«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2008-10-31 | #202, 2008-11-01 | #203, 2008-11-04


ԱՐՎԱԾԸ ՉԱՐԺԵԶՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ

«Ճանաչեք Հայաստանի հուշարձանները» բազմահեղինակ ծրագիր է եւ մեկնարկել է այս տարի հունիսի 8-ին: Այդ օրվանից պատմամշակութային արժեք ներկայացնող մի քանի հնավայրերում ու համալիրներում տեղադրվել են տեղեկատվական-բացատրական վահանակներ եւ ճանապարհային ուղեցույցներ: Այսուհետեւ Գառնու տաճարի համալիր, Գյումրիի պատմական կենտրոն, Զվարթնոցի համալիր, Նորավանքի կիրճ ու վանական համալիր այցելողները տեղեկատվական բազմալեզու վահանակներից կարող են տեղեկանալ վայրի եւ շինությունների պատմությանը:

Նշյալ ծրագրի առաջին փուլի ավարտը օրերս Խոր Վիրապի վանական համալիրում տեղի ունեցավ: Այս հնավայրի այցելուներին դժվար չի լինի տեղեկանալ Արտաշատի, Խոր Վիրապի մահապարտների բանտում Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների, Հայաստանում քրիստոնեության տարածման նրա ջանքերի պատմությանը: Արտաշատի պատմութան հարստությունն, ի դեպ, մերօրյա պեղումներով հայտնաբերված հնագիտական նյութով էլ է լրացվում: Իսկ վերջին գտածոների շարքում առավել արժեքավորներն են առաջին դարի խճանկարը եւ Վիկտորյա աստվածուհու արձանի թեւերը:

Ծրագրի իրականացումը բոլոր հնավայրերում էլ ուղեկցվել է մշակութային միջոցառումներով ու բազում հյուրերի ներկայությամբ: Նույնկերպ ընթացավ նաեւ Խոր Վիրապում եւ Հին Արտաշատի պեղումների վայրում տեղադրված վահանակների շնորհանդեսը: «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ճանաչեք Հայաստանի հուշարձանները» ծրագիրն ի սկզբանե իրականացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի եւ USAID/CAPS-ի հովանավորությամբ ու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հովանավորությունն ապահովվում է «Մշակութային արժեքների եւ մշակույթի պահպանությունը բոլորի պարտքն է» սկզբունքով ու շեշտվում ծրագրի երկարաժամկետությունը:

Հաջորդ փուլում նախատեսվում է Հայաստանի հնավայրերում ոչ միայն տեղեկատվական-բացատրական վահանակների տեղադրումը շարունակել, այլեւ պատրաստել ու հրատարակել բազմալեզու ուղեցույցներ, ստեղծել մուլտիմեդիա տեսանյութ, հայկական հուշարձանների մասին ինտերնետային տվյալների բազա եւ կայք: Այս ամենը «Ճանաչենք Հայաստանի հուշարձանները» ծրագրի անելիքների շարքում է, իսկ արդեն արվածը, հաստատապես, շնորհակալ գործ է, սակայն ուղեկցվում է արվածին ոչ համադրելի PR-ի այնպիսի չափով, որը նմանում է ավելորդ ուռճացման: Վերջինը թերեւս անհարկի է, հատկապես եթե նկատի առնենք գլխավոր հովանավորիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բարեգործական ու մշակութային ծրագրերի ծավալն ու բովանդակությունը, որ անվիճելիորեն հարգանքի արժանի է:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4