինի միայն որոշ ժամանակ անց: