«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԿԻԶԲ, ԹԵԵՎ...»

«Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագիրը կարեւոր է այն առումով, որ բացի լավագույն ցանկություններից, տրվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկնարկը», երեկ «Դե ֆակտո» ակումբում կարծիք հայտնեց Հայ լիբերալ կուսակցության հիմնադիրնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ` նշելով, սակայն, որ այն իր համար ընդունելի չէր, քանի որ երեք նախագահների կողքին չկար Ղարաբաղի նախագահի ստորագրությունը:

Նա չցանկացավ միանգամից քննադատել Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման արդյունքները, սակայն, ըստ նրա, մի բան հստակ է, որ Ալիեւը չէր նստի բանակցությունների սեղանի շուրջը, եթե համոզված չլիներ, որ դրանք բխում են առավելապես Ադրբեջանի շահերից:

«Միակ ընդունելի տարբերակն այն է, որ փաստաթղթում ինչ-որ ձեւով ֆիքսվեց, որ հակամարտությունը կարգավորվելու է Մինսկի խմբի շրջանակներում, որը չի նշանակում, որ, ենթադրենք, ՄԱԿ-ը իրավունք չի ունենալու զբաղվել ղարաբաղյան խնդրով», նշեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի մատուցմամբ` փաստաթղթի անընդունելի կետերից մեկն էլ մադրիդյան սկզբունքների ֆիքսումն է, որից անտեղյակ է հասարակությունը:

«Ֆիքսվել են հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքները, որոնք գիտեն միայն մի քանի մարդիկ, նաեւ այն, որ խնդիրը ստանալու է փուլային լուծում», ասուլիսում ասաց նա: Ըստ նրա, այս հռչակագիրը բացառում է Մինսկի խմբի ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացին:

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի ակտիվացումն այս հարցում, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց, որ նա պետք է ցույց տա, ապացուցի աշխարհին, որ այս տարածաշրջանում դոմինանտ, կարգավորող երկիր է:

Ոչ լավատես Հ. Հովհաննիսյանի կարծիքով, հակամարտության կարգավորման սկիզբը դրված է եւ երկար ժամանակ չի պահանջվի:

Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4