«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կյանքից հեռացավ մեր կերպարվեստի փայլուն դեմքերից մեկը, իր մահկանացուն կնքեց տաղանդավոր գեղանկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը, եւ հայ նկարչության ներկապնակը նկատելիորեն խամրեց...

Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել էր վարպետների ու տաղանդավոր մարդկանց քաղաքումՙ Ալեքսանդրապոլ-Լենինականում 1927-ին: Նկարչական լավ կրթություն էր ստացել. ծննդավայրումՙ Մերկուրովի անվան դպրոց, Երեւանումՙ Թերլեմեզյանի անվան ուսումնարան եւ գեղարվեստի ինստիտուտ, երկու տարի Լենինգրադի Ռեպինի անվան ինստիտուտ, հետոՙ նորից Երեւան, նորիցՙ գեղարվեստի ինստիտուտ...

Ալեքսանդր Գրիգորյանն ապրել էր իր սերնդի մանկությանն ու պատանեկությանը բաժին ընկած բոլոր դառնություններն ու զրկանքները, կարողացել էր հաղթահարել երիտասարդության բոլոր դժվարությունները եւ պատվով դուրս գալ սովետական երկրում արվեստի մարդուն վերապահված ծանր փորձություններից: Արվեստագետի իր ձիրքը նա դրսեւորել էր դեռեւս վաղ տարիքում եւ կարողացավ հետագա ստեղծագործական կյանքում խորացնել ու հարստացնել բնության պարգեւածը, ունենալ ճանաչելի սեփական ձեռագիր եւ, ինչը մեծագույն նվաճում է, նաեւ սեփական ոճ: Բնությունը շռայլորեն օժտել էր նրան, բայց ինքն անփույթ գտնվեց իր տաղանդի հանդեպ: Նա կարող էր լինել շատ ավելին, քան եղավ: Բայց ինչին որ նա հասավ, ինքնին արժեքավոր է ու մնայուն: Իր արվեստը, բանաստեղծի խոսքով ասած, թեթեւ էրՙ խնդում, եւ դիտողին էր պարզում նկարչի հարուստ ու մաքուր ներաշխարհը, որ լի էր կյանքի ու մարդկանց հանդեպ անափ ու անանց սիրով: Ալեքսանդր Գրիգորյանի պատկերած աշխարհըՙ մարդիկ, բնությունըՙ տուն, քար, ծառ, այգի, լեռ ու դաշտ, երկինք ու երկիր, ողողված է լույսով ու արեւով, ուրախությամբ, խնդությամբ, կյանքի ու ապրելու հրճվանքով: Իր նկարչության մեջ մութ ստվերներ չկան. իր պատկերած ստվերները շաղախված են լույսով: Ալեքսանդր Գրիգորյանի նկարչական աշխարհը «բնակեցված» է գեղեցիկ մարդկանցով. նկարիչը սիրում էր իր բնորդներին, հայկական թախիծով լեցուն, խոշոր, նշաձեւ սեւ աչքերով ճանաչելի մարդկանց: Իր բոլոր բնորդները գեղեցիկ են, որովհետեւ նկարիչը պարզապես սիրում էր մարդկանց:

Ալեքսանդր Գրիգորյանի աշխարհը գեղեցիկ երկրի ու գեղեցիկ մարդկանց գունագեղ աշխարհ է, ուր կյանքը տոն է, ցնծություն, լի հեթանոսական արբշիռ հրճվանքով:

Նրա բնանկարները, որոնց մասին մի օր բարձր գովեստի գրավոր խոսք է ասել Մարտիրոս Սարյանը, կոչելով դրանք «հայկականՙ ազգային», Հայաստանի բնության իմաստավոր ու ներբողական փառաբանումներ, որոնք հասնում են ոգեկան գեղեցկության պատկերումներին:

Նկարիչն իր արվեստով նաեւ իր դարաշրջանի ժամանակագիրն էր: Նրա դիմանկարների պատկերասրահը չափազանց հարուստ է, եւ այս առումով իր ժամանակակիցներից ոչ ոք չի կարող համեմատվել նրա հետ: Ալեքսանդր Գրիգորյանը նկարել է ոչ միայն երեւելի անձնավորությունների, այլեւ գրականության եւ արվեստի աշխարհի պարզ մարդկանցՙ ստեղծելով դիմանկարների իրոք փառահեղ մի աշխարհ: Գեղանկարչորեն հոյակապ կերպարներ կան այդ պատկերասրահում:

Ալեքսանդր Գրիգորյանը մեծապես կապված էր գրականությանը, հրաշալի գիտեր հայ գրականությունը, խոր նրբությամբ զգում էր բարձր գրականության հմայքն ու գեղեցկությունը, եւ ինքն էլ բանաստեղծություններ էր գրում, երբեմնՙ պարզ, երբեմնՙ ոճավոր ու նկարչագեղ.

Քուչակը նստել է ծառի տակ,

Հագինՙ շալ, ու կոճակն է ոսկի.

Աչքը գցել է սիրունին,

Երգ կասե, ու բերանն է ոսկի.

Սիրունը կանգնել է արեւին,

Ծոցըՙ բաց, ու մազն է ոսկի.

Քուչակի սիրտը կարյունե նռան պես,

Ու աչքի արյուն-արցունքն է ոսկի...

Հրաշալի նկարազարդող էր Ալեքսանդր Գրիգորյանը, մանավանդ հայկական հեքիաթների, մանկական գրականության եւ հայ բնաշխարհը պատմող գրքերի: «Պիոներ» ամսագրում տարիների իր աշխատանքը հազարավոր երեխաների ու պատանիների ճաշակ է ձեւավորել ու կրթել: Կարծում եմ, դա «Պիոներ» ամսագրի լավագույն ժամանակն էր:

Կյանքից հեռացավ լուսավոր, պայծառ, կենսական աշխույժով լի մի անձնավորություն, մեր ազնիվ ընկերն ու բարեկամը, իր երկրի արժանավոր քաղաքացին: Ես նրան ճանաչում էի վաղուց, եւ մեզ կապում էր տասնյակ տարիների մարդկային ջերմ բարեկամությունն ու ընկերությունը: Վստահորեն կարող եմ ասել, որ նա մեր ժամանակը դասական հայերի, դասական մտավորականության ժամանակներին կապող արժանավոր վերջին օղակներից մեկն էր:

Ալեքսանդր Գրիգորյանը հրաժեշտ տվեց կյանքինՙ թողնելով իր գեղեցիկ հոգու եւ ներաշխարհի շռայլ հարստությունըՙ գունագեղ ու երփներանգ մի աշխարհ, որ միշտ հրճվանք է պարգեւելու մարդկանց եւ գալիք սերունդներին: Սերունդներին կհասնի ու կմնա այն, ինչ ինքն իր անմնացորդ ապրած կյանքում ամեն օր շռայլորեն ընծայել է յուրաքանչյուրին ու բոլորին...

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4