«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


Ո՞ՒՐ Է ՆԵՐՔԱՇՈՒՄ ՄԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՁԵՌՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՎ Է ՆԱ

Մարտի 3-ին Մուշեղ Սաղաթելյանին ներկայացված ծավալուն մեղադրանքից ավելի ուշ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը որոշ մեղադրանքներ հանել է, քանի որ նախաքննությամբ պարզված որոշ հանգամանքներ վերացրել են դրանց մի մասը: Դատական գործընթացներին մասնակցելու եւ կալանավայրում Մ. Սաղաթելյանի հետ հանդիպումների արդյունքում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում արտախորհրդարանական ուժերին ներկայացնող Արամ Հարությունյանը իր նկատառումները ներկայացրեց ԺՀ նիստում: Մ. Սաղաթելյանը դատարանում, մինչ այդ էլ ԺՀ անդամների հետ հանդիպման ընթացքում ժխտել է, որ բռնություն է կիրառել ոստիկանի հանդեպ. գործի հակասությունների մասին խոսելիս ասվեց, որ 3 ոստիկանները, որ ցուցմունք են տվել բերման ենթարկելու հետ կապված, տառացիորեն նույնն են կրկնել: Ցուցմունքը հավաքված է համակարգչով, ֆենոմենալ հիշողություն պետք է ունենալ` անգամ պայմանավորվելու դեպքում նման ցուցմունք տալու համար, ասում է Ա. Հարությունյանը, իսկ դատական նիստի ժամանակ վկաներից Ռշտունին շատ հարցերի պատասխանել է «Չեմ հիշում» տարբերակով, օրինակ, չի հիշել` ի՞ր ձեռքով է գրել ցուցմունքը, թե ոչ, դատարանում ասածն էլ հակասել է նրա նախնական ցուցմունքներին: Տուժող Արսեն Արշակյանն էլ հայտնվել է օգոստոսի 5-ին, մինչ այդ նրա եւ Մ. Սաղաթելյանի միջեւ առերեսում չի արվել, բացի այդ էլ` Մ. Սաղաթելյանի պնդմամբ, այն ոստիկանը, որի ներկայությամբ իրեն բռնության են ենթարկել, հետագայում դարձել է նախաքննության անդամ:

Այս բոլորն էմոցիոնալ շեշտադրումներով ներկայացնող Ա. Հարությունյանը եզրակացրեց` կարծես թե մի անտեսանելի ձեռք Հայաստանը փորձում է ներքաշել ոչ բարենպաստ վիճակի մեջ, ինչ-որ մարդիկ ցանկանում են անել այնպես, որ բոլոր դատական գործընթացների ոչ արդար դատավճիռները մյուս ատյաններում չուղղվեն, իսկ Եվրոպական դատարանում դա ի վնաս Հայաստանի լինի: Ապա ավելացրեց, թե հանձնաժողովի, նաեւ` հասարակության խնդիրն է, որ ամեն ինչ կատարվի օրենքի սահմաններում, եւ թույնի մթնոլորտն ավելի չխորանա: Ո՞վ է ուզում, որ նման մարդիկ դատապարտվեն... Այս հարցադրումներն անող հանձնաժողովականի միտքը լրագրողներս այնքան էլ չհասկացանք. իսկապես, ո՞վ է ուզում Հայաստանը ներքաշել ոչ բարենպաստ վիճակի մեջ եւ արդյոք ժամանակավոր հանձնաժողո՞վն է այդ խնդիրը լուծելու: Բայց համաձայն ենք ճշմարտացի տեղեկություն տալու եւ խնդիրները չշահարկելու մասով, ինչպես Ա. Հարությունյանն էր ասում. «Տվեք էն, ինչ-որ էստեղ լսում եք, մի մեկնաբանեք, որովհետեւ էն մարդիկ որ զոհերի ցավի վրա կփորձեն խաղալ` էդ զոհերը ընդդիմության եւ իշխանության զոհերը չեն, բոլորի զոհերն են: Պիտի փակենք էդ էջը, փակելու լավագույն ճանապարհն իսկական տեղեկություն տալն է, իրոք հանձնաժողովը մեծ գործ է անում, նպաստեք, որ ամեն ինչ նկարագրվի. ով ծեծել է քաղաքացուն, նա Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ է ծեծել, այսօր էլ է ծեծում, վաղն էլ կծեծի` նույն մարդիկ են եւ պետք է պատժվեն. ե՛ւ էն մարդիկ, որ ոստիկանի վրա են ձեռք բարձրացրել, ե՛ւ ոստիկանը: Բոլորիս խնդիրը մեկն է, որ էդ էջը պիտի փակվի, ցավի վրա միայն սադիստներն ու մազոխիստներն են խաղում եւ հաճույք ստանում»: ԺՀ փորձագետներից մեկն էլ նետեց. «Ճիշտ է, առաջ Սաղաթելյանն էր ծեծում, հիմա իրեն են ծեծում»:

Իսկ երեկ մարտի 1-2-ի դեպքերը քննող ԺՀ-ի նիստին պետք է մասնակցեր փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը, սակայն ԺՀ նախագահ Սամվել Նիկոյանը հայտնեց, թե նա առողջական խնդիրներ է ունեցել եւ կներկայանա հաջորդ նիստին ու պարզաբանումներ կտա հանձնաժողովականներին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4