«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Նոյեմբերի 2-ը եւս մեկ հաղթանակ ավելացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հաղթանակներին: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ԲՀԿ կուսակցությունից առաջադրված Աղասի Հակոբջանյանը բացարձակ հաղթանակ տարավ Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Տիգրան Պողոսյանի նկատմամբ: ԲՀԿ-ն հաղթեց այն կուսակցությանը, որի թեկնածուի դիմում-բողոքով դատարանն անվավեր էր ճանաչել Սիսիանում հոկտեմբերին կայացած քաղաքապետի ընտրությունները: Ու եթե հոկտեմբերին թեկնածուների ձայների տարբերությունը զգալի չէր, չնայած Աղասի Հակոբջանյանը հաղթել է ազատ եւ արդար ընտրություններով, այս անգամ տանելով բացարձակ հաղթանակ, «Բարգավաճ Հայաստանն» ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանն ապացուցեցին, որ ուժեղը եւ արդարը հաղթում է միշտ: Եվ չնայած դեռ մինչեւ ընտրությունները Դաշնակցության թեկնածուն իր կուսակիցներով հայտարարում էր, որ նոյեմբերի 2-ին իրենք ձայների գերակշիռ առավելությամբ հաղթելու են ԲՀԿ ներկայացուցչին, սակայն կիրակնօրյա ընտրությունները, որոնք, ի դեպ, նաեւ ամբողջ ընտրական օրը Սիսիանում գտնվող ԿԸՀ ներկայացուցիչների գնահատմամբ` անցել են առանց միջադեպերի եւ խախտումների, հերթական անգամ հաստատեցին, որ ամպագոռգոռ հայտարարությունները հաստատ ընտրական լավագույն տեխնոլոգիան չեն:

Իսկ Սիսիանում հաղթեց ընտրողի ազատ կամարտահայտությունը, հաղթեցին իրատեսական ծրագիրն ու այն հաստատ համոզումը, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը միշտ իր խոսքի տերն է եւ մշտապես թիկունք է լինելու Սիսիանին, որովհետեւ յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր քաղաքի բարգավաճումից է կախված մեր հայրենիքի բարգավաճումը:

Եվ այսպես, «Բարգավաճ Հայաստանի» հաղթարշավը ՏԻՄ ընտրություններում շարունակվում է, ու նոյեմբերի 2-ին Սիսիանում տեղի ունեցած վերաքվեարկությունը կրկին վերահաստատեց, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած կուսակցությունը երկրի քաղաքական դաշտի կարեւոր խաղացողն են, որին վստահում է ժողովուրդը, որի հետ հույսեր է կապում մեր երկրի քաղաքացին: Ու ինչպես ընտրության օրը Սիսիանում ասաց ընտրատեղամասից դուրս եկող տարեց տղամարդըՙ «Ես քվեարկել եմ Գագիկ Ծառուկյանի օգտին, ես քվեարկել եմ բարգավաճ Սիսիանի օգտին»:

ԱՐՄԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4