Մեյենդորֆյան հանդիպումն ու ընդունված հռչակագիրը, ճիշտ է, առանձնապես նոր ոչինչ չէր պարունակում, բայց, այնուամենայնիվ, սառը ջրի մի բաժակ էր մեր քաղաքական դաշտի այն հատվածի եռացող կաթսայի վրա, որ սկսել էր անվերջ խոսել ղարաբաղյան հարցի աննպաստ զարգացումներից, Ղարաբաղ հանձնելուց. հիմա խեղճերը էլի նույն անվիճարկելի տոնով փորձելո՞ւ են, տեսնես, խոսել, թե իշխանությունը ծախում է Ղարաբաղը, որ միայն ու միայն իրենք են ընդունակ իշխանության գալով հայանպաստ լուծում ապահովելու: Էլ չասած, որ Հայաստանում ներկա դիվանագիտական ազդեցիկ շրջանակներից վերջերս միտք էր հնչել, թե առավել կարեւորը Թուրքիայի հետ սահմանները բացելն է, իսկ Ղարաբաղի հարցը դեռ երկար ժամանակ կարող է այսպես չլուծված էլ մնալ: Ի՞նչ է դուրս գալիս, որ երբ մեր քաղաքականներն աղմկում էին, թե Ղարաբաղի հարցի լուծումը մոտ է, անգամ այդ առթիվ կամ պատճառով հանրահավաք էին դադարեցնում, թե` էս է, ոչ հայանպաստ լուծում է լինելու կամ պատերազմ, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները ստորագրում են մի հռչակագիր, որի 5 կետերի վերլուծությունն ասում է այն մասին, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը մոտակա հորիզոնների գծում չի երեւում:
Դատելով ընդունված հռչակագրի վերաբերյալ առաջին արձագանքներից` հայ քաղաքական գործիչները չափավոր դրական վերաբերմունք են արձանագրում` հանդեպ այս նոր գրավոր փաստաթղթի, որը Հայաստանի կողմից բազմիցս առաջադրված մի քանի սկզբունքի գրավոր վավերագրումն է, բայց նաեւ ինչ-ինչ լուսանցքներ ունի նաեւ թաքնված վտանգների համար: Մի շարք խնդիրներ այս հռչակագիրն, այնուամենայնիվ, լուծում է` առաջին անգամ փաստաթղթի տեսք տալով բազում անգամներ տարբեր բանավոր հանդիպումների ժամանակ երկրորդված սկզբունքներին:
Հայ խորհրդարանականներից Արամ Սաֆարյանը եւ էլի ուրիշներ երեք կարեւոր պահ են արձանագրում հռչակագրի 5 կետերում. առաջին` բանակցությունները շարունակվում են Մինսկի խմբի շրջանակներում, սա այն է, ինչ մենք երկար տարիներ ասել ենք, թեեւ Ադրբեջանն ուրիշ ատյաններ էր փորձում հարցը տեղափոխել: Ադրբեջանը կարող է էլի փորձել դա, սակայն հռչակագրով ընդունել է, որ հարցը եթե լուծվի` լուծվելու է Մինսկի խմբում, ուրիշ ոչ մի տեղ: Երկրորդ` կրկին ամրագրվել է, որ զենքի ուժով այս հարցը լուծում չունի: Ռուսաստանը, փաստորեն, այս փաստաթղթով գալիս է ասելու, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը կօգտագործի, որպեսզի զենքի ուժով հարցը չլուծվի: Սա մասամբ երաշխիք կարող է լինել, որ պատերազմի հավանականությունը նվազի: Իսկ եթե այսպիսի փաստաթղթեր ընդունվեն նաեւ ֆրանսիացի, ամերիկացի համանախագահողների կամ նրանց երկրների պատասխանատուների միջնորդությամբ, ինչը շատ հավանական է մոտակայում, ապա Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները հազիվ թե որեւէ լուրջ սպառնալիք պարունակեն եւ բացառապես կշարունակեն ներքին օգտագործման խնդիր լուծել, ինչպես, ի դեպ, մինչեւ այժմ: Հռչակագրի կարեւոր պահն, այդպիսով, բանակցությունների շարունակականության ընդգծումն է, եւ որ` Ռուսաստանը կօգտագործի իր հեղինակությունը, որպեսզի մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակեն եւ չընդհատվեն: Անցյալ 15 տարվա ընթացքում եղել են դեպքեր, երբ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ ունեցել են տարաձայնություններ, եւ դրա պատճառով բանակցային գործընթացը բարդացել է, բայց Ա. Սաֆարյանն ասում է, որ հիմա եթե երեք համանախագահներն էլ ընդունում են, որ մադրիդյան սկզբունքները լավ սկզբունքներ են իրար հետ խոսելու համար, փաստաթղթին արդեն եւ հետագային` անցյալ տարաձայնությունները չպետք է վերաբերեն: Մեթյու Բրայզան արդեն, օրինակ, ընդունել է, որ հռչակագրի ստորագրումը շատ կարեւոր քայլ է ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ:
Դրական է, բայց արտակարգ լավատեսություն չպետք է ունենալ, ասում են մեր քաղաքական գործիչներից շատերը: ՀՅԴ-ից Արտյուշա Շահբազյանի համար սկզբունքորեն անընդունելի է փուլային լուծումը, կարեւոր են կարգավիճակի, անվտանգության երաշխիքների խնդիրները, այսինքնՙ չի կարելի նման հարցերը թողնել ինչ-որ փուլերի: Նա էլ է կարծում, որ այս համաձայնագրով հայերիս համար կարեւոր երեք սկզբունքներ, որ հայկական կողմը միշտ պնդել է` լուծման խաղաղ ճանապարհ, Մինսկի խմբի շրջանակ, նոր միջնորդների բացառում եւ մադրիդյան սկզբունքների շրջանակ, ամրագրվում են. «Ընդհանուր առմամբ մենք դրանց համաձայն ենք. ընդհանուր առմամբ, որովհետեւ, երբ որ կբացվեն մադրիդյան սկզբունքները, կտեսնենք` մենք, նաեւ հայ հասարակությունը դրանց համաձայն կլինի՞, թե ոչ», ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը:
Բայց, օրինակ, ղարաբաղցի քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարովը, հռչակագրի մի շարք դրական կողմերն առանձնացնելով, երեկ «Պանորամա» ինտերնետային թերթին ասել է, թե հակամարտության գիծն Արցախի եւ Ադրբեջանի սահմանն է, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, այդ իմաստով Արցախի ստորագրությունը եւս պետք է դրվեր այդ փաստաթղթի տակ»:
Ժամանակը ցույց կտա, թե այս հռչակագրի ստորագրումով, իրոք, կարեւորվո՞ւմ է Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման հարցում, թե՞ մյուս համանախագահող երկրները նրան դեռ շրջանակի մեջ կդնեն: Ամեն դեպքում նախաձեռնությունը չի կարող հետ զարգանալ, իսկ մյուս համանախագահող երկրներին մնում է իրենց աջակցությամբ համանման փաստաթղթերի ընդունում նախաձեռնել:
Բոլոր դեպքերում` գոնե մի բան հստակ է, ղարաբաղյան խնդրի շատ արագ լուծում հազիվ թե տեղի ունենա, համենայն դեպս Ռուսաստանի կողմից մկանների այս ցուցադրումը դրա նախանշանների մասին է վկայում, իսկ փարիզյան եւ բրյուսելյան հանդիպումներից հետո պատկերն առավել կամբողջանա` առավել խորքային վերլուծությունների հիմք տալով:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ